Ստարտափ Հայաստան

Երիտասարդ զույգը հենց համավարակի օրերին է սկսել բիզնես գործունեությունը․ «Ստարտափ Հայաստան»

Համավարակի օրերը բիզնես ընկերությունների և անհատների վրա բացասաբար ազդեցին, բայց ժամանակին ճիշտ կողմոնորշվող զույգը կարողացավ այս օրերն օգտագործել ի շահ իրենց նոր սկսվող բիզնեսի։

Անդրանիկ Մանուկյանը Դաշտավանից է բիզնեսը ծաղկեցնում, Անի Սահակյանը՝ Ոսկեհատից։

Նրանք ոչ միայն կարողացան այս օրերին բիզնես գործունեություն ծավալել, այլև ֆինանսական որևէ օգնություն չստանալ։ Գումարը հավաքել են իրենք, որևէ ծրագրի էլ չեն դիմել։

Անդրանիկի գլխում այս բիզնես գաղափարը վաղուց է եղել, Դասավանդիր Հայաստան ծրագրով Մովսես գյուղում որպես ուսուցիչ աշխատելու ժամանակ, նա գյուղի երեխաների հետ հիմնել էր կավագործության մի խմբակ, որն ողջ Հայաստանում հայտնի դարձավ։

Երեխաները կավե բաժակներ և այլ իրեր էին պատրաստում, անգամ արտահանում դրանք։ Եվ այդ հաջողված փորձի հիման վրա հիմա էլ է Անդրանիկը պատրաստ իրենց մարզի երեխաներին սովորեցնել և ինչու չէ, նաև հետագայում իր համար օգնականներ պատրաստել։

Գաղափարը դարձավ իրականություն և Անդրանիկին միացավ սիրելին՝ Անին։ Միասին աշխատելիս խնդիրներ չեն առաջանում, դիզայնը մտածում են երկուսով, հարցումներ իրականացնում, իմանում՝ մարդիկ ինչն են ավելի շատ նախընտրում և ըստ դրա պատրաստում իրերն ու զարդերը։ Անդրանիկն ասում է, որ այս օրերը իրենց բիզնեսին շատ օգնեցին, մարդկանց նախասիրություններին ծանոթանալու ժամանակ գտան։

Բիզնես գաղափարի իրագործման համար Անդրանիկի փորձը շատ է օգնել, բայց երկուսն էլ գիտեն, որ հաջողելու համար պետք է շատ սովորել և բիզնես մտածողություն զարգացնել, քանի որ Անին, օրինակ հաճախ դժվարանում է իր պատրաստածից բաժանվել։

Ըստ բիզնես-խորհրդատու Ջոշ Բերոնի, 21-րդ դարն ընտանեկան բիզնեսի հարյուրամյակն է։ Իհարկե, Անդրանիկն ու Անին դեռ ընտանիք չեն կազմել, բայց հիմքերն արդեն ամուր են դրել։

Իրենց փորձով փաստում են՝ Հայաստանը բավարար պայմաններ է ստեղծում բիզնես գործունեություն ծավալելու և հաջողելու համար։ Եթե մեր երիտասարդները կարողացան այս օրերին բիզնես գործունեություն ծավալել, պատկերացրեք՝ մնացած օրերին ինչ ֆանտաստիկ գաղափարներ են իրագործվելու։

Back to top button