ԿարևորՀասարակություն

Վերջին զանգ կլինի, բայց ոչ մայիսին․ քննական արտակարգ ժամանակացույցը

2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, իսկ նորը հնարավոր է,  մեկ շաբաթ շուտ սկսվի․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է  ներկայացրել ընդունելության, ավարտական,  ընթացիկ քննությունների ընթացակարգերում արված փոփոխությունների մասին, որոնց անհամբեր սպասում են աշակերտներն ու դիմորդները։  Հանրակրթական դպրոցներում ընթացիկ քննություններ չեն լինի, իսկ դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն։  

Հեռավար կրթությունը կշարունակվի նաև մայիսին։ Այս ուսումնական տարում լսարանային դասեր այլևս չեն լինի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Քննարկվում է հաջորդ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու, ինչպես նաև սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին շաբաթ  օրերն օգտագործելու հարցը՝ բաց թողնված դասաժամերը  լրացնելու նպատակով։  

Իրավիճակից ելնելով՝ նախարարությունում որոշել են, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում այս տարի կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվի։

Այսինքն՝  4–րդ և 9–րդ դասարանցիները քննություններ չեն հանձնի։

«Աշակերտների մինչև  մարտի 13 ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների  հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական  և որոնց  հիման վրա աշակերտները կփոխադրվեն  հաջորդ աստիճան։  Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի կունենա  նույն ձևով»։      

Քննություն չեն հանձնի նաև  12–րդ դասարանցիները։  Ամփոփումը տեղի է ունենալու նույն կերպ, ինչպես  4–րդ և 9–րդ դասարանցիների դեպքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը,  որ աշակերտների մի մասն ավարտական քննություններ հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին , նրանց ընտրելու հնարավորություն կտրվի՝ պահպանել քննության արդյունքը, կամ  ընտրել տարեկան     գնահատականը՝ որպես ատեստատի քննական գնահատական։  Ամփոփումը կկատարվի և ատեստատները կտրամադրվեն   մինչև մայիսի 25–ը։

«Բոլոր նրանք, ովքեր նախորդ տարի  քննություն են հանձնել և այդ  քննության արդյունքը մի փոքր այլ պայմանների մեջ է դնում մյուսների համեմատ, մենք հնարավորություն ենք տալու , այս կիսամյակային քննության տրամաբանությամբ  ուրեմն ընտրել կամ այս գնահատականը կամ  մյուս գնահատականը»։

Քոլեջների և ուսումնարանների ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն  և  քննություններ ևս չեն լինի,  ամփոփումը կկատարվի, ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։  

«Եթե  սովորողը գնահատական չունի  երկրորդ կիսամյակում, տարեկանը ամփոփվում  է  ուսումնական տարվա  առաջին կիսամյակի արդյունքով։ Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի  5–ը»։  

Մեդալի քննություններ ևս  չեն իրականացվի, հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցել հաջորդ  ուսումնական տարվա  քննություններին։ Սակայն  այս տարվա ընդունելության քննությունները կկայանան։   Դիմորդները կհանձնեն միայն մեկ քննություն, թե մասնագիտության դեպքում  որ առարկայից, պարզ կլինի մի քանի օր անց՝ ապրիլի 30-ին։ 

«Սույն թվականի  մայիսի 25–ից հնարավորություն կտրվի  հայտագրվելու մինչև սույն թվականի  հունիսի  15–ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն, թե՛  քննական առարկան, թե՛  բուհն ու  մասնագիտությունը։  Դուք հասկացաք, որ մենք մեկ քննություն ենք հանձնելու։ Մենք հիմա առաջարկներ ենք ստացել բուհերից , բայց դրանք  քննարկելու ենք, դրանք վերջնական չեն։ Եվ մինչև ամիս  30–ը  կասենք,  թե որ մասնագիտությունից որն է լինելու  միակ հիմնական քննական առարկան»։    

Քննական կենտրոններ կլինեն  ամբողջ  հանրապետությունում։ Իսկ քննությունները կանցկացվեն  հուլիսի առաջին տանսօրյակում։  Քննական առարկան կլինի   այն երեք առարկներից մեկը, որը պարապել են դիմորդները։  Բանավոր միասնական քննություններ չեն անցկացվի։ Հարությունյանի խոսքով՝ քննությունների ժամանակացույցը կազմվել է՝ հաշվի առնելով զորակոչի ժամկետները.

 «Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարեւոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը։ Այնպես ենք անում, որ որեւէ կերպ զորակոչին չխոչընդոտենք եւ խնդիրներ չստեղծենք։ Մեզ համար առաջնայինը եղել է դա, որ զորակոչին վնաս չտանք»։

Իսկ Վերջին զանգ այս տարի շրջանավարտները կնշեն, բայց ոչ մայիսին։ Երբ համավարակն առողջապահական առումով վտանգ չներկայացնի, նախարարությունը  շրջանավարտների հետ մի  հարմար օր  կընտրի ու կնշի վերջին զանգը։

Back to top button