ԿարևորՀասարակություն

Սոցիալական աջակցության դիմումները մերժվել են տեխնիկական պատճառներով

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերով առաջարկվող միջոցառումներին մասնակցելու համար քաղաքացիները հաճախ դիմում են այլոց օգնությանը՝ չիմանալով դիմումը լրացնելու ձևը կամ չունենալով կապի միջոցներ:

Մուտքագրված դիմումները երբեմն մերժվում են, իսկ թեժ գծից չեն կարողանում ստանալ պատասխան, քանի որ հեռախոսահամարներին չեն պատասխանում: Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից՝ աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով:

Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակիչներին սոցիալական աջակցության միջոցառումներում ընդգրկելու նպատակով իրենց ծառայությունն են առաջարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցող  հասարակական կառույցները:

Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպությունում սոցիալական աջակցության դիմումատուներին օգնում է իրավաբան  Վարսենիկ Նազարյանը.

«Մեզ  դիմում են 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ծրագրերի շահառուները: Ես ուղղորդում եմ, թե ինչպես լրացնեն դիմումը, եթե չեն կարողանում լրացնել, ես՝ ինքս եմ վերցնում տվյալներն ու լրացնում միջոցառման մեջ»:

Վերջերս պարզեցվել է 9-րդ միջոցառման գրանցման ձևը, մինչև այդ բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել ծնողների և երեխաների տվյալները մուտքագրելու համար: Դիմումները հաճախ չեն մուտքագրվել կամ մերժվել են.

«Մերժվում են և՛ անհիմն, և՛ հիմնավոր, այսինքն՝ երբ ընտանիքը լինում է նպաստառու՝ էդ պարագայում մերժվում է: Գրում են, որ պետռեգիստրում  տվյալները չկա, բայց իրականում կան տվյալները,  կամ  մեկ երեխայի տվյալները գրանցում են, ընդունում են,  իսկ մյուսինը՝ ոչ»:

Էդգար Հարությունյանն ու Սեդա Սահակյանը 2 երեխա ունեն, կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառու են, իրավախորհրդատուի  օգնությամբ դիմում էին ներկայացրել, սակայն ծրագրով աջակցություն է ցուցաբերվել միայն մեկ երեխային.

«Երկու երեխայինը նշել ենք, բայց մեկինը չի ստացվել, հետո առանձին ենք փորձել,  էլի չի ստացվել: Երեխաները՝ մեկը 11 տարեկան է, մեկը՝ 9-ը»:

Տեղեկանալով լրացման ձևի մասին մի քանի օր անց ինքնուրույն են լրացրել, բայց համակարգը չի ճանաչել ծննդյան վկայական ունեցող երեխայի տվյալները. «Գրում է պետռեգիստրում չկա, մի 10-15 անգամ փորձեցինք, էլի նույն բանն է բերում»:

Դեպքերը քիչ չեն, իրավախորհրդատու Վարսիկ Նազարյանն ասում է, որ երբեմն մերժված դիմումները մի քանի օր անց կրկին մուտքագրել են ու գրանցվել:

«Կարելի է կապել տեխնիկական խնդիրների հետ, տվյալներն անընդհատ թարմացվում են, կարող ա էդ պահին երեխայի տվյալը չկա, սակայն որոշ ժամանակ անց՝ լինի: Ի դեպ, այդպիսի մի դեպք ես ունեցել եմ 7-րդ միջոցառման ժամանակ: Հղի կին էր, ինքը համապատասխանում էր էդ միջոցառմանը՝ իր բոլոր տվյալներով: Ես մուտքագրում էի տվյալները, գրում էր՝ ծրագրի շահառու չի հանդիսանում: Անցավ որոշակի ժամանակահատված մուտքագրեցի տվյալները, տվեց և՛ անուն-ազգանունը, և՛ բանկը, և՛ գումարը, գնաց շահառուն, ստացավ իր գումարը»:

Անի Այվազյանի ընտանիքը համատեղությամբ ապրում է ամուսնու եղբոր ընտանիքի  ու ամուսնու ծնողների հետ:  Երկու սենյականոց բնակարանում ապրում են 11 շնչով, որից 5-ը՝ մանկահասակ երեխաներ: Իր ընտանիքը նպաստառու չէ, ապրիլի 16-ին  դիմել է 9-րդ միջոցառմանը, գրանցվել, բայց  պատասխան չի ստացել: Անին ենթադրել է, որ ծրագրում բանկի անունը փոխելով  որևէ պատասխան կստանա սոցիալական աջակցությունից օգտվելու վերաբերյալ և 2-րդ դիմումն է մուտքագրել, պատասխանել են՝ տվյալները ստուգման փուլում են մեկ այլ դիմումով: Ասում է, որ 114 թեժ գծին շատ է զանգել, բայց միշտ նույն պատասխանն է լսել՝ բոլոր գծերը զբաղված են:

Դիմումներ չեն մուտքագրվել  նաև երեխաների և  ծնողների նույն հասցեում հաշվառված չլինելու պատճառով: Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Մատինյանը նշում է, որ ծրագրում չընդրգրկված շահառուների տվյալների և ծրագրում տեղ գտած թերությունների մասին  գրավոր տեղեկացնելու են սոցապ նախարարին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմա պարզեցրել է դիմումների ընդունման կարգը: 9-րդ միջոցառման մեջ չի պահանջվում սոցիալական քարտի համարը, երեխաների և ծնողների ծննդյան օրն, ամիսն ու տարեթիվը, ծնողի և  երեխայի նույն  հասցեում բնակվելու պահանջն ու մինչև 18 տարեկան երեխայի  և ծնողի մշտապես հայաստանում բնակվելու պահանջը:

Back to top button