ԿարևորՏնտեսական

Հայ ծրագրավորողների մշակած ջերմորոշիչ տեսախցիկները՝ Կոլումբիայի հիվանդանոցներում

Թվում է՝  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համեմատաբար քիչ պետք է տուժեր կորոնավիրուսի առաջացրած խնդիրներից: Արհեստական բանականության մշակումներով զբաղվող «Սցիլլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արա Ղազարյանը, սակայն,  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ այդ տպավորությունն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում․ՏՏ ոլորտն էլ  իր յուրահատուկ խնդիրներն ունի: Այդուամենայնիվ, հայ ծրագրավորողներին ճկունությունն օգնել է իրավիճակին հակազդել նորարարությամբ, նրանք մշակել են կորոնավիրուսյան իրավիճակի համար օգտակար մի գործիք՝ ջերմորոշիչ տեսախցիկների ծրագրային համակարգ:   

Առաջատար տեխնոլոգիաների ոլորտն այս օրերին ամենաշատն է օգնում մյուս ոլորտներին՝  ասում է «Սցիլլա» հայկական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արա Ղազարյանը: Նա աշխատել է տարբեր երկրներում, կարծում է, որ հեռավար աշխատանքը հայերի համար միանգամայն նոր երևույթ է՝ մտածելակերպին, ազգային նկարագրին, գուցե նաև նիստուկացին  ինչ-որ իմաստով  խորթ, որին դժվարությամբ են  հարմարվում: Համեմատելով տարբեր երկրներում աշխատանքային փորձի ընթացքում հանդիպած խնդիրները՝  ՏՏ ոլորտի մասնագետն այսպիսի եզրակացության է եկել․

«Մենք՝  հայերս, այդքան էլ հակված չենք հեռավար աշխատանքի: Մեզ պետք է անընդհատ շփում՝ իրար մեջ խոսել, անընդհատ քննարկել եւ այլն: Այդ ամենը ոչ միշտ է հնարավոր հեռավար աշխատանքի ժամանակ: Մեր ժողովրդի խառնվածքի պարագայում առնվազն  էֆեկտիվությունը շատ ավելի ցածր է»:  

Արա Ղազարյանի խոսքով, սակայն, ՏՏ ոլորտը, օգնելով ուրիշներին, Հայաստանում հաճախ անօգնական է մնում ինքը: Օրինակ, թվում է, թե ծրագրավորողներն այս իրավիճակում խնդիրներ պիտի չունենային, բայց արի ու տես, որ ունեն։

«Որովհետեւ, օրինակ, մենք Հայաստանի ՏՏ ոլորտում գործ ունենք արտասահմանի հետ, այն ֆիրմաների հետ, որոնք տարբեր երկրներում են գործունեություն իրականացնում, օրինակ՝ ԱՄՆ-ում եւ այլն: Այս պարագայում իհարկե խնդիր առաջացավ նաեւ մեզ մոտ, որովհետեւ մի շարք նախագծեր ունեինք, որոնք  տեղադրման, տարածման, օգտագործման եզրին էին եւ արդեն պետք է սկսվեին, բայց  սառեցվեցին»:

Այնպես չէ, որ գործն ամբողջությամբ կանգնել է․ կան պատվիրատուներ, որոնց հետ աշխատանքը շարունակվում է՝ որոշակի փոփոխություններ կրելով՝ ասում է Արա Ղազարյանը: Խոսքը ծրագրավորման ուղղությունների փոփոխման մասին է՝ պաշտպանականից դեպի առողջապահական: Կորոնավիրուսի պարտադրած պայմանները հայ ծրագրավորողների 14 հոգանոց խմբին ստիպել են ճկունություն դրսեւորել ու կիրառելով գիտելիքները՝ ինչ-ինչ հարցերի լուծումներ գտնել: Այս դեպքում՝ պայքարել կորոնավիրուսի ու նրա ստեղծած անհարմարությունների դեմ: Հենց այս մոտեցմամբ է մշակվել  տեսանկարահանման խցիկներով մարդու ջերմորոշիչ ծրագրային համակարգը: Թե ինչի մասին է խոսքը և ինչպես է այն աշխատում, Արա Ղազարյանն է բացատրում: 

«Այո՛, իհարկե, դա լուծում է, որը վաճառվում է, բայց այն թույլ է տալիս, ըստ էության, շատ ավելի էժան ձեռք բերել: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ջերմություն ունեցող քաղաքացիներին: Դա հիմնված է ջերմային տեսախցիկների կիրառման վրա: Աշխարհում այդ լուծումն այս պահի դրությամբ շատ թանկ է: Առավել եւս, երբ պահանջարկը կա, գինը շատ բարձրացավ՝ դարձավ 20 հազար դոլար: Մեր առաջարկած լուծումը առնվազն երեք անգամ էժան է: Կան լուծման տարբեր ձեւեր: Օրինակ՝ մի տարբերակով մարդիկ դիմացով անցնում են եւ ջերմությունը ֆիքսում է: Մյուս տարբերակը՝ մարդիկ գալիս ու տեսախցիկի դիմաց կանգնում են, ստանում իրենց ջերմաստիճանի արժեքը եւ հեռանում են: Սա ավելի էժան տարբերակ է»:

Կոմերցիոն լուծում է, բարեգործություն չէ, սակայն այն միաժամանակ թույլ է տալիս համապատասխան կառույցներին սարքն  ունենալ մի քանի անգամ ավելի ձեռնտու տարբերակով, քան առաջարկվում է որեւէ այլ երկրից՝ հավելեց Արա Ղազարյանը: Արհեստական բանականության մասնագետը նաեւ հավելեց, որ հայ ծրագրավորողներն այդ ամենին միաժամանակ ավելացրել  են պաշտպանական մոդուլները, որոնք ավելի վաղ մշակել ու կիրառում են զուտ պաշտպանական նկատառումներով: Այսինքն, ստացվում է, ինչպես ընդունված է նման դեպքերի համար ասել, երկուսը՝ մեկում:

Արա Ղազարյանի խոսքով՝ համակարգով  այս պահին առավելաբար հետաքրքրված են լատինամերիկյան եւ արաբական երկրները: Կոլումբիայում արդեն հասցրել են տեղադրել դրանք հիվանդանոցային ցանցերի մուտքերում եւ գործարկել:  

 «Առաջին երկու օրերին մենք հետեւել ենք՝ 201 հաճախորդից 5-ի մոտ բարձր ջերմություն էր ֆիքսվել,  5-ից  4-ի մոտ բարձր ջերմությունը հաստատվել էր, և նրանք թեստեր էին հանձնել: Թե հիմա դրա որ մասն էր կորոնավիրուսով, որը՝ ոչ, ցավոք մենք դա չգիտենք, քանի որ անձնական ինֆորմացիա է»:        

Սակայն որ արդեն հաջող կիրառվում է, արդեն  հասկանալի է, քանի որ իրենց համար ճշգրտությունն էլ հայտնի է: Ի պատասխան մեր հարցի, թե երբ դրանք կիրառվեն  Հայաստանում, Արա Ղազարյանն ասաց, որ մեր երկրի համար ամբողջ համակարգը առայժմ թանկ հաճույք է․ամբողջ խնդիրը տեսախցիկներն իրենց սարքավորումներով ձեռք բերելն է:

Back to top button