ԿարևորՀասարակություն

2019 թ.-ին շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացումը. Բակո Սահակյան

2019 թվականին ևս բանակաշինության ոլորտում շարունակվել են իրականացվել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված ՊԲ մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մարտական հնարավորությունների ընդլայնմանը, բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցող ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019 թվականին կատարված աշխատանքներին:

Բակո Սահակյանի խոսքով՝ մի շարք ծրագրեր էլ ուղղված էին ղեկավարման համակարգի կատարելագործմանը, առաջնագծի տեխնիկական հագեցվածության և ծառայության պայմանների բարելավմանը, ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը և արդիականացմանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը:

«Մեր պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Դա օրվա հրամայական է՝ հատկապես հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները: Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից և շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր Զինված ՈՒժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը: Մենք միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք արժանի հակահարված տալ մեր հայրենիքի անկախության և անվտանգության դեմ հակառակորդի ցանկացած ոտնձգության»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը:

Անցած տարում  ծավալուն աշխատանքներ են տարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:  Մասնավորապես՝ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով՝ 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարանները վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:

Բ. Սահակյանը նշել է, որ Արցախի Կառավարությունը մշակել է և ներկայումս հաստատման փուլում է գտնվում Պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակներում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և տարիքի կամ երկարամյա ծառայության կամ էլ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց, պետական, ֆինանսական աջակցության տրամադրման կարգը, համաձայն որի՝ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման  հավաստագրեր՝ հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160 հազար դրամի, իսկ մնացած բնակավայրերում՝ 100 հազար դրամի չափով:

Միաժամանակ, բնակելի տուն կառուցող շահառուները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ անտոկոս փոխառություն: Ստեփանակերտ քաղաքում, սահմանված կարգով, անհատույց բնակարան ստանալու իրավունք ձեռքբերած շահառուների բնակարանային պայմանների բարելավումը կիրականացվի բնակարանաշինության նպատակային ծրագրի իրականացման և դրա շրջանակում կառուցված բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրման միջոցով:

Բ. Սահակյանը նշել է նաև, որ հատուկ ուշադրության կենտրոնում են բանակում բարոյահոգեբանական ոլորտի շարունակական բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի դեմ տարվող աշխատանքները:«Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Զինված Ուժերում բացասական երևույթները արմատախիլ անելու, ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ: ՊԲ-ն միշտ եղել է մեր ժողովրդի հպարտությունը և այդպես պետք է լինի այսուհետ»,- ավելացրել է ԱՀ Նախագահը:

Back to top button