ԿարևորՄշակույթ

149 տարի անց էլ «Պեպո»-ն արդիական է

Հայ թատրոնի ամենաշատ բեմադրված գործերից մեկը՝ «Պեպո»-ն արդեն 149 տարեկան է: Առաջին անգամ Սունդուկյանի այս կատակերգությունը բեմադրվել է Թիֆլիսի հայկական թատրոնում՝ 1871 թվականի ապրիլի 30-ին։ «Պեպո»-ի հռչակը շատ կարճ ժամանակահատվածում տարածվել էր նաև վրաց հասարակության շրջանում, եւ Սունդուկյանը թարգմանելով այն նաև վրացերեն՝ բեմադրվել է Թիֆլիսի վրաց բարբառով՝ համեմված հայերեն բառերով։ Դրա մասին հետո վրացի թատերագետները պիտի ասեին՝ «Պիես, որի նմանը դեռ չէր տեսել վրաց բեմը»։ Ինչպես է ստեղծվել Պեպոն և որն է այս գործի հաջողությունը․

«Պեպո»-ն ստեղծվում է 1870-ականների Թիֆլիսում, երբ շուրջբոլորը կենսուրախ կինտոներ էին, բացօթյա խնջույքներ, գինետնեն ու դուքաններ, նեղլիկ փողոցներով սլացող ֆայտոններ, ի վերջո գունեղ քաղաքն իր ողջ նիստ ու կացով։ «Պեպո»-ն հենց այս միջավայրի ծնունդն էր՝ իսկական արտացոլանքը։ Ինչպես ստեղծվեց աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին գործը, պատմում է Թբիլիսիի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը․

«Գաբրիել Սունդուկյանն ու Գևորգ Չմշկյանը քայլում էին Հին Թիֆլիսով ու հանդիպում էին կինտոների, որոնք խոնարհվելով էին բարևում արդեն մեծ դրամատուրգին ու դերասանին։ Սունդուկյանը Չմշկյանին ասում է՝ ես կինտոյի մասին մի գործ եմ գրելու և այդ դերը խաղալու ես դու»։

1871 թվականի ապրիլի 29-ին և 30-ին հայ թատրոնի բեմում «Պեպո»-նէր՝ լեփ լեցուն դահլիճով։ Ներկայացման հռչակը հասնում է նաև վրացական թատրոն, Սունդուկյանը իր պիեսը թարգմանում է նաև վրացերեն։ Վրացական բեմում այն առաջին անգամ ներկայացվում է 1874 թվականին՝ Քութայիսում։ Մեկ տարի անց սունդուկյանական այդ գլուխգործոցը կրկին վրացական բեմ է բարձրանում արդեն մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ Պեպոյի դերը կատարելու համար հրավիրվում է հայկական թատրոնի ճանաչված դերասան Գևորգ Չմշկյանը։

Շուրջ երեք շաբաթ անց, հանդիսատեսի խնդրանքով,  այդ ներկայացումը նույն կազմով կրկնվում է։ Ու այդպես Վրաստանի մայր թատրոնի բեմից այն չի իջնում տասներկու խաղաշրջան։

1955 թվականին «Պեպո»-ի 200-րդ ներկայացումն էր վրացական թատրոնի բեմում և Չմշկյանից հետո երկրորդ հայազգի դերասանը վրացերեն Պեպոյի դերում Բաբկեն Ներսիյանն էր։

«Մենք հարյուրավոր Պեպոներ  ենք ունեցել և դեռ շատ ենք ունենալու։ «Պեպո»-ի հաջողության գաղտնիքն ուղղակի Թիֆլիսն է, գունեղ Թիֆլիսն իր ամեն ինչով, սունդուկյանական թիֆլիսահայ բարբառով, իր զգեստներով, կինտոներով, երգ ու պարով, ահա սա է Պեպոյի գույնը, իր իմաստուն մենախոսությամբ և իզուր չէ, որ «Պեպո»-ն համարվում է Սունդուկյանի գլխուգործոցը»։

Բայանդուրյանի խոսքով ընդհանրապես «Պեպո»-ն Թիֆլիսի հայկական թատրոնից պետք է անպակաս լինի։ Կես տարի անց, երբ թատրոնի կառուցման աշխատանքները կավարտվեն, խաղացանկում կվերականգնվի նաև «Պեպո»-ն։

Թիֆլիսյան բարբառով համեմված Սունդուկյանի խոսքը, ոչ այլ ինչ, քան հեղաշրջում էր հայ դրամատուրգիայի մեջ: Սունդուկյանն առաջինն էր, ով հայ դրամատուրգիայում պատկերեց քաղաքային կյանքն ու կենցաղը: Առաջինը խոսեց հասարակության ցածր խավերի հոգս-ուրախության մասին՝ ընդգծելով վերջիններիս ազնվությունն ու մարդկային մաքուր ու շիտակ խառնվածքը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը՝ ընդգծելով՝ իսկ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է, որ իր մեջ կրում է քննադատական հզոր շերտեր։

Շատ ավելի ուշ, 1935 թվականին, հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը նկարահանում է առաջին հայկական հնչյունային գեղարվեստական ֆիլմը, նույն ինքը՝ «Պեպոն»:

Թիֆլիսը դեռ պահպանել էր սունդուկյանական ժամանակների գծերը, բայց դրանք արդեն անհետանում էին: Բեկնազարյանը ամիսներ է անցկացնում այս քաղաքում՝ շրջում շուկաներում, որսում նորանոր տպավորություններ ու տեսնում ողջ ֆիլմը, պատկերացնում, որ դրա կուլմինացիան դառնալու է Պեպոյի երգը, որը նա երգում է Քուռ գետում։

«Ի դեպ, նկարահանումների մի մասն իրականացվում էր Վանքի գավթում և եկեղեցու ներսում: Եվ շնորհիվ հենց այդ կինոկադրերի առայսօր պահպանվել են Վանքի տաճարի արտաքին ու ներքին տեսքի բացառիկ տեսարանները»:

Ասում է Լևոն Չիդիլյանը, ով այս օրերին ուսումնասիրում է Թիֆլիսի Վանքի Մայր տաճարը և նրա գավթում թաղված մարդկանց կենսագրությունը։ Վանքի պանթեոնից միայն մի քանի տապանաքար է փրկվել, այդ թվում Սունդուկյանինը։

«Ի դեպ, Սունդուկյանի թաղման օրը, կտակի համաձայն, թաղման կարգը կատարվել է մեկ քահանայի և մեկ տիրացուի մասնակցությամբ: Իսկ բնակարանից մինչև Վանքի տաճար դագաղն իրենց ուսերին տարել են 12 հավլաբարցի կինտոներ՝ Պեպոյի զգեստ հագած»,-ասում է Չիդիլյանը:

Back to top button