ԿարևորՏնտեսական

Բյուջեն փոխում է կառուցվածքը

Համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքները կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի հիմնական պատճառն են։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր  խորհրդարան է գնացել օրենսդրական երեք փաթեթով։

Մեկն առնչվում էր պետբյուջեին, մյուս երկուսը՝ արտակարգ դրության իրավական ռեժիմին և աշխատանքային օրենսգրքին։ Պետբյուջեին առնչվող երկարատև քննարկումը ֆինանսատնտեսականից վերաճել է քաղաքականի: Համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար  կառավարությունը  նախատեսում է ներգրավել շուրջ  260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

Արժույթի միջազգային կազմակերպության կանխատեսման համաձայն` համավարակի հետևանքով համաշխարհային տնտեսության անկումը կկազմի շուրջ  3 տոկոս։ Մետաղների, նավթի համաշխարհային գների անկում, ռուբլու արժեզրկում, տրանսֆերտների և զբոսաշրջության նվազում․ սրանք ռիսկեր են, որոնք Հայաստանի վրա չազդել չեն կարող։

Այս հաշվարկներն է կատարել կառավարությունը՝ ԱԺ–ին առաջարկելով 2020 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել լրացուցիչ պարտքային միջոցներ: 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան․

«Գնահատականը նախագծի հիմքում դրված սցենարի այն է, որ մենք կունենանք մոտ 2 տոկոս անկում։ Հաշվարկները կատարված են այն տեղեկատվության վրա ինչը որ հայտնի է։ Անորոշության աստիճանը բավականին մեծ է։ Իրականացվել է էկոնոմետրիկ հաշվարկներ, որոնց հիման վրա տրվել է այսպիսի գնահատական։ Ըստ էության, մոտավորապես 150 միլիարդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25–ակա միլիարդ դրամ կօգտագործվեն տնտեսական խնդիրների մեղմման և սոցիալական խնդիրների համար, մոտ 80 միլիարդ դրամ ենթադրվում է, որ կօգտագործվի տնտեսական երկարաժ–ամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար և 20 միլիարդ դրամ պահուստային միջոցներ վերաբաշխելու ըստ անհրաժեշտության։ Այս սցենարի ներքո պարտք ներգրավվելու կարիքը գնահատվում է մոտավորապես 260 միլիարդ դրամ»։  

2020–ի համար կառավարությունը նախատեսել էր 4.9 տոկոսի աճ։ Սպասվող անկման ֆոնին, սակայն, գործադիրը նախապես հաստատված ծրագրերի կրճատում չի նախատեսում՝ վստահեցնում է ֆինանսների նախարարը։ Առաջարկը խիստ քննադատությամբ ընդունեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։ Փաթեթի հիմքում նրանք քողարկված նպատակներ են տեսնում և շարունակում են պնդել ոչ թե նպատակային, այլ  համահարթ օգնության անհրաժեշտությունը։ Հարցի քննարկումն այս համատեքստում առճակատում առաջացրեց ԼՀԿ–«Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև՝ ֆինանսատնտեսական բնույթի քննարկումը վերածելով քաղաքականի։

Ի՞նչ է նշանակում կառավարության առաջարկը և ինչին է ուղղված․ բովանդակային քննարկում խորհրդարանում այդուհանդերձ ծավալվեց։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան․

 «Ունենք ճգնաժամային վիճակ, ճգնաժամային վիճակում բնականաբար, բիզնեսները փակվում են, չեն աշխատում, եկամուտները քչանում են և քիչ հարկեր են հավաքագրվում, բայց մյուս կողմից պետությունն ունի ծախսեր, որոնք պետք է կատարի՝ աշխատավարձեր, թոշակներ, կապիտալ շինարարություն, ռազմական ծախսեր պետք է կատարվեն։ Կարծում եմ՝ ոչ մեկդ չեք կասկածում, որ առաջնայինը դրվում է հանրության ու երկրի շահը։ Ես հավաստիացնում եմ, որքան ձեզ պետք է այդքան գումար բաժանվելու է, ՀՀ–ում ոչ մի մարդ հացի խնդիր չի ունենալու և եղած միջոցառումներին ավելանալու են նորերը»։

Խորհրդարանական երրորդ ուժը առայժմ չի հստակեցնում իր դիրքորոշումը։ Նպատակը լավն են համարում, բայց իրականացման խնդիր են տեսնում, ինչպես նաև կանխատեսվող տնտեսական անկման շեմն են ցանկանում մեծացնել՝ 2–ից մինչև 5–6 տոկոս, որ կատարված հաշվարկներում հետագայում անկանխատեսելի զարգացումներ չլինեն։

Միքայել Մելքումյան․ «Մենք տվել ենք համապատասխան առաջարկներ։ Դա նորմալ է, կառավարության գործն է՝ ընդունում է, թե չի ընդունում, որովհետև պատասխանատվությունը իրենն է, բայց արտակարգ իրավիճակի պայմաններում, պառլամենտական երկրում նաև պառլամենտական ուժերը կրում են իրենց պատասխանատվությունը, ոչ թե՝ առաջարկը տվել ենք՝ ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, մենք կողքից ասել ենք, այդքանը բավարար է։ Այստեղ կարևոր է, որ ճիշտ քայլեր անենք»։   

2 շաբաթ առաջ ԲՀԿ–ն կառավարությանը ներկայացնել էր 5 առաջարկ։ Խորհրդարանին ներկայացված նախագծին պատրաստվում են քվեարկել այնպես, ինչպես կառավարությունը կվերաբերվի իրենց առաջարկներին՝ զգուշացրեց Մելքումյանը։ 2020–ի պետբյուջեի փոփոխությունները կառավարությունն առաջարկել է Աժ–ում քննարկել հատուկ ընթացակարգով՝ 24–ժամյա ռեժիմով։

Back to top button