ԿարևորՀասարակություն

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի 100 գերժամանակակից ավտոբուսներով

Երևանի ավտոբուսի պարկը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխան 100 ավոտբուսով: Ապրիլի 28-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի հայտարարած ավտոբուսների մրցույթը: 

«Մրցույթը լինելու է միայն էլեկտրոնային տարբերակով, մենք հայտեր չենք ստանալու առձեռն, միայն ստանալու ենք մրցույթին մասնակցելու երաշխիքները, որն ուղարկվելու է փոստով մեր հասցեին: Տեղադրված է ՎԶԵԲ-ի կայքում, այն հասանելի է, ուղղակի ցանկացած մասնակից պետք է գրանցվի կայքում, որպեսզի կարողանա ներբեռնի մրցութային ողջ փաթեթն ու մասնակցի: Մրցույթը բաց է, թափանցիկ է և հասանելի»,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի գնումների մասնագետ Արման Պետրոսյանը:

«Նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 820 ավտոբուս, դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է: Բացի այդ, մենք այս պահի դրությամբ Երևան քաղաքում խնդիր ունենք՝ կապված միկրոավտոբուսների հետ, դրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվեն, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերենք՝ 100 միավոր, որոնք արդեն կաշխատեն Երևան համայնքում, և այնուհետ ծրագիրը փուլային կսկսենք իրականացնել»,— նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու համար Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ունեցավ ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, միջազգային խորհրդատուների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեց որակական և տեխնիկական հստակ պահանջներով գնումների փաթեթ:

«Արտադրողը, մատակարարը կամ մասնակիցը պետք է ունենա 15 տարվա արտադրության փորձ, առնվազն 45 մլն եվրո-ի շրջանառություն՝ վերջին 5 տարիների ընթացքում, նմանատիպ 2 պայմանագիր իրականացված՝ 24 մլն եվրո-ի շրջանակում, պետք է ունենա 300 հատ սեղմված բնական գազով արտադրված և մատակարարված նմանատիպ ավտոբուս, ինչպես նաև 150 մոդել կոնկրետ այն առաջարկի, որը փաթեթում ներգրավված է»,- ընդգծում է Արման Պետրոսյանը:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Back to top button