ԿարևորՀասարակություն

Գավառի ողբերգության հետքերով․ ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ

Գավառում ապրիլի 28-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը, որը հանրային լայն հնչեղություն ստացավ, մի շարք հարցեր է առաջացնում: Ինչո՞ւ տեղի ունեցավ այս ողբերգությունը,  ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ կանխել այն: Այս հարցերն այսօր քննարկել են քաղհասարակության ներկայացուցիչներն ու փորձագետները:

Ի մի բերելով լրատվամիջոցներում եւ ոստիկանության կողմից հրապարակված տեղեկությունները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խնդիր է համարում այն փաստը, որ ոստիկանությունը դեմ հանդիման կանգնեց մի իրավիճակի, որում չկարողացավ իրականացնել իր գործառույթները:

 «Կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ցավոք, նման իրավիճակներում պատրաստ չէ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել մարդկանց անվտանգությունը, առողջությունը: Դասեր պետք է քաղել, եզրակացություններ պետք է անել, եւ դրանց հիմքում ընկած է ոստիկանական համակարգը արմատապես փոփոխելուն, փոխելուն ողղված  տրամաբանությունը»,- ասաց Սաքունցը:

Նա նկատում է, որ գործով ձերբակալվածների թիվն ավելանում է, միաժամանակ կասկած է հայտնում, թե արդյոք ձերբակալվածներն իրապես այն մարդիկ են, որոնք կատարել են  այդ գործողությունները:


«Բոլոր դեպքերում, ունենք հարցեր թե՛ օպերատիվ աշխատանքների, թե՛ ոստիկանության պատրաստվածության, թե՛ ոստիկանության գործողությունների կառավարման հետ»,- նշեց
 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը համամիտ է, որ ոստիկանության բարեփոխումներն օր առաջ է անհրաժեշտ իրականացնել: Ըստ նրա, սակայն, կան նաեւ այլ՝ խորքային խնդիրներ:

 «Այդ դեպքերի զարգացումը բավական երկար է եղել, այսինքն՝ այստեղ ոչ միայն ոստիկանությանն է հարցադրումը, այլև, օրինակ, Քննչական ծառայությանը, օրինակ՝ օպերատիվ հետախուզական տվյալների մշակմանը կամ դրանից եզրակացություններ անելուն»:         

Բացի այդ, ըստ պատգամավորի, Նորատուսի դեպքերի առնչությամբ կա արմատական խնդիր՝ կապված մարդկանց մտածողության, կրթության հետ, նաեւ՝ թե ինչ արժեքներով են առաջնորդվում եւ ինչ սոցիալ-տնտեսական կապերով:

 «Որովհետեւ, գաղտնիք չէ, որ այդ կապերը՝ այսպես ասած ոչ ֆորմալ, տնօրինել են քրեական ենթամշակույթի  ներկայացուցիչները: Նրանց, այսպես ասած, չեզոքացման կամ դուրսմղման պարագայում առաջանում են այսպիսի վակուումներ: Իհարկե, տարբերակն այն չէ, որ հետ գնաս այն վատ վիճակին, այլ՝ նաեւ վերափոխես մարդկանց, խոսես հետները»: 

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանն էլ նկատում է, որ ընդհանրապես երկրում քաղաքական, ֆինանսական, տնտեսական ճգնաժամերի ժամանակ հանցավորության աճ է լինում, եւ դա դասագրքային ճշմարտություն է: Փորձագետը, սակայն, որոշակի բաց է տեսնում՝ ընդհանրապես հանցավորությունների վերաբերյալ վերլուծությունների առումով:

«Ես մինչեւ էսօր ՀՀ-ում այդպես էլ չգիտեմ մի կառույց, որը պրոֆեսիոնալ կերպով վերլուծում է հանցավորությունը՝ ընդհանրապես, մեր երկրում աճու՞մ է, թե՞ նվազում: Այդպիսի վերլուծություններ չկային ոչ քրեական ենթամշակույթը պատժելու օրինագծերի նախագծերում, ոչ որեւէ այլ տեղ»,- նշում է Արշակ Գասպարյանը:

Որտեղի՞ց այսքան զենք-զինամթերք քաղաքացիների մոտ: Սա նույնպես, ըստ փորձագետի, վերլուծության համար առանցքային խնդիր է:

 «Վերլուծությունը վիճտվյալները չեն: Նման տվյալները ստեղծում է ոստիկանությունը, բայց վերլուծություն անող մարմինները պիտի լինեն առավել  առանձնացված միավորներ, որոնք որ կտան ելքով չշահագրգռված ամբողջական պատկեր՝ ինչու՞ է կատարվում հանցագործություն, ինչու՞ այդ համայնքում, ինչու՞ այդ մարդկանց կողմից եւ այդպես շարունակ»: 

Սրանք են հարցերը, որոնց  պատասխանները Հայաստանի Հանրապետությունը պրոֆեսիոնալ մակարդակով չունի՝ եզրափակում է քրեական արդարադատության փորձագետը:

Կարդացեք նաև
Close
Back to top button