ԿարևորՀասարակություն

Որտե՞ղ կբուժվեն լուծարվող տուբդիսպանսերի հիվանդները

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ընկերությունը կլուծարվի։ Առողջապահության նախարարությունն ընկերությանը չի հատկացրել  պետական պատվեր, իսկ կառույցն  առանց պետական աջակցության  չի  կարող  շարունակել իր գործունեությունը։ Երևանի ավագանին  որոշել է լուծարել   մայրաքաղաքի ենթակայությամբ գտնվող  դիսպանսերը։  Որտեղ կշարունակեն բուժումը պացիենտները, ինչ է սպասվում բուժանձնակազմին և շինությանը:

Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունն  ավագանու որոշմամբ կլուծարվի։  Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը լուծարման նախագիծը ներկայացնելիս ասաց, որ Երևանի ենթակայությամբ գործող դիսպանսերը  մատուցել է  հիվանդանոցային և արտահիվանդամնոցային ծառայություններ, ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Ծառայությունները մատուցվել են  անվճար։  

Առողջապահության նախարարությունը մերժել է ընկերությանն արտահիվանդանոցային  ծառայության գծով պետական պատվեր տրամադրելու առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ Երևանում  արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնություն  ու սպասարկում իրականացնելու համար  արդեն  9 պոլիկլինիկաների հատկացվել են ֆինանսական միջոցներ՝  նախատեսված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար:  Ընկերությունում աշխատել է  74 հոգի,  բայց դիսպանսերն այժմ 12 աշխատակից ունի։

«Հաշվի առնելով, որ տուբերկուլյոզի շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում և բնակչությանը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով,  ուստի առանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարման շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման ընկերության հետագա գործունեությունը անիրատեսական է և ոչ նպատակահարմար: Ուստի խնդրում եմ ավագանուն Հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ–ի լուծարման գործընթացին տալ հավանություն»,- ասաց Առողջապահության վարչության պետը։  

Այս դիսպանսերում ստացիոնար բուժում ստացողներն   իրենց  բուժումը կշարունակեն  Աբովյանի տուբդիսպանսերում, իսկ այն պացիենտները, որոնք ստանում են միայն դեղորայք, դրանք կստանան  իրենց սպասարկող պոլիկլինիկաներից։  Շենքը բարվոք վիճակում է։ Առողջապահության վարչության պետի խոսքով՝  գրավիչ բիզնես առաջարկի դեպքում այնտեղ հնարավոր է որևէ  գործունեություն ծավալել։  Լուծարման խնդրին «Բարգավաճ Հայաստանից»  արձագանքեց Միքայել Մանրիկյանը։

«Փաստորեն ստացվում է նորից մենք հերթական շենքն ենք լուծարում,  այսինքն այդ քաղաքականությունն ենք տանում՝ հիմնարկը  լուծարելու , բուժհաստատությունները կառավարման հանձնելու  մասնավոր սեկտորին։ Լավ այսպես քայլելով մինչև որտե՞ղ պետք է գնանք»։

Մանրիկյանը  առողջապահության նախարարությանը  հիշեցրեց նաև, որ  քաղաքային ենթակայության տակ գտնվող  Նորք Մարաշ հիվանդանոցին  դեռևս չի տրամադրվել 170 մլն դրամի պետպատվերը։  Նույն խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքվեց դիսպանսերի՝  ավելի վաղ պայմանագրերը խզած  աշխատակիցների ճակատագրով։  

«Տուբդիսպանսերում աշխատող 11 բժիշկ  ընդունվել է աշխատանքի։ Մյուսներին ևս  առողջապահության վարչությունը կաշխատի օգնել աշխատանքի հարցում»։

«Իմ քայլից» Սուրեն Էյրամջյանը ևս հետաքրքրվեց  աշխատողների  հետագա ճակատագրով և առաջարկեց  նրանց գիտելիքներն օգտագործել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։  Քանի որ խոսվում է, որ կորոնավարկի հետ հասարակությունը պետք է ապրի կողք կողքի, առաջարկեց այդ  բժիշկներին վերամասնագիտացնել։

« Ձեր առաջարկն ընդունվել է։ Եվ անպայման այդ հարցով  կմտածենք»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝  կորոնավարակի դեմ պայքարին միանալու կոչին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներից միացել է   32 աշխատակից։

Back to top button