ԿարևորՄշակույթ

Ռոզի Արմեն. Հայաստանի ծաղիկը 81 տարեկան է

Եթե Ռոզի Արմենի անունը փոխենք, կլինի, որ Հայաստանի ծաղիկն է, կամ ավելի կոնկրետ՝ վարդը։ Իսկ վարդը բոլոր ծաղիկների թագուհին է՝ դեռ այն ժամանակվանից, երևի  երբ դրախտ կար երկրի վրա։

Գիտե՞ք, երբ 80–ն արդեն մեկ տարով անց կնոջ կողքին քո երիտասարդությունը չես զգում, ուրեմն դիմացիդ ծաղիկը թարմ է, հոտ ունի, որ տարածվում է իր երգի ամեն  հնչյունի հետ։

Մեր հանդիպման ժամանակ ես Ռոզի Արմենի հետ խոսելու համար ունեի 5 րոպե՝ ոտքի վրա։ Խոսակցությունը վերջացավ կես ժամ անց՝ նստած։ Ինձ համար կարևոր էր խոսել տիկին Ռոզիի՝ Ազնավուրի մասին հուշերից։

–Կարդացի Ազնավուրի մասին ձեր հուշերը, ասում եք՝ մտերիմ չեք եղել, ապա ինչպե՞ս եք այդպես մտերմիկ հուշեր գրել, տիկի՛ն Ռոզի,- սկսում եմ խոսակցությունը չնախատեսված այս հարցից, որովհետեւ 5 րոպե ունեմ։

— Մեր հայրիկները ընկերներ էին Թիֆլիսեն, նույն դպրոց կերթային, վերջը ամեն մարդ փախեցավ, եկավ Ֆրանսիա: Օր մը հայրիկս կերթա Փարիզի մեկ թաղամաս, ուր որ հայկական ուտելիքներ ծախող կար: Եվ այնտեղ կհանդիպի Ազնավուրին պապաեն: Ազնավուրենք այդ կողմերը կապրեին, մենք քիչ մը ուրիշ թաղամաս կապրեինք: Միշան կըսե գիտե՞ս տղաս՝ Շառը կերգե, գիտես գոր, այս գիշեր տեղ մը կա, կերգե հայերի համար, կըսե պետք ունեմ մեկը որ օգնե ինձի թիքետները կտրե, եթե կուզես գալ։ Պապասե կըսե, այո կուզեմ գալ,- տիկին Ռոզին հենց առաջին հարցին պատասխանելիս ընկնում է հուշերի գիրկն ու փորձում դետալ առ դետալ վերականգնել այն, ինչ ապրել ու զգացել է Ազնավուրի հետ:

Պատասխանը ծավալվում ու երկարում է, հետո գալիս է հաջորդ հարցն ու արդեն երրորդ հարցը տալու պահին ես հասկանում եմ, որ 5 րոպեն արդեն երկու անգամ անցել է։

-Պապաս կըսե Միշային, իմ աղջիկն ալ կերգե, Ռոզին, Ռոզի Արմեն չէի այն ադեն, Ռոզի Հովհաննիսյան, կը երգե գոր, նոր սկսել է, 17 տարեկան էի։ Միշան կըսե Շառլին թող զանգե, քարտը կուտա։ Ես զանգեցի, բայց մեկ մը չպատասխանեց, վազն անցա, այլևս չփնտրեցի։

17 տարեկանում Ազնավուրին չփնտրած կինն այսօր դարձավ 81 տարեկան։ Ռոզի Արմենը ծնվեց Փարիզում, վերցրեց նորաձևության մայրաքաղաքի ոճն ու դարձավ հայկական արմատներով ամենանրբաճաշակ ձայներից մեկը։

Առաջին անգամ հայրենիք եկավ 1965 թվականին՝ հյուրախաղերի։ Իր ճանապարհի սկիզբը Ռոզի Արմենը հիշում է ջերմ, խոսում այդ տարիների մասին տաքությամբ, ու պատմում, նորից պատմում։

–Սկիզբեն, երբ որ սկսա երգելու, ըսի, այ եթե Ազնավուրին ինձի կըրնա մեկ հատ երգ մը տալ, այնքան լավ կերգեմ, այնքան վստահ, որովհետև բառերը խորունկ են, մելոդիներն ալ շատ սիրուն են, բայց ինքն աղվոր երգերն իրեն կպահեր,– հիմա արդեն ծիծաղում է այն ամենի վրա, ինչն իրեն անհաջողություն էր թվում, երբ երիտասարդ էր, երբ նոր էր երգում, երբ ձայնն իրեն ենթարկվում էր։

Ազնավուրի բոլոր հնչյուններից ո՞րն է ձեր ամենասիրելին,- հարցնում եմ՝ չկարողանալով թաքցնել մի ջահելական, անփորձ ու անզուսպ երջանկություն։

-Բոլորը։

Ու տիկին Ռոզին սկսում է երգել, ամեն երկրորդ բառից կանգնել ու ասել, որ այլևս երգել չի կարող, հետո չի կարողանում զսպել իրեն ու շարունակում է երգել, հետո էլի ձայնը իջեցնում է։

–Արտիստի կյանք է «Լա բոհեմը»…

Մեր հանդիպման ժամանակ ես Ռոզի Արմենի հետ խոսելու համար ունեի 5 րոպե՝ ոտքի վրա։ Խոսակցությունը վերջացավ կես ժամ անց՝ նստած։

80-ն արդեն մի տարի անց այդ կնոջ մատները փայլում էին ավելի, քան իմը, որ ներկած էին նույն կարմիրով, որն ավելի երիտասարդ են։

Արտիստի կյանք է «Լա Բոհեմը»…հայկական արմատներով ֆրանսիացի ծաղիկի կյանքի պես։

Back to top button