ԿարևորՀասարակություն

«Խաղի» նոր կանոններ. ինչպես «մաքրել» եթերը

2019 թվականին Հայաստանում գործել է 126 հեռուստառադիոընկերություն։ Խոսքի ազատության տեսանկյունից թեև Հայաստանը 19 կետով բարելավել է իր համաշխարհային դիրքը, սակայն, հեռուստառադիոեթերի բովանդակությունը շարունակում է խնդրահարույց համարվել Հայաստանի «ներսում»։ Աժ–ում արդեն շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը անվանումից սկսած փոխելու է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը և դրա բովանդակությունը։ Փաստաթուղթն առայժմ քննարկման և ուսումնասիրման փուլում է։ Լիագումար նիստերի օրակարգ այն դեռ չի մտել։  

Փորձենք հասկանալ՝ ինչ է այն «բերելու» նոր եթեր կամ, թե ինչից է օգնելու ազատվել։  

Հայկական եթերը մաքրելու անհրաժեշտության մասին շատ են խոսում, հատկապես արվեստագետները։ Ի՞նչ է նշանակում մաքրել եթերը եւ հնարավո՞ր է դա անել։ Համենայն դեպս ԱԺ երեք պատգամավորներ, որոնցից երկուսը լրագրողներ՝ «Իմ քայլ»- ից Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը որոշել են դա անել օրենքի մակարդակով։

Եթերը «մաքրելու» են, բայց չեն ձգտելու փակել հաղորդումներ կամ հեռուստաընկերություններ։ Պատգամավորները շրջանառության մեջ են դրել  «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրինագիծը, որը փոխարինելու է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին։ Հեղինակները վստահեցնում են՝ չեն ստեղծել նոր «մահակ»։

Մխիթար Հայրապետյան․ «Օրենքի նախագծով և առհասարակ՝ մեր քաղաքական թիմի և մեզ մոտ որևէ պարագայում նման հարց լինել չի կարող։ Գուցե կլինեն քաղաքական շատ ուժեր, որ կերազեն, որ մենք այդ ճանապարհով ընթանանք, բայց ստիպված եմ հիասթափեցնել․ որևէ հաղորդում, հաղորդաշար, առավել ևս որևէ հեռուստաալիք փակելու, չունենալու խնդիր դնել մեր առաջ չենք կարող։ Մեր խնդիրը՝ սահմանել «խաղի» նոր կանոններ, առողջ կանոններ։ Այո, շատ և շատ հեռուստահաղորդաշարեր, հաղորդումներ, հեռուստաալիքներ ստիպված կլինեն հետևել դրան»։

Եթե պատգամավորները օգտագործում են «եթերը մաքրել» ձևակերպումը, ապա դրա չափորոշիչները հասկանալի չի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի համար։ Նա այն մարմնի ղեկավարն է, որը պետք է իր աշխատանքում առաջնորդվի հենց այդ օրենքով։ Գերադասում է խոսել ոչ թե «ականջահաճո» կամ «քաղաքական», այլ՝ աշխատանքային ձևակերպումներով ու սահմանումներով։  

«Մաքրել եթերը» ծայրահեղ պոպուլիստական է, ոչ թե պոպուլիստական։ Չկա այդպիսի հասկացություն։ Ի՞նչը մաքրել, ո՞նց մաքրել, ի՞նչից մաքրել։ Ինձ սահմանումները տվեք։ Ամեն մեկը քարոզը տարբեր է հասկանում։ Մեկը սեռական փոքրամասնությունների քարոզն է անբարոյական համարում, մյուսը համարում է մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչի՞ց ենք «մաքրում»՝ մեկի՞ց, մյուսի՞ց, երրորդի՞ց, հնդկական սերիալի՞ց, թե՝ հայկական սերիալից։ «Մաքրել» այդպիսի հասկացություն չկա։ Եթերը պետք է կանոնակարգվի»։  

