ԿարևորՀասարակություն

Սյունիքում կորոնավիրուսով վարակված մեկ դեպք կա

Սյունիքում կորոնավիրուսով վարակված մեկ դեպք կա։ Մարզում մեկուսացվածները՝ ապրիլի 29-ի դրությամբ, 21-ն են, «Ռադիոլուրին» տեղեկացրեց մարզպետ Հունան Պողոսյանը, նշելով, որ իրավիճակը վերահսկելի է։

Կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքեր Սյունիքում չեն գրանցվել։ Մարզպետ Հունան Պողոսյանը ընդհանուր պատկերն է տալիս, թվեր է ներկայացնում, շեշտելով, որ դրանք փոփոխվում են։

 «Թեստավորել ենք առնվազն 523 անձի և ունեցել ընդամենը 26 հաստատված դեպք։ Վերջին հաստատված դեպքը երեկ չէ առաջին օրը թեստավորման արդյունքում Գորիսի մեր բնակչուհու մոտ հաստատված դեպքն է։ Այս պահին հաստատված երկու դեպք ունենք»։

Հունան Պողոսյանի խոսքով՝ Գորիսի 67- ամյա կնոջ դեպքը չհաշված,  հաստատված 25 դեպքերը ունեցել են 3 օջախ։

 «Երկուսը կապված էին եվրոպական երկրից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների հետ, մեկը՝ Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակցի հետ։ Հետո նրանց հետ շփված անձանց մոտ»։

Քանի որ երեք տարբեր օջախներ են, որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի, հարցին ի պատասխան Հունան Պողոսյանն ասաց։

 «Իհարկե վերահսկելի է։ Երբ ի սկզբանե հայտնի է վարակի աղբյուրը, հնարավոր շփման մակերեսը, շրջանակները և ինքնամեկուսացվող, մեկուսացվող, ցուցումով մեկուսացվող անձանց բարձր ինքնագիտակցությունը»։

Ապրիլի 29-ին ժամը 11։00-ի դրությամբ Սյունիքում մեկուսացվածների քանակը 21 է։ Իսկ ինչ վերաբերում է մարզի հյուրանոցների աջակցմանը, անկեղծանում  է․

 «Լինեմ անկեղծ, ոչ բոլոր հյուրանոցներն են պատրաստ համագործակցելու։ Բայց ունենք նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք համագործակցում են մեզ հետ։ Դա համապատասխան ձևաչափով է լինում՝ զբոսաշրջության կոմիտեի հետ, որոշակի տրամաբանության շրջանակներում։ Այս պահին Գորիսի հաստատված դեպքով անձի հնարավոր շփման շրջանակները մեկուսացված են Գորիսի տարածաշրջանի հյուրանոցներից մեկում»։

Բուժհաստատությունները ձեռք են բերել անհրաժեշտ գրեթե բոլոր պարագաները։ Օգնել են բարերարներ, օգնում է առողջապահության նախարարությունը։ Մարզպետը օրինակ է բերում Կապանի բժշկական կենտրոնը։

 «Հաշված օրերի ընթացքում չգործող մասնաշենքը շատ արագ վերանորոգել ենք, առաջին անհրաժեշտության բոլոր կոմունիկացիաները անցկացրել ենք, դարձրել առանձին ինֆեկցիոն բաժանմունք»։

Հունան Պողոսյանը նշեց նաև, որ այս օրերին շուրջ 3200 ընտանիքի, որոնք խոցելի խմբերի մեջ են մտնում, տրամադրվել է օգնություն։ Ցանկը համապատասխան նախարարություններն են տրամադրել, համակարգել է մարզպետարանը։

Back to top button