ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոհանիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը և Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկու երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար:

Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:

Back to top button