

Հայաստանի կողմից սպառնալիքի լեզուն մերժված է. արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կրկին անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։ Իսկ պատգամավորներն այսօր կրկին խոսում էին Լավրովի վերջին հայտարարությունների մասին։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հորդորել է հասկանալ, թե ինչի համար է Լավրովն արել այդ հերթական հայտարարությունը։
ՌԴ-ից հնչող հայտարարությունը նպատակ ուներ քննարկման թեմա դարձնել ղարաբաղյան գործընթացը Հայաստանում ու հայտարարություններն ԱԳ նախարար Լավրովի կողմից արվել են հենց այդ նպատակով, համոզված է «Հանուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Անկախ նրանից, թե ինչ է հայտարարվում, պետք է ունակ լինել հասկանալու խորքերը, մասնավորապես՝ ինչ նպատակ է հետապնդում այս կամ այն ազդեցիկ երկրի արտգործնախարարի հայտարարությունը։
«Ի՞նչ ունեցանք հայտարարությունից հետո։ Բոլորն սկսեցին խոսել, որ մեզ համար փուլային տարբերակն ընդունելի չէ։ Այ հիմա այնքան պետք է ասվի սրա մասին, որ բոլորը հասկանան, որ ինչ էլ ուզում է անեն` փուլային տարբերակը մեզ համար ընդունելի չէ։ Ընդունելի չէ ո’չ Հայաստանում, ո’չ Արցախում։ Այնպես որ, եթե ցանկություն կա որ խնդրին անդրադառնան, ապա պետք է հասկանան, որ պետք է փնտրեն նոր ուղիներ»,- ասում է Պողոսյանը։

Եվ այստեղ կարևոր չէ, թե իրենք ինչ են ասում, կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում և որքանով ենք պատրաստ մեր տեսակետը, մոտեցումն առաջ տանել ուշադրություն է հրավիրում քաղաքագետը։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ստիպված էր ևս մեկ անգամ հստակեցնել հայկական կողմից մոտեցումը՝ սպառնալիքի լեզուն մերժված է, զիջումների հարցը՝ նույնպես։
«Գիտեք, որ մենք միշտ խոսել ենք փոխզիջումների մասին։ Զիջում հնարավոր չէ։ Շատ կարոր է մնալ սառնասիրտ ու հանգիստ։ Մենք կտրականապես ժխտել ենք սպառնալիքի լեզուն»,- ասում է ԱԳ նախարարը։
Ի վերջո փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակն է ընդունելի Հայաստանի համար։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հստակեցում պահանջող հարցին նախարար Մնացականյանի արձագանքը եղավ այն, որ էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները հստակ են:
Բանակցային գործընթացում շատ տարբերակներ են առաջարկվել, շատ սկզբունքներ ներկայացվել, սակայն Թևան Պողոսյանը մի նկատառում է անում՝ «կա ևս մի սկզբունք, որի մասին գուցե շատերը մոռացել են՝ քանի դեռ ամեն ինչ չեն պայմանավորվել՝ ոչինչ պայմանավորված չէ»։

Բանակցային գործընթացն ապահովում է խաղաղ բանակցությունները, քաղաքագետի կարծիքով, որպեսզի սերունդները հանգեն լուծման մի բանաձևի։ Այսօր սակայն քանի դեռ Ադրբեջանը խոսում է ռազմատենչ հռետորաբանությամբ ՀՀ պետք է զարգանա ու հզորանա, նաևառաջ տանի հայկական մոտեցումը՝ ուժեղի դիրքերից։