ԿարևորՔաղաքական

Քաղաքական բանակցություններ՝ ոչ բոլոր թեկնածուների հետ

29 տարի առաջ այս օրերին Արցախում  մոլեգնում էր «Օղակ» ռազմագործողությունը: Խորհրդային բանակի  և Ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները  սկսել էին հայկական Գետաշենի, Մարտունաշենի ու  Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանամերձ գյուղերի տեղահանությունը:

Ավելի քան երկու տասնայակ գյուղեր այդ օրերին զրկվեց հայ բնակչությունից, և եթե մեկ–երկու տարի հետո  պաշտպանության բանակի ստորաբաժանումները ազատագրեցին Հադրութի և  Շուշիի շրջանի գյուղերը, ապա Գետաշենն ու Շահումայնն առայսօր գտնվում են գերության մեջ:

Այս դեպքերի տարելիցի կապակցությամբ  հրապարակված հայտարարության մեջ Արցախի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, որ  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ լրացուցիչ զսպման գործոն նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն  ապահովել ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ընտրություններից հետո իշխանափոխության պարտրարստվող Ստեփանակերտում  արտաքին քաղաքական հարցերը  կրկին բանավեճի թեմա են: 

Քաղաքական կատալիզատորի դերում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էր:  Լավրովի հայտնի հայտարարությանն արձագանքել են Արցախի նախագահի աշխատակազմը, ընտրված նախագահը, քաղաքական գործիչներից շատերը, իսկ նախագահի արդեն նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունը նաեւ բողոքի ակցիա է կազմակերպել ու նամակներ հանձնել նախագահ Սահակյանին, արտաքին գործերի նախարար Մայիլյանին և ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին։  Կուսակցության անդամները «Հաղթանակը չի վաճառվում», «Արցախը բեռ չէ, այլ հայրենիք», «Արցախի սահմանը գծված է հերոսների արյամբ» և նույնանման այլ ձևակերպումներով պաստառներ են պարզել  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և արտաքին գործերի նախարարության, «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ: Վիտալի Բալասանյանի կողմանկիցները գտնում են, որ հայկական կողմը  ներքաշվել է  կարգավորման փուլային տարբերակի քննարկումների մեջ:

Լավրովի հայտարարությանն արձագանքելով ՀՀ արտքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ ՀՀ իշխանությունները չեն կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակացություններում խոսել մեկ բան ու ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան:  

 «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- հայտարարել էր  Զոհրաբ Մանացականյանը։

Արցախի գործող իշխանությանը և և ընտրաված նախագահին հանձնված նամակով  Արցախի «Արդարություն» կուսակցությունը բանակցային սեղանի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ պահանջում է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի բացատրությունները: Այդ բացատրությունը երեկ Ստեփնակերտում հնչեց հերթական անգամ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը բանակցային գործընթացում իշխանությունների  դիրքորոշման մասին  խոսել է  խորհրդարանում  իր պաշտոնավարման ժամկետի վերջին տարեկան հաղորդում  ներկայացնելիս: Գործող նախագահը նշել է, որ պաշտպանությունն ու անվտանգությունը մնում են Արցախի Հանրապետության օրակարգի առաջնային հարցերը: Ստեփանակերտի դիրքորոշումն անփոփոխ է եւ բազմիցս է ներկայացվել թե՛ միջնորդներին, եւ թե՛ ամենատարբեր հարթակներում:

Կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ  Ստեփանակերտի դիրքորոշումը միջնորդներին հայտնի է՝ պատգամավորներին վստահեցրել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։

Զրուցակիցս Կարեն Հովհաննիսյանը  նախագահի ելույթից գոհ չէ: Ասում է՝ կասկածները մնում են: «Արդարությունը»  հստակություն է ակնկալում նաև ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանից, որի օրեր առաջ արած հայտարարությունը թեմայի վերաբերյալ ևս չի բավարարել իրենց:

Կարեն Հարությունյանին հակադարձնում է Արամայիս Աղաբեկյանը՝ Արայիկ Հարությունյանի աջակիցներից: Արայիկ Հարությունյանը միշտ դեմ է արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին, որոնց հետ աղերս ունի Լավրովի ասածը:

Երեկ  «Արդարության» ներկայացուցիչները հրավիրվել են ոստիկանություն. նրանք ըստ իրավապահների խախտել են Արտակարգի իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝  նախագահի  հրամանագրով հաստատված հավաքների ազատության սահմանափակումը:  Կուսակցությունը դրանից հետո  հայտարարություն է տարածել՝ նշելով, որ  շարունակելու է պայքարը:  

Արցախում նոր իշխանություն ձևավորելու գործընթաց է սկսվել: Ներքաղաքական հանդիպումները շարունակվում են: Ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հիմնական հակառակորդներից՝ Սամվել Բաբայանի,  Մասիս Մայիլյանի, ինչպես նաև նախկին գործընկերների՝  ժողովրդավարների և դաշնակցականների հետ:  Իսկ ահա Վիտալի Բալասանյանի հետ Արայիկ Հարությունյանը չի հանդիպել:

Ընտրված  նախագահի հանդիպումներին զուգահեռ ևս մեկ հանդիպում է  կայացել՝ արդեն Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ: Եռակողմ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ  Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը  եւ Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանև և «Արդարություն» կուսակցությունից առաջադրված Վիտալի Բալասանյանը:   Հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել  էր Դաշնակցության  կառույցի պաշտոնաթերթը՝ «Ապառաժը»:

Միայն անկախ պետականության կերտման և շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Back to top button