ԿարևորՔաղաքական

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իտալացի գործընկերոջ հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ Կառավարության անունից զորակցություն է հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:

Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը: 

Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ: 

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի: 

Back to top button