ԿարևորՀասարակություն

2 մլն ուռենի, 1000 աշխատատեղ․ կորոնավիրուսի դեմ պայքարի բնապահպանական միջոցը

Սոցիալական արդարություն, տնտեսական արդյունավետություն և բնապահպանական անվտանգություն․ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  կորոնավիրուսի  հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրն այսպես է բնորոշել։

Այն նախորդներից տարբերվում է․ կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի դեմ պայքարել ծառատունկով։

Օգտակարը շահավետի հետ. hողի հետ գործ ունեցող մարդը, որն ունի ծառատնկման միջին փորձ, պատրաստ է 10-15 օր աշխատել Հայաստանի բարձրադիր գոտիներում, դրա դիմաց օրական վաստակել միջինացված  մինչև 10000 դրամ և ապրում է Հայաստանի ջրառատ համայնքներից որևէ մեկում, կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական  հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման ամենահավանական շահառուներից մեկն է։

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Հայաստանի բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակներով հիմնել ափապաշտպան անտառաշերտեր և այդ աշխատանքներին լայնորեն ներգրավել տեղական բնակչությանը։

Դրա դիմաց՝ աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրվի 50-ական դրամ՝ ուռենու յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Ըստ էության՝ ծառատնկմամբ լուծվում է միանգամից երկու հարց՝ բնապահպանական ու սոցիալական, ասում է  նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։

«Ծրագիրը կիրականացվի վեց մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում։ Քարտեզագրվում են այն գետերը, որոնց ափերին հնարավոր է և ցանկալի է ունենալ նման անտառաշերտեր։ Խոսքը մինչև 1000 աշխատատեղի մասին է»,- ասում է Մելիքյանը։

Ուռենու կտրոններ տնկելով ու ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր՝ նախարարությունը նպատակ ունի մեղմել  բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հավանական վտանգը։

Բայց մինչև տնկելը, նախ՝ ուռենու կտրոնների մասին․«Տնկումը պիտի կատարվի կտրոնների միջոցով, այսինքն՝ պարզապես առողջ ճյուղերի հատվածներ կտրվում են ու տնկվում։ Դրանից հետո հողի մեջ իրենք իրենց արմատներ են ձգում և շատ հեշտ աճում են»,– բացատրում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» անտառավերականգնման ծրագրի համակարգող Սոնա Քալանթարյանը։

Հիմնադրամն այն երեք կազմակերպություններից մեկն է, որ պատրաստվում է նախարարությունը օգնել միջոցառումն իրականացնելու հարցում։ Մյուս երկուսը  «Հայանտառ» ՊՈԱԿ-ն  ու «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն են։

Մինչև ծրագրի իրականացումը համակարգման աշխատանքներ կիրականացվեն, որ միջոցառման շահառուն ծառ տնկելու ու հետո տնկին ցանկապատելու տարրական կանոններն իմանա։

«Նախ պիտի այցելենք այդ գյուղեր, տարածքները տեսնենք, համայնքների բնակիչների հետ խոսենք, որպեսզի հասկանանք՝ ինչ քանակի մասին է խոսքը։ Դրանից հետո, իհարկե կլինեն տեղեկատվական փոքրիկ դասընթացներ, ինչպես նաև տեղում կլինեն մարդիկ, որոնք կօգնեն»,– ասում է Սոնա Քալանթարյանը։

Կտնկվի 2 մլն ուռենի, միջոցառման համար նախատեսվում է ծախսել մոտ 200 մլն դրամ։

Back to top button