ԿարևորՀասարակություն

Մովսեսցիների հաջողված բիզնես ծրագրերը

Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղ։ Այստեղ՝ հակառակորդի կրակոցների տակ, արարում են պատանիներն ու երիտասարդները։ Իրենց փոքրիկ բիզնես ծրագրերն են իրականացնում ու մտածում դրանք ընդլայնելու մասին։ Սեփական  փորձով  ապացուցում են, որ մայրաքաղաքից հեռու էլ է հնարավոր  ապրել ու արարել։

Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղի բնակիչներն  անգամ թվացյալ անդորրի նմանօրինակ պայմաններում  շարունակում են անտրտունջ արարել, փոքր ու միջին բիզնեսի նորանոր ուղիներ փնտրել։ Բնությունն այս հողակտորը ողողել է դափնեծառերով, որի տերևների գործածությունը հայտնի է ոչ միայն խոհարարության մեջ ՝ որպես համեմունք, այլ նաև վիտամիններով հարուստ տերևների հրաշագործ լինելը  վաղուց է նկատվել ժողովրդական բժշկության մեջ։ Եթե ժամանակին դափնու տերևներով դափնեպսակներ էին պարգևում մարզական և այլևայլ միջոցառումների հաղթողներին,  իսկ հույների ու հռոմեացիների համար դափնին խոհեմության, խաղաղության և պաշտպանվածության խորհրդանիշ էր, ապա այն այժմ նաև գոյության միջոց է մովսեսցիների համար։

2017-ին էր, երբ Անդրանիկ Մանուկյանը «Դասավանդի՛ր Հայաստան » ծրագրի շրջանակներում  ուսուցչական առաքելությամբ եկավ Մովսես։ Ու այստեղ էլ 7 սահմանապահ համայնքների հոգեւոր հովվի՝ տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ որոշեցին, որ դափնետերեւն այսօր կարող է նաեւ կենսունակության ու գործարարության խորհրդանիշ լինել։ 

«Այս կողմում երևում են հայկական դիրքերը։ Այս կողմից շատ գեղեցիկ տեսարան է  առավոտյան ու երեկոյան։ Այստեղ էլ ծագել է առաջին բիզնեսը սկսելու գաղափարը։ Երբ նայեցինք  դափնետերևներին, որոշեցինք ստեղծել  «կանաչ» բրենդը։  Որոշում էինք նաև լոգոյի հարցը։ Ու քանի որ  դափնետերևն է եղել ոգեշնչողը, որոշեցինք, որ լոգոն պետք է հենց դափնետերև լինի»։

Պատշգամբից դափնու ծառերին նայելով՝ Անդրանիկն իրենց դեռ մանուկ՝ մեկ տարվա կյանք ունեցող փոքրիկ բիզնեսի արդյունքներից չի դժգոհում․ բավականին գոհացնող է՝ ասում է։

Դափնետերեւը հավաքելու եւ, ինչպես հիմա ընդունված է ասել, լոգիստիկ տեսք տալու գաղափարը Անդրանիկինն ու տեր Աբելինն էին, բայց մեկ է՝ ծրագրի իրագործողը երեցկինն է՝ Արմինե Քարտաշյանը։

«Տեր հայրը կտրում է ճյուղերը, ես տերևներն առանձնացնում եմ, մաքրում ու, երբ ազատ ժամանակ եմ ունենում , ընտրում եմ լավագույններն ու փաթեթավորում»։

Սահմանամերձ Մովսեսի դափնետերեւը գնելու համար պետք չէ խանութ գնալ, Տավուշի անուշաբույր և նաև բուժիչ այս տերեւները կարելի է պատվիրել ժամանակակից տեխնոլոգիաներով՝ համացանցով։ Ու ընդամենը 10 հազար դրամով սկսած այս բիզնեսը համացանցի օգնությամբ կարող է համացանցի նման նաեւ ընդլայնվել։

«Որոշել ենք նոր խոտաբույսեր, ծառերի տերևներ, լորենու  ծաղիկն ու տերևը միասին հավաքենք, փաթեթավորենք։ Լորենին ավելի  մեծ պահանջարկ ունի, անգամ   գյուղից դուրս գալիս շատ խոտաբույսերի ենք հանդիպում, անգամ ուրցից, որ շատ ունենք անտառներում։ Անգամ կենսաբանների հետ ենք փորձելու այս տարի համագործակցել ՝ նոր տեսակի թեյեր ստանալու համար։  Եվ առաջ Աստված, եթե գյուղի ժողովուրդը ցանկություն ունենա և ոգևորված լինի , կարող ենք նաև շատ ավելի մեծացնել»։

Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիցատունը, որը ծառայում է որպես արվեստանոց, պատանիների համար ստեղծագործելու և նորից փոքրիկ բիզնես ծրագիր իրականացնելու վայր է։ Այստեղ կավից  պատրաստված յուրօրինակ իրերը ևս մեծ հետաքրքրություն ունեն սպառողների շրջանում։

Իմ այցի ժամանակ արվեստանոցում միայն  Նարեն էր ու հայրը՝ տեր Աբելը։  Քահանան հաճախ է այստեղ լինում ու կավի հետ աշխատանքի միջոցով  թոթափում  հոգնածությունը։  Այցիս ժամանակ հայրը կավից աման էր պատրաստում, դուստրը, որը հիմնականում զբաղվում է կավե առարկաները զարդարելով, մտածում էր, թե ինչ գույներ տա  ափսեին։

«Ես երևի թռչնատառերով կամ հին ժայռապատկերներով ինչ -որ բան եմ պատկերացնում, որովհետև այսպիսի ամանները նաև հնում  եղել են իրենց սպասքի մի մասը։  Դրա համար այդ ժամանակաշրջանը խորհրդանշող ինչ- որ  հետաքրքիր մի բան  կանեմ»։

Այստեղ նույնիսկ պատվերներ են  իրականացնում։ Առաջին պատվերը եղել է Ամանորին ընդառաջ։  Սահմանապահ գյուղի պատանիները վաստակել են իրենց առաջին գոումարն ու  ոգևորված լծվել աշխատանքի։ 

«300 հատ պատվեր էինք ստացել։ « Դաբլ թրի»-ն  որոշել էր իր ամանորյա նվերները երեխաներից պատվիրել։ Երեխաները մեկ ամբողջ ամիս լծվել էին  գործին։ Պատրաստել էին սուրճի բաժակներ։ Պատվերներ ունենում են , դրանց քանակն ու եկամուտները ամսեամիս աճում են»։

Մովսեսի կանաչ խոտերը,  կավե իրերը, ձեռագործ պայուսակները, խխունջներից պատրաստված  զարդերն ու ճագարները մարդկային աշխատանքի ու կենսունակության խորհրդանիշներն են։ Ու ամենեւին կարեւոր չէ, որ մի քանի հարյուր մետր այն կողմ հակառակորդն է, որն  ամեն պահ կարող է կրակել։ Մեկ է՝ հաղթում է կյանքը։ Մեկ է՝ կյանքի գլխին է դրվում դափնեպսակը։ Ու սահմանամերձ Մովսեսի սահմանապահ բնակիչները ապացուցում են՝ ապրելու, արարելու, մտքի ուժով հաց քամելու համար  աշխարհագրական դիրքը որևէ նշանակություն չունի։  Հնարավոր է արարել նույնիսկ հակառակորդի կրակոցների տակ։ Ցանկությունն  ու  հավատն են հաջողության հասնելու հիմնական  առհավատչյան։

Back to top button