ԿարևորՄտքերի խաչմերուկ

Փոքր ու միջին բիզնեսը երկար է զգալու «կորոնավիրուսային շաբաթների» ծանր բեռը

«ՓՄՁ-ները բախվելու են լուրջ խնդիրների, քանի որ բնակչության գնողունակության կտրուկ անկման հետևանքով  առաջիկա ամիսներին ներքին առևտրաշրջանառության մեջ ծագելու  են իրացման հետ կապված լուրջ խնդիրներ, ինչն իր հերթին բերելու է բիզնեսի  ծավալների  և հարկերի նվազման»,- կանխատեսում է տնտեսագետ Կարեն Ավագյանը՝ համաձայնելով այն դիտարկմանը, որ հատկապես փոքր ու միջին բիզնեսն է իր վրա զգալու  կորոնավիրուսային շաբաթների ծանր բեռը։

Պատասխանելով հարցին, թե  արդյոք բավարար էր ՓՄՁ-ներին  ուղղված պետական աջակցության ծավալը,  «Հայացք Գյումրիից»  հաղորդաշարի հեղինակը նշում է, որ  կառավարության ծրագրերում  փոքր ու միջին բիզնեսն ընդգրկված է այն ծավալով, որ չդադարեցնի կենսագործունեությունը և փորձի պահպանել աշխատատեղերը։  Այդ ծավալները, պետության հնարավորությունները հաշվի առնելով,  ունեն օբյեկտիվ պատճառներ, բայց  բավարար չեն։  

«ՓՄՁ գործունեությունը կազմում է ՀՆԱ-ի 20-25 տոկոսը, գուցե մեծ թիվ չէ, որ պետությունն առաջնահերթ անդրադառնա դրանց խնդիրներին։ Բայց փոքր ու միջին բիզնեսը մեծ զբաղվածություն է ապահովում, ու առաջիկայում երկրում կաճի գործազուրկների թիվը։  Եթե մինչ այժմ շատերը չէին ազատվել աշխատանքից ՓՄՁ-ներին կառավարության աջակցության  ծրագրերի շնորհիվ, ապա առաջիկայում կարող են ազատվել այն բարդությունների պատճառով, որոնց բախվելու են տնտեսավարողները»,-նշում է նա։

Տնտեսագետը կառավարությանն առաջարկում է հստակեցնել ՓՄՁ-ներին հետագա պետական աջակցության շրջանակները, որը պարտադիր չէ, որ գումարային լինի։ «Այդ աջակցությունը հնարավոր է հարկային զիջումների կամ վարկային արձակուրդի երկարացման տեսքով՝ պահպանելու աշխատատեղերը: Իսկ ճիշտ գործիքների կիրառման դեպքում կարելի է նաև հայտնաբերել աջակցության կարիք չունեցող տնտեսավարողներին, որոնց մասին խոսեց վարչապետը»,- ասում է Կարեն Ավագյանը։

Միաժամանակ տնտեսագետն անխուսափելի է համարում  գործազրկության աճը, և սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով առաջարկում է պետական աջակցությամբ ստեղծել նոր, այդ թվում՝ ժամանակավոր աշխատատեղեր։

Կարեն Ավագյանը նաև ընդգծում է․ չնայած տնտեսական անկման կանխատեսումներին, հնարավոր է հայկական բիզնեսն ավելի արագ ու քիչ վնասներով կարողանա վերականգնվել՝  հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները։

Back to top button