Հասարակություն

ԵՊՀ–ի շուրջ 1000 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցվի

Կառավարության սոցիալական աջակցության 14–րդ ծրագրից, որը վերաբերում է  բուհերի ուսանողների  վարձավճարների  փոխհատուցմանը,   մայր բուհից կօգտվի  998 ուսանող։ Կառավարությունը կփոխհատուցի շուրջ 230 մլն դրամ գումար։

Դոնարա Տոնոյանը սովորում է Երևանի պետական համալսարանի  արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության  բաժնի առաջին կուրսում։  Գերազանց առաջադիմություն ունի։  Կառավարության  սոցիալական աջակցության  14–րդ ծրագրի մասին լսելով՝ միանգամից հաշվել է իր ՄՈԳ–ը՝ միջին որակական  գնահատականը։ 

«Իմ ՄՈԳ–ը մոտավորապես 95.53 է։ Ընդհանուր վարձս 600 հազար դրամ է, որից երկրորդ կիսամյակի գումարը  300 հազար է։ Դրա  75 տոկոսը կփոխհատուցվի»,- ասում է Դոնարա Տոնոյանը։ 

Նա տեղյակ է, որ բուհը ծրագրի շահառուների ցուցակն արդեն  ներկայացրել է կառավարություն և սպասում է հաստատմանը։

Այս ծրագրից օգտվելու համար շահառուներն իրենք դիմում ներկայացնելու կարիք չունեն, նրանց բուհից են տեղեկացնում վարձավճարների փոխհատուցման մասին։  ԵՊՀ–ից՝ ներառյալ Իջևանի մասնաճյուղը,   ծրագրի շահառու է  998 ուսանող։ Նրանցից   25–ն Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են։ Բոլոր շահառուների կիսամյակային վարձի ընդհանուր գումարը 286 մլն դրամ է,  որից կառավարությունը  կփոխհատուցի  228 մլն–ը։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրեց վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեխանիզմը։ Համաձայն կառավարության որոշման՝    ավարտական  կուրսի ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն   100,  իսկ   մյուսներինը՝  75 տոկոսով։  Ծրագրի շահառու կարող են լինել առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոսը։  Ի՞նչ է սա նշանակում։ 

«ԵՊՀ–ում գնահատման  համակարգը 20 միավորանոց  սանդղակ է։ 90 տոկոսը դա 18–ն է կամ ավելի  միջին որակական գնահատականը։  Այստեղ հաշվի է առնվում  ուսման առաջին կիսամյակից  մինչև էս պահը ունեցած  միջին որակական գնահատականը։ Որոշ ուսանողների թվում էր, որ միայն այս տարվա ՄՈԳ–ի հիման վրա է տրվելու աջակցությունը։ Օրինակ 4–րդ կուրսեցիներին թվում էր, թե  4–րդ կուրսի առաջին կիսամյակի արդյունքով  պետք է հաշվի առնվի, բայց ոչ, այդպես չէ, ամբողջ ուսումնառության ընթացքում  ցուցաբերած առաջադիմության  հիման վրա է տրվում փոխհատուցումը»,-նշում է Գեղամ Գևորգյանը։

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ սա արդար  որոշում է, քանի որ այս հաշվարկի հիման վրա  են տրամադրվում նաև  դիպլոմները։

Իսկ առաջինից երրորդ կուրսի  այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը   90 և բարձր  է, կստանան ուսման վճարի  75 տոկոս փոխհատուցում, մյուս 25 տոկոսը կվճարի ուսանողը։   90–ից ցածր ՄՈԳ ունեցող  ուսանողների համար  կգործեն ցածր տոկոսով  վարկեր՝ ասում է Գեղամ Գևորգյանը։  

Կառավարությունը սրանից ավելի օգնություն ուսանողներին չէր կարող  տրամադրել։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կարծում է, որ սա ուսանողին աջակցելու լավագույն տարբերակներից մեկն է։  

« Այդ վարձը երկու կողմ ունի։ Մեկը վճարողինն է, մյուս կողմից էլ՝ մարդիկ պետք է աշխատավարձ ստանան։ Մեր պարագայում մենք կկարողանանք  լուծել աշխատավարձերի հարցը, սակայն աշխատավարձ տալով  մենք զարգացման ծրագրերին  կարող ենք  վնասել։ Մենք չենք բարձրաձայնում , որ սա կամ նա վատ է, բայց այնպես չէ, որ բուհերը   փառահեղ վիճակում են և մենակ նստած ուսման վարձ են պահանջում։  Ահագին հարցեր կան լուծելու, որ այդ գումարներն անհրաժեշտ են»,- հավելում է Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Անդրադառնալով մարտի 23–ին  Մայր բուհում  նախատեսված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված   ռեկտորի ընտրություններին՝  Գեղամ Գևորգյանը նկատեց,  որ ինքը ոչ ընտրող է, ոչ էլ ընտրվող։  Համավարակի պայմաններում հարցը երկրորդական է համարում։ ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը դեռ հայտնի չէ։

Back to top button