ԿարևորՀասարակություն

Չգազիֆիկացված համայնքներն ավելի շատ փոխհատուցում կստանան

Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ ծրագիրը։ Այն կոմունալ վճարների փոխհատուցուման երրորդ ծրագիրն է։  Եվս  մեկ նմանատիպ ծրագիր հաստատվել է ընտանեկան նպաստ ստացող  շահառուների համար։  Գումարը բաժանորդներին փոխանցվում է ավտոմատ, որևէ տեղ դիմում գրելու կարիք չկա։  «Ռադիոլուրն» այսօր Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներից պարզել է նաև,  արդյո՞ք  կոմունալ վճարների մասով աջակցություն այնտեղ մարդիկ ստանո՞ւմ են, թե՞ ոչ։

«Ուշադրություն սահմանային գոտի է»․  ցուցանակը հուշում է՝  ձախ  կողմում  Երվանդաշատն է, աջում՝  Բագարանը։

Արմավիրի մարզի  սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչները օրը մի քանի  անգամ ստիպված են քարուքանդ ճանապարհով Արմավիր հասնել։ Մարզկենտրոնից մոտ  40  կմ հեռավորության վրա գտնվող  մոտ  700 բնակիչ ունեցող  սահմանամերձ   համայնքում խնդիրները շատ են։

Հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է, ասում է համայնքի ղեկավար Գևորգ Մարգարյանը

«Ճանապարհ չունենք, գազ չունենք, 40 կմ ենք հեռու մարզկենտրոնից։  Եթե հեռավորությունը կա, մնացած գործողությունները նույնպես դժվարանում են։ Գազ չունենք, քանի որ բնակիչները գումար չունեն։ Խոսքը մոտ 2 մլն դոլարի մասին է, դա ոչ մենք կարող ենք անել, ոչ էլ՝ մարզը»,- ասում է մարգարյանը։ 

Այս համայնքում բնակիչները մինչև հիմա ջուրը աղբյուրից են բերում։ Խմելու ջուր չունեն․ 

«Խմելու ջուր չունենք, չէ չենք գնում։ Գնում ենք աղբյուրից մեքենայով,  դույլով բերում ենք։ Հիմա ծրագիր ենք շահել, 70 տոկոսը կտրամադրի կառավարությունը, 30  տոկոսը համայնքը, խնդիրը տեսնենք ոնց ենք լուծում»,- պատմում է բնակիչներից մեկը։

Բագարանում ամենաշատը հոսանք սպառում է հենց գյուղապետը՝  15  հազար դրամի սահմաններում է։  Փետրվար ամսվա սպառած հոսանքի 50 տոկոսը կփոխհատուցի կառավարությունը։ Սա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ ծրագրի շրջանակներում։  Հանրապետությունում չգազիֆիկացված  310 բնակավայր կա։  Հենց  այս  բնակավայրերի  բնակիչների  սպառած էլեկտրաէներգիայի վարձը 50 տոկոսով կփոխհատուցվի։ Մյուս բաժանորդների սպառած գազի ու հոսանքի   գումարը նույնպես կփոխհատուցվի, բայց արդեն 30 տոկոսը։ 

Այս ծրագրով  նախատեսված է նաև 50 տոկոս փոխհատուցում մինչև  3 հազար դրամ  սպառած ջրի դիմաց։  Գումարները բնակիչ –բաժանորդների հաշվին փոխանցվում են  ավտոմատ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գումարի կարիք չունեցողներին կոչ է անում  օգնել իրենց  շրջապատի կարիքավոր ընտանիքներին․

«Եթե դուք փետրվարին վառել եք 25 հազար դրամի հոսանք, ձեր հաշվին նստելու է 7500 դրամ։ Եթե չունեք այդ գումարի կարիքը, ապա ձեր բակում, ձեր ծանոթների մեջ ով կա, որ ունի այդ գումարի կարիքը, իրենց կոմունալները վճարեք։ Դրանով կստացվի, որ դուք մեզ կօգնեք, որպեսզի կառավարության տրամադրած 4․5 մլրդ դրամով 100 տոկսով փակում ենք այն մարդկանց  կոմունալները, որոնք ռեալ ունեն դրա կարիքը»,- ասում է վարչապետ Փաշինյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից  փոխանցեցին՝  դիմել են մատակարար ընկերություններին՝  բնակիչ-բաժանորդների տվայլները ստանլու համար։ 

«Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Ժենյան,  9 տարի է բնակվում է Ֆրանսիայում՝  Փարիզում։  9  տարվա  մեջ  չի հիշում դեպք,  երբ այսքան երկար տանը փակված լինեին։ Խնդրեցի  պատմել, թե կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման  ինչ աջակցություն են իրենց տրամադրում, մասնավորապես կոմունալ վճարների մասով։ Պարզվեց՝  դեռ նման աջակցություն չկա․

«Լույսի ու գազի մասով աջակցության որևէ ծրագիր չունենք, սակայն, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին պետությունը պետք է 100-150 եվրո գումար վճարի»,- պատմում է Ժենյան։

Ֆրանսիայում  կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 11-ին՝  Հայաստանից 3 օր շուտ։  Հայաստանում արտակարգ դրությունն ուշ  է ավարտվելու, սակայն, կոմունալ  վճարների աջակցության մասով ՝ բարեկամ  Ֆրանսիայից Հայաստանն առաջ է անցել։

Back to top button