ԿարևորՄիջազգային

Սահակաշվիլին՝ փոխվարչապե՞տ․ վրաց-ուկրաինական կռվախնձորը

Միխայիլ Սահակաշվիլին վերադառնում է մեծ քաղաքականություն․ երկրում, որտեղ նրան  նախագահ Պորոշենկոյի օրոք շնորհել էին քաղաքացիություն, վստահել Օդեսայի նահանգապետի պաշտոնը, այնուհետև՝  զրկել  և՛ պաշտոնից, և՛ անձնագրից, կրկին ցանկանում են տեսնել կառավարման  բարձր օղակում։

Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն ավելի վաղ վերականգնել էր Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, նրան տեսնում է բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում։

Թբիլիսիին Ուկրաինայի նախագահի այս մտադրությունը խիստ զայրացրել է։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանն Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին, եթե Միխայիլ Սահակաշվիլին պաշտոն ստանձնի ուկրաինական կառավարությունում: Գախարիայի խոսքով՝  Թբիլիսիի համար «սկզբունքորեն անընդունելի է» ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի քայլը։

Գախարիայի հայտարարությունը մեկնաբանելով՝ վրաց-ուկրաինական հետխորհրդային հարաբերությունների ակունքներում կանգնած Գիա Սիգուան, որը 1994 թվականից չորս տարի գլխավորել է Վրաստանի առևտրատնտեսական առաքելությունը Ուկրաինայում, «Ռադիոլուրին» փոխանցում է, որ այս պահին Թբիլիսին ընդամենը խոսում է խորհրդակցությունների համար դեսպանին հետ կանչելու մասին։

«Կան քաղաքական դեմարշի ձևեր` կարելի է դժգոհություն արտահայտել, բողոքի  նոտա հղել։  Հետ կանչել դեսպանին խորհրդակցությունների համար՝ չի նշանակում հետ  կանչել ընդհանրապես,  դա բողոքի ծայրահեղ ձև չէ, հարաբերությունները խզել չէ»։

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի օրոք վրաց-ուկրաինական հարաբերություններում բարձր պաշտոն զբաղեցրած մեր զրուցակիցը,  պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սահակաշվիլիին նշանակելու  Զելենսկու ցանկությունը, նշեց, որ իր համոզմամբ, պատճառը Ուկրաինայի գործող նախագահի սակավ  քաղաքական փորձառությունն է ու սխալ տեղեկատվությունը, ինչի արդյունքում կա հավատ, որ Սահակաշվիլին տնտեսական հրաշք է գործել Վրաստանում։

Եթե, այնուամենայնիվ, անտեսելով պաշտոնական Թբիլիսիի բողոքը, Սահակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում, ինչպե՞ս կփոխվեն վրաց- ուկրաինական հարաբերությունները, հարցնում ենք Գիա Սիգուային։

«Ուկրաինայի և Վրաստանի միջև հարաբերությունները սկզբունքորեն չեն կարող վատթարանալ: Մենք ռազմավարական  գործընկերներ ենք, բարեկամներ։ Չեմ կարծում, որ դա կբերի լուրջ լարվածության երկու երկների միջև  կամ, օրինակ,  առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա կազմի, կամ  կվատթարանան նախագահների միջև հարաբերությունները»,- ասում է:

«Ես պաշտոն չեմ մուրում, իմ ցանկությունը երկրին աջակցելն է», — երեկ երեկոյան «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հեռարձակված թոք-շոուի ընթացքում ասում էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` մեկնաբանելով իր նշանակման շուրջ ծագած սկանդալը: Նա  հավաստիացնում էր,  որ չի կարող հանգիստ նստել և նայել, թե ինչպես է Ուկրաինան ոչնչացվում այս ճգնաժամի պատճառով։

«Ուկրաինան այժմ շատ մոտ է գտնվում, արդեն մտնում է ուժեղ տնտեսական փոթորկի,  ցունամիի, ճգնաժամի փուլ, և մենք պետք է ձեռնարկենք աննախադեպ քայլեր, որպեսզի ոչ միայն փրկենք տնտեսությունը, այլև թուլացնենք յուրաքանչյուր ուկրաինական ընտանիքի հասցվելիք հարվածը»,-  Միխայիլ Սահակաշվիլին այս խոսքերն ասում էր Գերագույն ռադայում, որտեղ անցյալ շաբաթ օրակարգ էր բերվել իր նշանակման հարցը։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ երկրի քաղաքական շրջանակներում նույնպես միանշանակ մոտեցում չկա Սահակաշվիլիի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հարցում․ Հակառակ դրան՝  ռադան Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայի բարեփոխումները համակարգող փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը քննարկվելու է արդեն այս շաբաթ։

Back to top button