Հասարակություն

Ախալքալաքի շրջանից շատերը չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և սկսել են հողագործությամբ զբաղվել

Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկեղենի ցանքը հետաձգվել է ցուրտ գարնան պատճառով. եթե ամեն տարի այս ժամանակ հացահատիկեղենի ցանքն արդեն ավարտված էր, ապա այս տարի կան գյուղեր, որտեղ դեռ չեն էլ սկսել: Նաև այս տարի մունիցիպալիտետում սովորականից ավելի շատ մարդիկ սկսել են հող մշակել, քանի որ շատերը չեն կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Այս մասին գրում է Jnews կայքը։ 

Կավելանա՞ն հացահատիկի ցանքատարածությունները մունիցիպալիտետում, թե՞ ոչ, դեռևս դժվար է ասել, թեև այս տարի դաշտերը մշակող մարդկանց քանակը շատացել է, բայց ցանքատարածությունների վերաբերյալ տվյալներ չկան:

Խոշոր ֆերմերներից մեկն ասել է, որ այս տարի նա ընդլայնել է գարու դաշտերը, իսկ եթե նա իմանար, որ այսպես կլինի, աշնանն ավելի շատ ցորեն կցաներ:

«Ես քչացրել եմ կարտոֆիլի դաշտերը, բայց լավացրել եմ որակը, տնկել եմ նոր լավ սերմեր: Ես նաև ցորեն ու գարի եմ ցանել: Աշխատանքներն արդեն ավարտել եմ», – ասել է նա:

Ֆերմերը նաև ավելացրել է, որ այս տարածաշրջանը գյուղատնտեսական մթերքների կարիք չի ունենա, համենայն դեպս գոնե այստեղ աճեցվող մթերքների։ Նա նաև ասել է, որ մարդկանց կարիք չկա անհանգստանալու՝ «մեր մոտ սով չի լինի»:

Ախալքալաքի շրջանում կան գյուղեր, որտեղ դեռ չեն ավարտել սերմնացանը, քաղաքից հեռու գտնվող, բարձրադիր գյուղերում նույնիսկ չեն էլ սկսել:

Արման Հարությունյանը Ղադո գյուղից է: Այս տարի նա ավելի շատ գարի է ցանել, թեպետ դեռ չի ավարտել: Նրա խոսքերով, եղանակային պայմանները խանգարեցին, սակայն մոտ օրերս նա կավարտի:

«Այս տարի ես 30 հա գարի եմ ցանել, անցյալ տարի ցանել էի 25 հա: Մեր գյուղացիները շատ քիչ հող ունեն, ամբողջ հողը մշակվում է: Միայն մի քանի հոգի, խոշոր հողագործները հողատարածք են վարձում այլ վայրերում: Այս տարի երիտասարդները չկարողացան գնալ արտագնա աշխատանքի և դա է պատճառը, որ բոլորը սկսեցին հողագործությամբ զբաղվել, հող մշակել », – ասել է Ղադո գյուղից Արման Հարությունյանը:

Back to top button