ԿարևորՄշակույթ

Ջազի միջազգային օրը՝ առցանց

Ջազի միջազգային օրն ամեն տարի յուրահատուկ երանգ է տալիս գարնանային Երևանին, Կասկադն էլ վերջին տարիներին  ջազի խորհրդանիշ է դարձել շատերի համար։ Ջազի սիրահարներն այսօր, սակայն, Կասկադ չեն շտապի։  Ջազի հայկական  ասոցիացիան իր ամենամյա Ջազ փառատոնն այս տարի  տեղափոխել է առցանց հարթակ, կարանտին է։ Կարանտինային ձեր օրն այսօր երեկոյան ջազով լցնելու հրաշալի հնարավորություն ունեք։

Եթե համացանցում կարելի է աշխատել, սովորել ու քննություն հանձնել, ուրեմն՝ ինչու չի կարելի ջազ փառատոն անցկացնել։ Ջազի հայակական  ասոցիացիան իր ամենամյա Ջազ փառատոնն այս տարի տեղափոխել է հեռավար հարթակ։  Ջազի միջազգային օրվա առիթով  այսօր երեկոյան ջազային հրավառություն է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Ասոցիացիայի  նախագահ Կամո Մովիսյանն ասում է՝ փոքր–ինչ անսովոր է, բայց կարծեք թե վատ չի ստացվելու․

«Ջազի հայկական ասոցիացիան ամեն տարի անդրադառնում է այս օրվան, համերգ է կազմակերպում Կասկադում։  Ավանդույթին հետևելով, բայց նաև հաշվի առնելով, որ այս տարի այդ հնարավորությունը չկա, մենք  որոշեցինք համերգն անել օնլայն հարթակում։  Հրավիրել ենք մեր բոլոր ճանաչված ջազմեններին , նախապես նկարահանել ենք և երեկոյան   20․ 00-ին  Ջազի հայկական  ասոցիացիայի ֆեյսբուքյան էջով կներկայացնենք համերգը»։

Ավագ ու երիտասարդ սերնդի՝ հանրապետության լավագույն ջազմեններն այսօր կլինեն օնլայն փառատոնի մասնակիցները։  «Մեցցո» ակումբում նկարահանված  2.5 ժամ  տևողությամբ առցանց համերգը   կարող է ջազով լցնել ձեր կարանտինային երեկոն։  

Ջազմեն Վահագն Հայրապետյանի համար  առցանց համերգային կյանքն արդեն սովորական է դարձել, այնպես որ՝ առցանց ջազային փառատոնի գաղափարն  էլ նրան առանձնապես խորթ չի թվում․

«Արդեն անսովոր չէ, որովհետև մարտի 28-ից ինքս ամեն օր օնլայն համերգներ եմ տալիս։  Նույնիսկ դարձել են շատ արդիական։ Այսօր ամբողջ օրը օնլայն համերգներ ու հարցազրույցներ եմ տալու»,- ասում է Հայրապետյանը։

Օրվա առիթով Վահագն Հայրապետյանը շնորհավորում է ինչպես ջազմեններին, այնպես էլ  ջազի սիրահարներին, որովհետև առանց նրանց, ինչպես ասում է, ոչինչ չի ստացվի։ Ի վերջո, ջազը երկխոսություն է երաժշտի և ունկնդրի միջև։

«Ջազը ընդհանրապես կյանքի իմաստն է կազմում․ և՛ երկխոսություն է, և՛ սեր է, և՛ մարդկային հարաբերություններ է, և՛ պոզիտիվ տրամադրություն է»,- նշում է երաժիշտը։

Ունկնդիրներիս հաճախ թվում է, թե ջազի մասին նա գիտի ամեն ինչ, բայց ինքնամեկուսացման օրերին ջազի աշխարհում բազմաթիվ նոր բացահայտումներ է արել , որովհետև մաեստրո Երվանդ Երզնկյանի համար ջազը  նաև անսահմանություն է։

Ջազի միջազգային օրն ամեն տարի  հրաշալի նշում է նաև Գյումրին՝ ավանդույթ դարձած «Ջազ հայաթ» միջոցառմամբ։  Գյումրու «Ջազ հայաթը» ևս այս տարի առցանց հարթակում է։ Առցանց կհիշեն հատկապես հին ու չմոռացվող կատարումները։  Ի հեճուկս համավարակին, քաղաքական վայրիվերումներին ու սոցիալական մշտակա խնդիրներին՝ աշխարհն  այսօր ջազ է լսելու։

Կարդացեք նաև
Close
Back to top button