ԿարևորՄշակույթ

«Խեղճ մարդիկ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան էջում  կցուցադրվի «Խեղճ մարդիկ» պիեսը՝  թատերականացված ընթերցում ձևաչափով՝ Մանվել Խաչատրյանի բեմադրությամբ: Այս մասին հայտնում է Ռուսական թատրոնի մամուլի ծառայություն:

«Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Լիլիա Մուկուչյանն ու Մանվել Խաչատրյանը, որը նաև պիեսի բեմականացման հեղինակն է։ Պիեսի հիմքում Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վիպակն է:

Տեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսատեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։

Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վեպի նամակներով ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել հերոսների հոգեբանության ինքնաբացահայտող նուրբ երանգները:   

Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա:

Back to top button