ԿարևորՀասարակություն

Խստացնե՞լ, թե՞ մեղմել արտակարգ իրավիճակը․ երկու սցենարներն էլ հնարավոր են

Կորոնավիրուսի 2 ամիսների ընթացքում  այսօր  գրանցվել է վարակվածների  ռեկորդային թիվ՝ 134 նոր դեպք։ Կառավարությունը քննարկում է սահմանափակումները մեղմելու, անվտանգության կանոնները խստացնելու հարցը, բայց նաև չի բացառում ավելի կոշտ սցենարների հնարավորությունը։

«Մասիս բժշկական կենտրոն»-ի շտապօգնության 32-ամյա բժիշկ Դավիթ  Գալստյանն արդեն 2 շաբաթ է,  վերադարձել է տուն։ Նա կորոնավիրուսով վարակված այն բժիշկն է, որն առաջնեկի ծնվելու  լուրն իմացել է մեկուսացման մեջ։

Կորոնավիրուսը հաղթահարած բժիշկը  երեկ  բաց նամակով դիմել էր  վարչապետին՝ խնդրելով   մի կողմ դնել թավիշը և խստագույնս հետևել իր հանձնարարականների կատարմանը։ «Երկրում տիրող արտակարգ իրադրության պայմաններում, երբ կրկին հասարակ ժողովուրդն է հայտնվում ծանրագույն վիճակում, առավելագույնս անհրաժեշտ է Ձեր անմիջական վերահսկողությունը»,–ասված էր բաց նամակում։  

Հիվանդությունը  հաղթահարած բժիշկը  հորդորում էր առավել ուշադիր լինել այս վիրուսի նկատմամբ։ 

Այսօր կառավարության նիստում հայտարարվեց  կորոնավիրուսի 2 ամիսների ընթացքում գրանցված   վարակվածների ամենամեծ թիվը ` 134 նոր դեպք։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝  արհեստական շնչառության սարքերով այս պահին 6 քաղաքացի է,  ծայրահեղ ծանր վիճակում  հիվանդներից  17–ն են, ծանր վիճակում՝ 59–ը։ 

«Իրականության այս սցենարի զարգացման դեպքում մենք, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, շատ թեթև քաղաքացիներին արդեն չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ Փորձելու ենք հնարավորինս ձգել այդ օրը, երբ այդ որոշումը կկայացնենք։ Դա ապագայում բերելու է հետագա տարածման: Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել, թեև այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք»։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ տարածման դինամիկայից կախված՝ որոշումները կարող են փոփոխվել։

«Մենք  այժմ  վարում ենք  մեղմացումների քաղաքականություն ու եթե տեսնենք,որ   բերում է  վտանգավոր հետևանքների ու վարակի տարածումը և տեմպը աճում է, ապա  կանցնենք ամենակոշտ ռեժիմին»,–ասում է Ավինյանը։

Ի դեպ, մայիսի 4 –ից տնտեսական գործունեության մի շարք տեսակների համար  սահմանափակումները հանվելու են ։  Պարետն ասում է, որ  շատ խիստ են լինելու տնտեսվարողների նկատմամբ, որպեսզի նրանք  պահպանեն  անվտանգության  կանոնները։

« Տնտեսվարողների շահերից  է  բխում կանոնների պահպանումը։ Եթե որևէ մի տնտեսվարողի մոտը մեկը վարակվի ,ապա ավտոմատ կերպով այդ տնտեսվարողի գործունեությունը կդադարեցվի»,–շեշտեց Ավինյանը։

Իհարկե, շատ բան  կախված  է   վարակակրի վարքագծից  և եթե  հիվանդների թիվը գնալով  աճի, ապա  կառավարությունը որոշելու է ախտանշաններ չունեցող հիվանդներին  տանը թողնել։  Առողջապահական համակարգը միաժամանակ  կարող է սահմանափակ թվով՝ 1500   ծանր դեպք սպասարկել։

Back to top button