ԿարևորՏնտեսական

Ազդել է արդյո՞ք կորոնավիրուսը խոշոր հարկատուների վրա

Որքան շատ հարկ, այնքան շատ գումար պետական բյուջե։ Որքան շատ գումար պետական բյուջե, այնքան ավելի մեծ հնարավորություններ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ նրանց վճարած հարկերն ավելացել են շուրջ 11․5 տոկոսով։

Էականը, սակայն, ըստ փորձագետների, ոչ այնքան այդ ավելացումն է, որքան հարկերի կառուցվածքի փոփոխությունը․ ընդհանուրի մեջ ավելացել է  ուղղակի հարկերի մասնաբաժինը։

Կորոնավիրուսը խոշոր հարկատուներին դեռ չի հասել։  Համավարակը Հայաստանում տարածվեց առաջին եռամսյակի վերջին։  Ուստի այս տարվա հունվար–մարտ ամիսներին հավաքագրված  հարկային եկամուտներն  այդ ազդեցությունն առայժմ չեն կրում․  ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից բարձր է ՝  246 մլրդ դրամ՝  2020-ի առաջին եռամսյակում 2019-ի նույն ժամանակահատվածի 221 միլիարդի փոխարեն։

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը համավարակի  ազդեցությունը չի տեսնում, բայց այլ փոփոխություն է ընդգծում․  1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի  (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշիռն ավելացել է։    

«Սա կարևոր ցուցանիշ է, երկար տարիներ խոսվում էր այս մասին։ Վերջին տարիների  բոլոր հարկային բարեփոխումներում սա կարևոր կետ էր՝ ուղղակի հարկերի տեսակարար կշռի ավելացումը։  2020թ. առաջին եռամսյակում 1000 հարկատուների վճարած ընդհանուր հարկերի 35.7%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը 35.2% էր, 2018-ին` ընդամենը 31.7%»,- ասաց փորձագետը:

Երկու տարվա ընթացքում ուղղակի հարկերի տեսակարար կշիռն  ավելացել է 4 տոկոսային կետով։ Փորձագետը հետաքրքրական է համարում, որ փոփոխությունն ապահովել են առաջին  100  հարկատուները։ Ուղղակի հարկերի տեսակարար կշռի մեծացումը  պայմանավորում է   ստվերի կրճատմամբ ու եկամուտների ավելացմամբ։

«Հարկման ենթակա ավելի շատ եկամուտ ու շահույթ է ձևավորվում։ Երկու ուղղությամբ կարելի է  դիտարկել՝ և նախկինում չգրանված աշխատողների գրանցում, և եկամուտների ավելացում։ Նաև՝ շահույթի մասով որոշակի ստվերի կրճատում։ Տարբեր ուղղություններով կարելի է դիտակել, համենայնդեպս սա դրական ազդակ է»,-նշեց  Քթոյանը։ 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն  արձանագրում  է՝  այս տարվա առաջին եռամսյակում հարկային  եկամուտների հետ կապված խնդիրներ չեն ունեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է հարկային եկամուտների 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը 37,4 տոկոս է։

«Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով։  Թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։ Այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք, ըստ էության, բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք»,- նշում է Փաշինյանը։

1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի 70%-ը։   2017-ին այս ցուցանիշն, օրինակ, 80 տոկոս էր։ 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երկրորդը ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»–ն է։  Հատկանշական է, որ 2019-ին «Գրանդ Տոբակոն» գլխավորում էր խոշոր հարկատուների ցուցակը։

Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Այս տարվա առաջին  եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ»  ընկերությունն է, ապա  հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ», նախկինում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»)։   

«Նախորդ տարիների համեմատությամբ վճարված հարկերի մեծության աճ կա։ Նույն Գրանդ Տոբակոն վերջին երկու տարվա ընթացքում առաջին երեք  ամիսներին վճարած հարկերի ծավալը մոտ երկու անգամ ավելացել է»,- ասում է Քթոյանը։

Երկրորդ կիսամյակում փորձագետներն արդեն հարկային եկամուտների նվազում են սպասում․ տնտեսության բոլոր ոլորտները  կրելու են  կորոնավիրուսի ու  տնտեսական սահմանափակումների  բացասական ազդեցությունը։  Արմեն Քթոյանը երկրորդ կիսամյակում հազար խոշոր հարկատուների  ցանկում ոչ թե վերադասավորումներ, այլ  ընդհանուր  ցուցանիշների նվազում է ակնկալում։

Միաժամանակ  զրուցակիցս չի բացառում, որ գործունեության որոշ տեսակներ իրավիճակով պայմանավորված կարողանան կամ քիչ եկամուտներ կորցնել, կամ ընդհանրապես չկորցնել՝ ինչպես օրինակ,    հեռահաղորդակցության  ոլորտը։  Փոխարենը, ըստ փորձագետի,  լրջորեն վտանգված է  հանքահումքային, ավիափոխադրման , զբոսաշրջության, տրանսպորտային,  վառելիքի իրացմամբ զբաղվող  ընկերությունների գործունեությունը։ 

Back to top button