Բայց ամեն դեպքում, Տիգրան Հակոբյանը կողմ է, որ եկել է նոր օրենք ունենալու ժամանակը։  «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն ուժի մեջ է մտել դեռեւս այն ժամանակ, երբ ավանդական անալոգային ռադիոն եւ հեռուստատեսությունը հիմնականում համարվել են տեսալսողական ծառայությունների միակ տեսակը, որը կարող էր հասանելի լինել քաղաքացիների մեծամասնության համար: Այսօր արդեն դաշտը փոխվել է՝ ավելացել է  համացանցը և այլ ծառայություններ։ Այն, որ կիսատ և «հնամաշ» օրենքը այլևս չի կարող կանոնակարգել դաշտը, ընդունում է նաև «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը։

ԱԺ–ում շրջանառության մեջ դրված նախագծին դեմ է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Խնդիրն այն է, որ օրենքում սահմանափակումներ կան հասարակական կազմակերպությունների հետ կապված։  Իոաննիսյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ օրենքի մշակման փուլում հավանաբար լավ են գործել այն լոբբիստական ուժերը, որոնք աշխատում են ՀԿ–ների դեմ։  

Խնդիրն այն է, որ օրենքի նախագծով հստակ սահմանվում է, թե ովքեր չեն կարող  տեսալսողական ծառայություն կամ տեղեկատվություն տարածողների հիմնադիրներ կամ մասնակիցներ լինել։ Նշված ցանկի մեջ են պաշտոնյաները, կուսակցությունները, դրանց ղեկավար մարմնի անդամներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք, հասարակական ու կրոնական կազմակերպությունները, դատվածություն ունեցող անձինք։ Այս հատվածին արգելվում է նաև հովանավորել հաղորդումներ, միջամտել մեդիածառայությունների աշխատանքին։

Այսքանով հանդերձ՝ օրենքի հեղինակները պնդում են, որ նոր նախագիծը ոչ թե սահմանափակումների, այլ նոր հնարավորությունների հիմք է։

Վահագն Թևոսյան . «Ինտերնետ տիրույթում գործող հոսթինգների ծառայություններից օգտվող ընկրությունները այս օրենքով կարգավորման ենթակա չեն։ Այսինքն՝ Youtube–ը, առանձին վերցրած կայքեր, որտեղ տեղադրվում են սեփական արտադրության տեսալսողական հաղորդումներ կամ նյութեր, այս օրենքով կարգավորման առարկա չեն»։

Արման Բաբաբաջնայն. «Սա մեր երկրի համար ունի ազգային անվտանգության կարևորություն և նշանակություն՝ և ներքին իմաստով, և արտաքին իմաստով։ Ես կարծում եմ, որ սա մեր հասարակության դիմադրողունակությունն ամրապնդող նախաձեռնություն է»։   

50 էջանոց փաստաթուղթի վերջնական տարբերակը մի քանի օր է, ինչ պատրաստի տեսք ունի։ Շատերը՝ թե ոլորտում աշխատողները, թե պատգամավորները դեռ չեն հասցրել մանրամասն ուսումնասիրել այն և կարծիք ձևավորել։

Մինչ հանրային լայնածավալ քննարկում կծավալվի, ներկայացնենք օրենքի նախագծում գրված պահանջներից մի քանիսը․ լրատվական հաղորդումներին պահանջ է ներկայացվում տալ միայն հավաստի և ստուգված նորություններ, քաղաքական հաղորդումներում պետք է ապահովվի կարծիքների անաչառությունը, ներկայացվի հակառակ կողմի տեսակետը, հաղորդման ժամանակ ընդդիմադիր և իշխանական կողմերը պետք է ունենան ներկայանալու հավասար իրավունք։  

Հետուստաընկերությունների աշխատանքի համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրվում է հստակ չափորոշիչների հիման վրա, 7 տարի ժամկետով։ Բայց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իրավունք ունի մինչև անգամ դադարեցնել հեռուստաընկերության աշխատանքը, եթե խախտվել է օրենսդրությունը։ Որպես այդպիսի խախտում կարող է համարվել օրինակ դեպքը, երբ արտակարգ դրության ժամանակ հայտարարության համար եթեր չի տրամադրվել կառավարության ղեկավարին։


Back to top button