ԿարևորՀասարակություն

Կումունալների չվճարումը կհանգեցնի տնտեսական կոլապսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է կոմունալ վճարումների խնդրին։ Հոսանքի և գազի անջատումները թեժ քննարկումների, նաև բողոքի ակցիաների առիթ են դարձել։ Վարչապետը բացատրել է, թե ինչու է կառավարությունը համաձայնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մատակարար ընկերությունների կոշտ դիրքորոշմանը և ինչու է  մարդկանց հորդորում վճարումներ կատարել։

Էդգար Բաբայանի հոսանքն ու գազն անջատել են վճարում չկատարելու պատճառով։ Էդգարն  այսօր մի խումբ  մարդկանց  հետ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում։

Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ գազ, ջուր, լույս մատակարարող ընկերություններն արտակարգ դրության պայմաններում իրավասու չեն դադարեցնել հոսանքի, գազի և խմելու ջրի մատակարարումը և որ բնակիչ-բաժանորդները պետք  է  կատարեն կոմունալ վճարումները, քանի որ երկրում  ստեղծված ֆորս–մաժորային իրավիճակը հաղթահարվել է։

Այս հայտարությանը հետևեցին ՀԷՑ–ի և «Գազպրոմ Արմենիա»–ի հայտարարություններն առ այն, որ դադարեցվելու է  սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար վճարումներ չկատարած բաժանորդների մատակարարումը։

Երեկվանից անջատումները սկսվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքյան եթերում բացատրեց, որ երբ  կառավարությունը հայտարարում էր, թե  վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինի, ենթադրվում էր, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, սակայն այդպես չեղավ:

 «Այսինքն՝  կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգը չաշխատելու մասին: Հետևաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե հազար կամ հինգ հազար քաղաքացու հոսանքն անջատել– չանջատելու մեջ է, այլ նրա մեջ, թե երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե ոչ։ Այս  որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում մոտ  7 մլրդ դրամ վճարումներ են եղել համակարգ»:

Վարչապետն ասում է, որ  իրավիճակից օգտվել են  նաև այն անձինք, որոնք  ունակ են եղել վճարելու, բայց չեն ցանկացել վճարել։  Ըստ նրա՝  եթե  բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը չեն վճարում արտադրողներին, արտադրողներն էլ  չեն կարողանում վճարել մատակարարներին ու աշխատողներին, հետևաբար չեն կարողանում  վճարել հարկերը: Սա տնտեսությունը կանգնեցնում է  կոլապսի առաջ։ Հայաստանում  կա էլեկտրաէներգիայի 775 հազար և գազի 623 հազար բաժանորդ։

Վարչապետի փոխանցմամբ՝ այս ընթացքում անջատվել է 4300 բաժանորդի էլեկտրաէներգիան և 736 բաժանորդի գազամատակարարումը․

«Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ իրական կարիք ունեցողներին  չենք կարողացել մինչև վերջ տեղորոշել։ Այս  4300 մարդը, ում հոսանքն անջատվել է, ենթադրում եմ, որ իրոք կարիքավոր է»։

Ի դեպ, կառավարությունը մտադիր է քայլ առ քայլ մեղացնել սահմանափակումները։

«Մտածում ենք, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պետք է տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի»։

Ըստ վարչապետի ՝ կորոնավիրուսի հետ դեռ ապրելու ենք ու պետք է կարողանանք բնականոն ապրել։

Back to top button