ԿարևորՀասարակություն

Գնացեք գումարի հետևից․ այն կարող է վերադարձվել բյուջե

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ ու 6-րդ ծրագրերը  վերաբերում են կոնկրետ  մարտի 13-ից 30 –ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատանքը կորցրած քաղաքացիներին։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը տվյալները պետական ՊԵԿ–ից է ստանում, ՊԵԿ-ը ՝ աշխատանքը կորցրած քաղաքացու գործատուից։ 

Դժվար է պատկերացնել մի  իրավիճակ,  երբ աշխատանքը կորցրած մարդու  հաշվին  գումար կա, սակայն այն չի կանխիկացվում,   այն էլ ՝  կորոնավիրուսի համավարակի այս օրերին։ Պարզվում է, սակայն, ոչ միայն հնարավոր է, այլ նաև այդպես է։ Կառավարության փոխանցած գումարները չի ստանում   կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող  սոցիալական աջակցության  4-րդ ծրագրի շահառուների  մի մասը։  Շահառուները  մարտի 13-25  ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած և մինչև 14 տարեկան երեխաներ  ունեցողներն են։ 

«2100 երեխայի համար գումար է փոխանցվել՝ ավելի քան 210 մլն դրամ»,- «Ռադիոլուրին» ասում  է  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը։

Գումարը ստացել է 700 ընտանիք՝ շուրջ 110 միլիոն դրամ։ Մյուսների գումարը բանկում է, չվերցնելու դեպքում երեք ամիս հետո պետական բյուջե կվերադառնա։

«Շատ խրախուսում եմ, որ քաղաքացիները ստուգեն իրենց տվյալները, եթե անունը կա, նշված է , թե որ բանկում է գումարը, ստանան։ Սա առաջին ծրագիրն է, որ գործարկել ենք, սակայն սպառման առումով՝ քաղաքացիների օգտվելու տեսանկյունից, ամենապասիվն է»։

Մինչ շահառուների մի մասը գումարի հետևից չի գնում բանկ,  աշխատանքը կուրացած քաղաքացիների մի խումբ էլ շարունակում է իր տվյալները  որոնել շահառուների ցանկում։ 

«Ռադիոլուրի» զրուցակից  Արևիկ Գևորգյանը հաշվապահ է, ծրագրի շահառուների  ցանկում աշխատանքից ազատված իր  աշխատակցի անունը երկար է փնտրել։ Աշխատանքից ազատվել էր մարտի 13-25  ընկած ժամանակահատվածում։ 

Շահառուների ցանկում ներառվելու պարտադիր  պայման է ազատման հայտը ՊԵԿ ներկայացնելը. «Մենք  ազատման հայտը տպեցինք, տվեցինք    աշխատանքից ազատված աշխատողին։ Ունի երկու անչափահաս երեխա, ի վերջո ներառվեց շահառուների ցանկում»։

Սա նշանակում է, որ այս  ծրագրի  շահառուների  ցանկը  ճշգրտվում է, թարմացված տվյալները ՊԵԿ-ից են ստացվում։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սակայն, նոր տվյալներ չեն ստացել»,- ասում է Անի Ամիրշադյանը։

«Թիվը  ստատիկ է արդեն  մեկ շաբաթ։ Հույս ունենք, որ կստանանք նոր տվյալներ։ Այն քաղաքացիները, որոնք իրենց  անունները չեն գտնում, պետք է սպասեն․ մի պահից սկսած կհրապարակենք ու կունենանք նոր շահառուներ»,- նշեց Ամիրշադյանը։ 

Սոցիալական աջակցության  4-րդ ծրագրի նման ևս մեկ ծրագիր է գործում՝ 6-րդը։ Այստեղ էլ աջակցություն են ստանում են մարտի 13-ից մինչև 30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած  գրանցված աշխատողները։  Այս ծրագրի շահառուներն էլ խնդիրներ ունենում։

«Նայում են, ասում են դուք շահառու չեք։ Ազատման հայտը ներկայացրել ենք, աշխատանքային պայմանագիրը քաղիրավական չէ, այլ տեղ չի աշխատում,  աշխատանքից ազատվել է մարտի 23-ին։ Ծրագրի լիիրավ շահառու է, բայց մերժվում է»,- ասում է սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը։

Նա նշում է՝ եթե դիմողը բացառությունների մեջ չէ, օրինակ ՝ հունվար-փետրվար ամիսների աշխատավարձը 500 հազար դրամը գերազանցել է կամ  ԱՁ է,  ապա 6-րդ ծրագրի  լիիրավ շահառու է։ Այստեղ ևս տվյալները թարմացվում են։  6723 շահառուի  գումար  փոխանցվել է,  4700–ը ստացել է, շուրջ 2 հազար  շահառու գումարը դեռ չի ստացել, աջակցությունը միանվագ է՝ 68 հազար դրամ։

«6-րդ ծրագիրը վերաբերում է քաղաքացիներին և հիմնականում պետք է ամբողջական լինի։ Չեմ կարծում եմ, որ այստեղ շեղումները պետք է զգալի լինեն»,- ասում է Ամիրշադյանը։

4-րդ ու 6-րդ  ծրագրերի  շահառու չեն մարտի  30-ից  հետո  գրանցված ու աշխատանքը կորցրած քաղաքացիները։ Եթե ունեն անչափահաս երեխաներ, ապա  կարող են օգտվել սոցիալական աջակցության  9-րդ ծրագրից։ Եթե ոչ, այս պահին նրանց  համար կոմունալ վճարների փոխհատուցման  ծրագրերն են գործում։

Back to top button