Ծովահայեր

Կարիբյան ծովում ապրող ծովահայը. «Ծովահայեր»

«Ծովահայեր»-ի տաղավարից այսօր ուղիղ կապ ենք հաստատել Կարիբյան ծովում իր նավի վրա ապրող մեր ծովահայի` Արվին Հաղնազարյանի հետ:

Արվինը Հայաստան էր գալու ապրիլի կեսին, տոմսերը գնել էր, պատրաստվել, մենք էլ «Ծովահայեր»-ի տաղավարում էինք պատրաստվում Արվինին հյուրընկալել, բայց աշխարհում արտակարգ դրությունն ու փակ սահմանները դրդեցին հեռավար զրույցի:

Երկար տարիներ Կարիբյան ջրերում նավարկող Արվին Հաղնազարյանը 2017 թ.-ին իր տունն առաջին անգամ կարճ ժամանակով խարսխում ու Հայաստան է գալիս՝ հայկական անձնագիր ունենալու երազանքով։ 2019 թ.-ին արդեն գալիս է ավստրալացի ընկերուհու հետ՝ իր  պապերի հայրենիքում տուն ու այգի գնելու հեռանկարով։

Իրանից մինչև Կարիբյան ջրեր՝  մոտ 20 տարի դեգերումներով լի ճանապարհ: Հիշում է՝ 18 տարեկանում անձնագիր ստացավ և մեկընդմիշտ հեռացավ երազանքի հետևից: Առաջին կանգառը Բրազիլիան էր՝ առանց օգնության, լեզվի իմացության և անորոշության մեջ։ Սան Պաուլոյի մետրոյի կայարանում փորձում էր գտնել հետաքրքիր անուն ու գնալ այդ ուղղությամբ։

Այնուհետև 16 տարի շրջել է Հարավային Ամերիկայում, ինչպես և երազել էր՝ անցել մայաների քաղաքակրթության օրրանով, հասել Պանամա։

Իրանից 1000 դոլարով է դուրս եկել, իր գործած թևնոցներն ու ականջօղերը վաճառելով՝ սնունդն է ապահովել, տևական ժամանակ քնել բաց երկնքի տակ։

Արվինն իր նոր պլանները կազմել է Կարիբյան կղզիներում առագաստանավ տեսնելուց հետո։

«Առաջին անգամ էր, որ տեսա առգաստանավ: Ինձ ասացին, որ քամիով է առաջ գնում, կարող ես մեջը քնել ու ապրել, և դա ինձ համար շատ հիանալի մի բան էր», — ասում է Արվինը։

Առագաստանավի գումար աշխատելու համար մի էկզոտիկ տուրիստական ընկերությունում աշխատել է որպես կոկորդիլոսներ ցուցադրող։

«Բայց շատ հետաքրքիր ու լավ գործ էր», — հիշում է Արվինը:

Վերջապես, էժան գնով ջարդված առագաստանավ է ձեռք բերել, նորոգել և դուրս եկել բաց ծով։

«Բրազիլիայի հյուսիսային մասում եմ գնել նավը,  ու առաջին 14 օրը ծովի վրա եմ անցկացրել: Շատ հետաքրքիր էր, որովհետև չգիտեի՝ ինչ պետք է անեի, միայն գիտեի, որ քամի եղավ, առագաստը բացես՝ կտանի,  դրանից ավել ոչինչ չգիտեի», — ասում է  Արվինը:

Հետո՝ կարիբյան ջրերում ճոճվող և համընթաց քամիներ որսացող առագաստանավը տարիներ շարունակ  դարձել է Արվինի տունը՝ հայկական դրոշով։

Նավի իր առաջին ընկերը սև կատուն էր: Տխրությամբ է հիշում, որ գիշերը ալիքները տարան։ Հետո նորն է գալիս, ու Արվինն իր երկրորդ կատվին պրոֆեսիոնալ լողորդ է դարձնում։

2019 թ.-ին արդեն Հայաստան գալով՝ իրականացնում է երազանքը: Արվինն Անտառամեջ գյուղում տուն ու մի փոքր այգի է գնում, սակայն մեր երկրի խիստ ձմռանը պատրաստ չէր, վերադառնում է ձմեռելու Կարիբյան ջրերում ճոճվող իր տանը:   

Սահմանները բացվելուն պես Արվինը կվերադառնա Հայաստան, մտադրություն ունի նավը վաճառել, այդ գումարով տրակտոր գնել, որ հող մշակի ու մեկընդմիշտ հաստատվի պապերի երկրում:

Back to top button