ԿարևորՏնտեսական

Հայտերի 60 տոկոսը բավարարվել է, 40 տոկոսը՝ մերժվել․ էկոնոմիկայի նախարար

Գործնականում բացառվում է, որ որեւէ մեկը կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամը նվազեցնելու համար կառավարության աջակցության շրջանակներում  վարկավորման հայտի մերժում ստանա՝ բավարարելով սահմանված չափանիշները․ այսօր ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների իրականացման ընթացքին: Հայտերի շուրջ  60 տոկոսն, ըստ նախարարի,  բավարարվել է, իսկ  40 տոկոսը մերժվել՝ հիմնավոր պատճառներով:

Գործնականում բացառվում է, որ սահմանված չափորոշիչներին բավարարող որեւէ մեկը դիմի աջակցության միջոցառումներից օգտվելու համար ու մերժվի՝ վստահեցրեց  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Իհարկե, այս ժամանակահատվածում ունեցել ենք մերժումներ՝ ասաց նա, ապա պարզաբանեց.  «Որպեսզի պատկերավոր լինի, կարող եմ ասել, որ մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել է, եւ մոտավորապես 40 տոկոսը մերժվել: Մերժվել են, որովհետեւ չեն համապատասխանել ոլորտային այն գործունեության տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են որպես աջակցության թիրախային շրջանակ»:     

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն ուղղված կառավարության միջոցառումների 4 ծրագրերից օգտվածների թվերն ամեն օր փոխվում են եւ ավելանում՝ ասում է Տիգրան Խաչատրյանը:

 «Եթե, այնուամենայնիվ, կան փաստեր, որ չափանիշները բավարարված են, և վարկի հայտն  այս կամ այն պատճառով բավարարում չի ստացել, մենք նման դիմումներ ստանում ենք ամեն օր բազմաթիվ կազմակերպություններից: Յուրաքանչյուր դեպքում դիտարկում և արձագանքում ենք: Առաջարկում եմ՝ դիմել եւ ներկայացնել կոնկրետ փաստերով և, վստահաբար, իմ գործընկերները կարող են, տվյալ օրինակին ծանոթանալով կամ մանրամասները հասկանալուց հետո, արձագանքել»,- նշեց նախարարը:

Կառավարությունը նպատակ ունի հատկապես աջակցել ոլորտային այն կազմակերպություններին, որոնք առավել մեծ չափով են տուժել կորոնավիրուսի հետեւանքով՝ ասաց նախարարը: Անցած մեկ ամսվա ընթացքում փաստացի շահառուների թվային պատկերն  այսպիսին է. 

«Առաջին գործիքի շրջանակներում այս մեկ ամսվա ընթացքում օգտվել են արդեն 284 կազմակերպություններ, որոնք ունեն 24,6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Երկրորդ միջոցառման շրջանակներում շահառու ֆիզիկական անձանց և կազմակերպությունների թիվը գերազանցում է վեց հազարը: Ընդ որում՝ այդ վեց հազարից 5 հազար 5 հարյուրն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչեւ 1 մլն դրամի վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Երրորդ աջակցության շրջանակներում առ այսօր շահառու են հանդիսացել 549 կազմակերպություններ, որոնք ունեն 6,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր»,- ասաց Խաչատրյանը:      

Պետությունը խրախուսել է նաեւ այն կազմակերպություններին, որոնք այս ընթացքում աշխատողներին չեն կրճատել եւ վճարել են այնքան աշխատավարձ, որքան հունվար եւ փետրվար ամիսներին: Այս դեպքում նրանց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը վճարել է պետությունը:

 «Այս միջոցառման շրջանակներում կառավարության կողմից արդեն հատկացված է 1.9 մլրդ դրամ գումար աջակցություն այն կազմակերպություններին, որոնք այդ պահանջը կատարել էին»:

Կառավարությունը շարունակաբար լսում է մասնավոր հատվածից ստացվող արձագանքները, այդ թվում՝ աջակցության գործիքների անհարմարությունների մասին, եւ տրամաբանական բարելավումների վերաբերյալ առաջարկներն ընդունվում են՝ վստահեցրեց նախարարը՝ շեշտելով, որ դրանց հիման վրա բազմաթիվ ճշգրտումներ եւս արվել ու արվելու են:  

 «Ուժի մեջ կմտնի եւս մեկ որոշում, որը կվերաբերի այն կազմակերպություններին, որոնք թեև 2019 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել էին չնչին գումարով ժամկետանց հարկային պարտավորություններ եւ այդ պատճառով չէին կարողացել դառնալ միջոցառումների շահառու։ Այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո, եթե խոսքը  աննշան , տեխնիկական իմաստով փոքր գումարների մասին է, ապա այդ կազմակերպությունները  ևս կարող են որակվել  որպես կառավարության աջակցության շահառուներ»,- նշեց Խաչատրյանը: 

Արձագանքելով գյուղմթերքների իրացվելիության հնարավոր խնդիրների մասին հարցին՝ Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ թեպետ դեռ վաղ է այդ մասին խոսելը, սակայն հենց այսօրվանից իրենք մթերման շուրջ 80 տոկոսը ապահովող մոտ 20 կազմակերպությունների հետ արդեն սկսել են քննարկումները՝ մթերումների հետ կապված հնարավոր խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ: Վստահեցրեց, որ այդ առումով էլ կառավարությունը մինչեւ իրական խնդիրների առաջանալը արձագանքելու է:  

Back to top button