ԿարևորՀասարակություն

Համավարակն ու գործազրկության ցուցանիշի աճի կանխատեսումները

Համավարակի անխուսափելի հետևանքներից է գործազրկության ցուցանիշի աճը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։  Որոշ կանխատեսումերով՝ մեր երկրում գործազրկության ցուցանիշը կաճի մինչև 19 տոկոս։ Թիրախում հատկապես փոքր ու միջին բիզնեսն է։ Որքանո՞վ իրավիճակը կմեղմի այսօրվանից կիրառվող սահմանափակումների վերացումը` մասնավորապես սպասարկման ոլորտի ընկերությունների մասով։

Պարետի որոշմաբ` մայիսի 4-ից հանվել են  սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները։ Այսօրվանից կգործեն բացօթյա սրճարանները, գեղեցկության սրահները, սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող  նմանատիպ այլ կազմակերպություններ։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի գնահատմամբ․

«Որոշ չափով դրական փոփոխություններ կլինեն։ Բայց պետք է նաև հասկանանք, որ հիմա մարդիկ ավելի զգուշավոր են և ծախսերը փորձում են անել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների կամ ծառայությունների վրա։ Իսկ ռեստորանների, սրճարանների վրա արվող ծախսերը հնարավորինս քիչ են անելու։ Ակնկալիքների մասով կարծում եմ ՝ ճիշտ է նաև որոշակի ուղերձներ ուղարկել հասարակությանը, որ՝ այո՛, վիճակը վատ է, բայց աղետալի չէ, և բիզնեսի վրա արվող ծախսը նպաստում է բիզնեսի շարունակականությանը»։

Համավարակի կանխմանն ուղղված սահմանափակումներից ամենից շատ տուժել ու շարունակում է տուժել փոքր ու միջին բիզնեսը։ Ռուբեն Օսիպյանի խոսքով, առհասարակ աշխարհում տուժել է հենց այս ոլորտը, քանի որ դաշտում գործող ընկերությունների  ֆինանսական բարձիկները մեծ չեն, որոշ հաշվարկներով դրանք կարող էին դիմանալ առնվազն 30 օր, բայց համավարակը տևեց շատ ավելի երկար, ինչին պատրաստ չէին  ընկերությունները։ Հայաստանում նրանց վիճակը ավելի բարդ է։

«Հայաստանում ՓՄՁ-ները բավականին քիչ ավտոմատացված լուծումներ ունեն, քիչ են նորամուծությունները, և բիզնեսը ինքնին արդյունավետ ու մրցունակ չէ։ Բացահայտում չեմ անի, եթե ասեմ , որ այս ամենը ազդեց հյուրանոցների, հանրային սննդի  ոլորտների վրա, շատ մեծ ազդեցություն ունեցավ տրանսպորտային ոլորտի բիզնեսների վրա, և այս ամենը երկարաժամկետ բնույթ է կրելու»,- նշում է Ռուբեն Օսիպյանը։

Կան ոլորտներ, որոնք շահեցին իրավիճակից ու անգամ տնտեսական աճ արձանագրեցին, դա առևտրի ոլորտն էր, առաքման ու առցանց ծառայություններ իրականացնող  բազմաթիվ ընկերություններն էին, բայց ՓՄՁ-ների մեծ մասը, միեւնույն է, տուժողների ցանկում է։ Պաշտոնական տվյալներով՝ կեցության ու հանրային սննդի ոլորտներում աշխատում է մոտ 25 հազար մարդ։ Փորձագետի գնահատմամբ ՝ իրական ցուցանիշն անհամեմատ ավել է մեծ է։ 

Լուսանկարը՝ Ռուբեն Օսպյանի ֆեյսբուքյան էջի

Դաշտում, դարձյալ  Ռուբեն Օսիպյանի փորձագիտական գնահատականներով, շուրջ 30 տոկոս աշխատատեղերի կորուստ ենք ունենալու։ Իրավիճակից ելքը, ըստ նրա, վերապրոֆիլավորումն է, գործունեության ու մասնագիտական նոր ուղղությունների շուրջ մտածելը։

Համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 %-ով ավելացում՝ դառնալով 19 %, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ. աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր օրերս նման կանխատեսում արել։  Ցուցանիշի վերաբերյալ  «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կանխատեսումները ևս նույն թվերի շրջակայքում են։

Միքայելյանի գնահատմամբ եւս՝ համավարակի հետևանքով ՀՀ-ում տեսականորեն կարող է կրճատվել 40.000 աշխատատեղ:

«Սա հիմնականում կընդգրկի սպասարկման ոլորտները, մի փոքր կորուստ կլինի շինարարության ոլորտում: Հանգստի կազմակերպման, տուրիզմի, հանրային սննդի ոլորտներում մոտավորապես, հնարավոր է՝ 10.000 աշխատատեղ կրճատվի, սա առավելագույնն է: Որոշ աշխատատեղեր կկրճատվեն պետական հատվածում, կրթության, մշակույթի, առեւտրի ոլորտներում: Հիշում ենք, որ անցած տարի մեծաքանակ մեքենաներ էին ներմուծվել, դրանք չեն վաճառվի ոչ ՀՀ-ում, ոչ էլ արտասահմանում»,- ասում է փորձագետը։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ ՀՀ-ում գործազրկության ցուցանիշը 17.7-ից կաճի մինչև 19 տոկոս: Ինչ վերաբերում է միջազգային ցուցանիշներին, ապա ՝  Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով` աշխարհում ավելի քան 300 մլն մարդ գործազուրկ կդառնա:

Back to top button