ԿարևորՀասարակություն

Աշխատողի իրավունքը՝ ֆորս մաժորի պայմաններում

1889 թվականին Փարիզի կոնգրեսը որոշեց՝  միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես`   8-ժամյա աշխատանքային օրվա համար:Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի: Ավագ սերունդն այսօր հիշում է խորհրդային տարիներին նշվող ու ավանդական շքերթով ուղեկցվող մայիսի 1-ը։

Մայիսմեկյան շքերթը նախկին շքեղությամբ Հայաստանում վաղուց չի նշվում,  բայց պահպանվել է աշխատավորի օրվա բուն  խորհուրդը, այն է՝ պահանջատիրական վերաբերմունք աշխատավոր մարդու իրավունքների հանդեպ։ Այսօր այս ոլորտում հատկապես կորոնավիրուսի պատճառով մեզ բաժին հասած ֆորս մաժորի պայմաններում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները  վերհանելու լավ առիթ է։

Մայիսի մեկը վաղուց արդեն ծաղիկներով ու փուչիկներով զարդարված տոնական մեծ շքերթի հետ չի աղերսվում։ Գոնե լրագրողներս այս օրը փորձում ենք հասկանալ՝ որքանո՞վ է մեր երկրում պաշտպանված աշխատավոր մարդու իրավունքը։ Ինչ ուժ ու զորություն ունեն այդ իրավունքը պաշտպանող  իրավական փաստաթղթերը։ Աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները լավագույնս վեր հանեց աշխարհին ու նաև մեզ պահուհասած համավարակն ու որպես դրա դեմ պայքարի միջոց որդեգրված կարանտինային իրավիճակը։ Բազմաթիվ աշխատավորներ այսօր հարկադիր պարապուրդի են մատնված։ Նրանց խնդիրների մասին տեղյակ են «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում»,  քանի որ բողոք-նամակների մի մասը նաև նրանց են հասցեագրում։ 

Կառույցի ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանն է ներկայացնում․

«Ստեղծված իրավիճակում բազմաթիվ են ահազանգերը՝ կապված  աշխատանքային իրավունքի խախտման հետ։ Խոսքը վերաբերում է մասնավորապես  աշխատանքային պայմանագրերի լուծմանը, քանի որ որոշ գործատուներ   դադարեցրել են իրենց աշխատանքը ընդհանրապես, կան աշխատողներ, որոնք իրենց աշխատավարձը չեն ստանում։ Խոսքը վերաբերում է հիմնականում մասնավոր ոլորտին, որտեղ աշխատողները կամ իրենց աշխատավարձից պակաս են վճարվում, կամ ընդհանրապես չեն վճարվում»։

Արհմիությունների կոնֆեդերացիայում  բազմաթիվ բողոքներ են ստանում մանկավարժներից, որոնք հեռավար ուսուցում են իրականացնում։ «Ճիշտ է՝ աշխատում են և ստանում են իրենց աշխատավարձը, բայց աշխատանքային պայմաններից են դժգոհում»,-ասում է  կառուցի իրավաբանը։

Որքանո՞վ են մեր երկրում կայացած արհմիությունները և որքանո՞վ են դրանք գործնականում պաշտպանում աշխատավորի իրավունքները։  Իրավաբանի խոսքով՝ ոլորտում գործող օրենքը շատ հնարավորություններ չի տալիս արհմիություններին, որպեսզի վերջինները կարողանան պաշտպանել աշխատող մարդու իրավունքը, ինչպես որ հարկն է։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է դատական գործընթացներին։

«Դա վերաբերում է նախ դատական պաշտպանությանը, քանի որ արհմիությունները դատարան ներկայացուցչություն ապահովելու իրավունք չունեն։ Դա միայն փաստաբաններին է վերապահված»,- նշում է իրավաբանը։

ԱԺ արտահերթ նիստում ապրիլի 29-ին  երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ նախածի հեղինակների,  զգալիորեն կհեշտանան գործատու-աշխատող իրավահարաբերությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ փոփոխությունները բխում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից։

ԱԺ «Իմ քալը» խմբակցության անդամ, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ գործող օրենսգիրքն  ընդհանրապես չունի կարգավորումներ նման ֆորս մաժորների դեպքում։ Բացը փորձել են լրացնել նոր նախագծով․

«Փոփոխությունները միտված էին ոչ միայն աշխատողին պաշտպանելուն, այլև  գործատուի համար միասնական մեխանիզմ սահմանելուն, որպեսզի  նման իրավիճակներում, երբ  հարկադիր պարապուրդը իր կամ աշխատողի մեղքով  չէ, գործատուն հնարավոր լուծումներ ունենա։ Օրինակ, եթե աշխատանքի բնույթն այնպիսին է, որ աշխատողը կարող  է տնից  աշխատել, ապա գործատուն պետք է  վճարի կատարած աշխատանքի համար»,- ասում է Տիգրանյանը։

Հեռավար աշխատանքի դեպքում աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ: Աշխատանքի հեռավար կազմակերպման դեպքում պայմանագրի փոփոխություն տեղի չի ունենա: Անհաղթահարելի ուժով պայմանավորված աշխատանքի կասեցման դեպքում՝ գործատուն իրավունք ունի չվճարել աշխատողին, իսկ ֆորսմաժորային իրավիճակում միայն աշխատողի պահանջով գործատուն կարող է նրան տրամադրել չօգտագործված արձակուրդային օրերը։

«Սահմանվում է նաև, որ գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանագիրը այն աշխատողների հետ, որոնք, արտակարգ իրավիճակով պայմանավորված, չեն ներկայացել աշխատանքի կամ  ներկայացել են ավելի ուշ: Այդ առումով այս նախագծով աշխատողներն  ավելի պաշտպանված են։ Բացի այդ՝ մինչև 12 տարեկան  երեխա ունեցողների 2 ժամից պակաս ուշացումները որակվել են հարգելի, որպեսզի գործատուն կամայական վերաբերմունք չցուցաբերի»,- նշում է պատգամավորը։

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող  օրինագծի միայն   մեկ կետն է, որը հետադարձ  ուժ է ունենալու։ Խոսքը վերաբերում է  հարկադիր պարապուրդին։ Առաջարկվող փոփոխությունների համատեքստում Հերիքնազ Տիգրանյանը կարևորում է հատկապես առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը, որն իր հիմնական գործառույթներին պիտի անցներ 2021-ի հուլիսի մեկից։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթներն ուժի մեջ դնող դրույթն, ինչպես պատգամավորն է ասում, առաջ է գցվել, և օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո աշխատողներն արդեն կարող  են դիմել  տեսչական մարմին  իրենց իրավունքները պաշտպանելու հարցերով։

Back to top button