ԿարևորՄիջազգային

Հակահարված կորոնավիրուսին․ ԵՄ-ն գումար է հավաքում ու միավորում ջանքերը

Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր անցկացնում են համաշխարհային առցանց-մարաթոն՝ «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին»  խորագրի ներքո։ Նպատակը՝ միջոցներ հավաքել վարակի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց ստեղծելու համար։ Երևանի ժամանակով  17- ին մեկնարկած միջազգային դոնորական առցանց հավաքի արդյունքներով ակնկալվում է 7,5 մլրդ եվրո ներգրավել։

Այս նախաձեռնությունը կարելի է համարել համամոլորակային մարտահրավերի դեմ ջանքերը միավորելուն  ուղղված առաջին քայլը։ Թեև մարաթոնն անցկացվում է ԵՄ անդամ պետությունների և միջազգային կառույցների  ղեկավարների մակարդակով, բայց  եվրոպական առաջատար երկրներից բացի մարաթոնին կմիանան  նաև Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Կանադան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Համաշխարհային բանկն ու Բիլ Գեյթսի հիմնադրամը:

ԵՄ առաջատար պետություններից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անցյալ հանգստյան օրերին խոսել էր ընդհանուր մարտահրավերի դեմ ջանքերի միավորման անհրաժեշտության մասին։ Նա ասել էր, որ Եվրամիությունում ստեղծվելիք պատվաստանյութը  հասանելի կլինի բոլորի համար՝  ընդգծելով, որ Բեռլինը շոշափելի ներդրում կունենա այս գործում և կշարունակի  սերտորեն համագործակցել ԱՀԿ-ի հետ, որը, նրա խոսքով, առանցքային դեր է խաղում համավարակի դեմ պայքարում։

«Այս վարակը բոլորին է սպառնում, ուստի մեր խնդիրն է աշխատել ու համատեղել ջանքերը ողջ աշխարհով մեկ», — նախօրեին հայտարարել էր Եվրամիության առաջատար երկրի կանցլերը՝ հավելելով․ սա ոչ միայն համագործակցելու հնարավորություն է, այլև` անհրաժեշտություն:

Միացյալ Նահանգները միջազգային այս նախաձեռնությանը չի միանում։ ԵՄ-ն միավորում է ջանքերն ու կարևորում ԱՀԿ դերը Վաշինգտոնի կողմից այս կառույցի հասցեին հնչող սուր քննադատության և ֆինանսավորումը դադարեցնելու ֆոնին։ 

ԱՄՆ-ում ինքնուրույն ջանքեր են գործադրում կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի և պատվաստանյութի ստեղծման համար՝  այդ նպատակով մոտ մեկ միլիարդ դոլարի աջակցություն  տրամադրելով  դեղագործական ընկերություններին։ Ամերիկացի մասնագետները խոստանում են, որ մոտ մեկ- մեկուկես տարվա հեռանկարում կստեղծեն ու արտադրության կներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։

Նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում ավելի լավատեսական կանխատեսում է արել՝  խոստանալով,  որ  կորոնավիրուսի դեմ  դեղամիջոցն ու պատվաստանյութը պատրաստ կլինեն արդեն  ընթացիկ տարվա ավարտին։

Աշխարհում, վերջին տվյալներով,  կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3,5 միլիոնը, ավելի քան 1 միլիոն մարդ ապաքինվել,  280 հազարը մահացել է։ Դեղամիջոցն ու  պատվաստանյութը  դեռևս խոստումների տեսքով են։ Մնում է հետևել սոցիալական հեռավորության պահպանման և անձնական պաշտպանության սանիտարահիգիենիկ կանոններին։

Back to top button