ԿարևորՀասարակություն

Ովքե՞ր են 8-րդ ծրագրի նոր շահառուները

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է շուրջ 55 միլիարդ դրամ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 22 հազարից ավելի  կազմակերպություն և շուրջ 775 հազար մարդ:

Կառավարությունն  այսօր ընդլայնել է սոցիալական աջակցության 8-րդ ծրագրի շահառուների ցանկը։ Հաստատվել է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ ծրագիրը, որը  ժամանակավոր 1000 աշխատատեղ կստեղծի։

Նազարյանների ընտանիքի անդամներն  արդեն մի քանի շաբաթ սոցիալական աջակցության ծրագրերի էջերն են թարմացնում, մուտքագրում իրենց տվյալները՝ օրը մի քանի անգամ․   

 «Սկեսրայրս աշխատում է կարի արհեստանոցում, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ փակվել է։ Սոցիալական աջակցության որևէ ծրագրում ներառված չէ մեր վեց հոգանոց ընտանիքը»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը  մայիսի  4-ից հետո կարող է ևս մեկ անգամ մուտքագրել իր տվյալները dimum.ssa.am կայքէջ, և ամենայն հավանականությամբ պատասխանը դրական կլինի։ Սոցիալական աջակցության ութերորդ ծրագրի շահառուների ցանկն  ընդլայնվել է շուրջ 36 հազարով և  ավելի քան  2 մլրդ դրամով։

Ծրագրում ներառվել են նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, որոնք  տուժած ոլորտների գրանցված աշխատակիցներ են։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը թվարկում է, թե որ ոլորտներն են ավելացել։  

«Հագուստի արտադրություն, կոշիկի եւ այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում եւ նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիկական գործունեություն»,- ասում է նախարարը։

Կոնկրետ այս ծրագրում շահառուների մի մասը մերժվում է, քանի որ տնտեսական գործունեության  տեսակի  դասակարգիչներն են սխալ  ներկայացրել։  Մինչև մայիսի  5–ը գործատուները ժամանակ ունեն  ՊԵԿ-ին ճշգրտված  դասակարգիչները ներկայացնելու։  Ապրիլի 1–ից 29–ը  տնտեսական դասակարգիչներն ուղղել է շուրջ 20 հազար  կազմակերպություն՝  ավելի քան 6  հազար աշխատակցով։  

 «Հաճախ մենք ունեցել ենք խնդիրներ, երբ քաղաքացիները իսկապես շահառու են հանդիսացել, բայց կազմակերպությունն ոլորտը սխալ է ամրագրել ՊԵԿ շտեմարանում, որի հետևանքով էլ  խնդիրներ են առաջացել»,- ասում է Բաթոյանը։

Ութերորդ ծրագրի  շահառուների  ցանկն ընդլայնվում է արդեն  երկրորդ  անգամ։ Այն վերաբերում է  կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտների գրանցված աշխատողներին։  Նախարարը հորդորում է բանկ այցելել միայն հաղորդագրություն ստանալուց հետո՝ հերթերից խուսափելու համար։

Սոցիալական աջակցության ծրագրերով արդեն  բաշխվել է ավելի քան 55  մլրդ դրամ, բայց տվյալներն անընդհատ փոխվում են՝ ասաց վարչապետը։

«Մեր հակաճգնաժամային  միջոցառումներից  օգտված  շահառու տնտեսվարողների թիվը 22 հազար է, շահառու ֆիզիկական անձանց թիվը՝ 775 հազար»,- նշում է վարչապետը։ 

Սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակում տրվող գումարները միանվագ են։ Կառավարությունը  կարևորում է  հատկապես դրանց հասցեականությունը՝  վստահեցնելով, որ աջակցության ծրագրերը շարունակվելու են։

Back to top button