ԿարևորՀասարակություն

Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին օգտվել աջակցության ծրագրերից

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերից օգտվելու համար քաղաքացիները հաճախ դիմում–հայտերը ներկայացնելու դժվարություններ են ունենում, հատկապես առցանց դիմումներ լրացնելիս։  Հանրային պաշտպանի գրասենյակը  առաջարկում է իր աջակցությունը․ հանրային պաշտպանները հայտարարում են, որ պատրաստ են  հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրել։

Իսկ ինչպե՞ս դիմել հանրային պաշտպաններին, ո՞ր միջոցառումների շահառուներին կարող է անհրաժեշտ լինել անվճար իրավաբանական օգնությունը։

Կոտայքի մարզի հանրային պաշտպան Լիլիթ Թարջիմանյանը շուրջ 1 տասնյակ քաղաքացու օգնել է կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու, մասնավորապես դիմում–հայտերը լրացնելու  հարցում։

Շատ են դժվարանում,- ասում է հանրային պաշտպանն ու ավելացնում՝ քաղաքացին պետք է միայն ճիշտ հեռախոսահամարով զանգահարի, մնացածը կանեն իրենք։

«Հարցնում էր՝ արդյոք, որ ծրագրի շահառու է հանդիսանում, պարզվեց, որ 8-րդ ծրագրի, այսինքն՝ տուժած ոլորտի ներկայացուցիչ է, աշխատել էր հանրային սննդի ոլորտում։ Մուտք ենք արել տվյալները, որից հետո հաստատվել է դիմումը և ըստ էության, փոխանցումն արդեն ուներ»,–պատմում է Լիլիթ Թարջիմանյանը։

Մինչև զանգեր ստանալը, փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանն ասում է՝ ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուներն, ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն։

«Հաղորդագրությունը տարածել ենք այսօր առավոտյան, պատրաստ ենք օգնել, զանգերին պատասխանել այնքան ժամանակ, ինչքան որ շահառուները կունենան հանրային պաշտպանին դիմելու անհրաժեշտություն, որևէ սահմանափակում չկա»,– ասում է Հայկ Հակոբյանը։

Հանրային պաշտպանի գրասենյակներում զանգերը չեն դադարում։ Պաշտպանի գրասենյակից ասում են՝ համապատասխան օգնությունը ստանալու համար  անհրաժեշտ է կամ զանգահարել, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել։

Back to top button