ԿարևորՏնտեսական

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում գյուղատնտեսական օժանդակության վարկերի հայտեր ժամանակավորապես չեն ընդունվում

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը ժամանակավորապես դադրեցրել է գյուղատնտեսական վարկերի դիմումների ընդունումը: Բանկը հաղորդում է, որ  ստացվել են աննախադեպ քանակությամբ հայտեր, որոնք չեն կարողանում դիտարկել: Ներմարզային տրանսպորտը չաշխատելու հետևանքով  գյուղացիների մի մասն Արմավիր էր հասել տաքսիով, բայց բանկ մտնել չեն կարողացել: Նրանց տեղեկացվել է՝ դիմել առցանց՝ խուսափելով կուտակումներից:

Կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 2-րդ միջոցառումը գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկային ծրագրերն են, որով աջակցում են գյուղատնտեսության մեջ գործունեություն ծավալող տնտեսվարողներին մեղմելու կորոնավիրուսի հետևանքով առաջացող ռիսկերը:  Լսելով 0 տոկոսադրույքով հատկացվող գյուղատնտեսական վարկերի մասին գյուղացիները շտապել էին հայտեր ներկայացնել և օգտվել անտոկոս վարկերից: Գոհար Ավետիսյանն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Արմավիրի մասնաճյուղ էր եկել Լուկաշին գյուղից, զբաղվում է անասնապահությամբ, բանկ էր ներկայացել գյուղապետարանից վերցրած համապատասխան տեղեկանքով.

«Հիմա դիմում եմ անտոկոս վարկի համար: Իմացել եմ աջակցության մասին, ունեմ այլ վարկեր՝ էլի գյուղատնտեսական, հիմա ուզում եմ վերցնեմ, գոնե էդ վարկը մարեմ, քանի որ  տոկոսները չենք կարողանում մուծենք, մինչև տարվա վերջ եկամուտ կստանանք, կբերենք էս մյուս վարկը կփակենք: Վարկով անասուններ ենք առել՝ 5-6 հատ կով ա, երինջներ են, 2 հատ մայր խոզ են, որոնք ծնել են»:

Արտակարգ դրությունը բացասաբար է անդրադարել ֆերմերի գործունեության վրա, չեն կարողացել անասնամորթ իրականացնել ու եկամուտ ստանալ:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում օժանդակությունը տրամադրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական այն անձանց, որոնք դիմելու նախորդող 12 ամիսներին չեն ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետանց  վարկային պարտավորություններ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ հողի հարկի  և գույքահարկի գծով ժամկետանց հարկային պարտավորությունների հանրագումարը չի գերազանցել 50 000 դրամը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց դեպքում՝ անցած տարվա սկզբից մինչև դիմելու պահը չեն ունեցել 50 000 դրամից ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ՝ պետական բյուջե վճարվող հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ: Գոհար Ավետիսյանը սպասելով բանկի դիմաց այդպես էլ չկարողացավ դիմել, քանի որ բանկն արդեն անցել էր դիմումների  ընդունման առցանց տարբերակին:

Անտոկոս գյուղատնտեսական վարկեր  ստանալու ակնկալիքով բանկի մուտքի մոտ տարբեր համայնքների բնակիչներ էին սպասում:

 «Վարելահող ա իմս, ուզում եմ վերցնեմ, որ մշակեմ, Լենուղի սովխոզից եմ: Անցած տարի եղելա բադրջան, էս տարի ուզում եմ տարբեր բաներ դնենք, մի բան չըլնի, որովհետև կարկուտը կարող գա, մեկին վնասի, գոնե էն մեկն էլ՝ մեկը-մեկի տեղը փակի էլի՝ ոնց ասած,  բիբարա, բադրջանա, պոմիդորա մի հեկտար 3000 մետրա, քիչ չի: Իմացել ենք, որ առանց պրոցենտի ա, եկել եմ, գոնե մեկ միլիոն վերցնեմ: Ես ոչ մի տեղից ոչ մի վարկ չունեմ, առաջին անգամ ա»:

Հողագործը ևս բանկ չկարողացավ մտնել, սակայն մուտքի մոտ կանգնած բանկի աշխատակցից որոշակի տեղեկություն ստացավ.

«Եթե օն լայն դիմեք, ձեզ գալիս է հաղորդագրություն, ամբողջ ինֆորմացիան կարող եք այդտեղից ստանալ: Ժողովուրդ ջան, դիմումների քանակը աննախադեպ շատ է, ուղղակի չենք հասցնում, բոլորից ներողություն ենք խնդրում»:

Ակբա -Կրեդիտ Ագրիկոլ բանկի Արմավիրի մասնաճյուղ ինձ նույնպես թույլ չտվեցին մտնել, կառավարիչն էլ  մերժեց հանդիպումը՝ զբաղված լինելու պատճառով: Մինչև  առցանց տարբերակով հայտ ներկայացնելը  գյուղացիները կարողացել են մտնել բանկ և  դիմել թղթային տարբերակով, իսկ  երկու շաբաթ անց՝ ստանալ անտոկոս վարկերը: Բամբակաշատից խաղողագործ Համբարձումյանը 1.5 հա խաղողի այգի ունի և ստացավ 1 մլն դրամ անտոկոս վարկ: Մեկ տարի առաջ 5 տոկոսով, 4 մլն դրամ վարկ էր վերցրել և ներդրել նորատունկ այգու վրա, անտոկոս 1 մլն դրամ վարկը նույնպես նախատեսված խաղողի այգին մշակելու համար:

Գետաշենում 250 գլուխ խոզ պահող ֆերմերն էլ էր  ավելի վաղ դիմել և ստանում էր վարկը: Ասում է Կորոնավիրուսը խախտել էր պլանները.

«Արդեն ստանում եմ, վերցվում եմ կեր առնենք, ինչ պտի անենք, չի ծախվում միսը, տեսնենք՝ երբ կծախվի, միսը 1500-1600 դրամ ա, առնող կա՞, առնող չկա»:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գյուղատնտեսական  առցցանց դիմումների ընդունումը ժամանակավորապես դադրեցրել է, քանի որ ընդունվել են մեծ քանակությամբ դիմումներ, որոնք հիմա դիտարկման փուլում են: Միաժամանակ բանկի կայք-էջից տեղեկացվում է, որ  նոր տեսակի կորոնավիրուսի չեզօքացման ծրագրերի մեկնարկից սկսած գյուղատնտեսական վարկավորման  տարբեր ծրագրերի շրջանակում բանկը ստացել է  21624 վարկ, որից դիտարկման փդուլում է 14831 հայտ:  

Back to top button