ԿարևորՄշակույթ

Մենք կորցրեցինք ևս մեկ Հայրիկ․ Արսեն Գրիգորյան

Թվում էր, թե ամեն ինչ հաղաթահարված է, բայց ավաղ․․․մեկ տարի առաջ հայտնաբերված ծանր հիվանդությունը երեկ մեզնից խլեց հայ ավանդական մշակույթի   նվիրյալ,  «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանի կյանքը։ Մեծ ցավ, որը կարող ես ապրել հարազատ,  հրաշալի մարդու անդառնալի կորստով․ ահա թե ինչ են այսօր զգում  Անդրանիկ Հովհաննիսյանի գործընկերներն ու մտերիմները։

2019-ի դեկտեմբերին «ԱԿՈՒՆՔ» ազգագրական համույթը նշում էր հիմնադրման 45-ամյակը։ «Ռադիոլուրն» անդրադարձավ այդ իրադարձությանը։ Հոբելյանական համերգից առաջ կայացած փորձին նաև համույթի մեներգիչ Անդրանիկ  Հովհաննիսյանի հետ զրուցեցի, որը «Ակունքին» միացել էր դեռ 1983 թվականից։

«Ասել եմ ու կասեմ՝ «Ակունքը» բարձրագույն ուսումնական հաստատություն է, ազգագրության կենտրոն, որտեղ հավաքված էին մեկը մյուսից շնորհալի մարդիկ։ Հայրիկ Մուրադյանի խոսքը ասեմ՝ ով  «Ակունքում» եղել է, ազգին, ժողովրդին երախտապարտ է մնացել մինչև այսօր»,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը։

Բեմական հրաշալի տեսք, բարձր տրամադրություն։ Թվաց՝ մեկ տարի առաջ հայտնաբերված քաղցկեղը Անդրանիկ Հովհաննիսյանը հաջողությամբ հաղթահարել է, բայց  հակառակ բժիշկների բոլոր ջանքերին ու  ընկերների զորակցությանը՝ երեկ դադարեց բաբախել նրա  սիրտը։ «Ակունք»-ում էլ այսօր կյանքը կարծեք կանգ է առել։

Մեներգչուհի Արեգ Միքայելյան։

«1979 թվականից Անդրանիկին ճանաչում եմ։ Այն ժամանակ դեռ «Վան» ազգագրականում էր, հետո եկավ «Ակունք», բայց  այնքան պայծառ ու դրական կերպար էր, որ  իր մասնակցությունն ամեն տեղ շատ տեսանելի էր։ Մարդ էր բառի բուն իմաստով՝ կազմակերպիչ, նախաձեռնող։ Իր վերջին կտոր հացը կբաժաներ, միայն թե բոլորը գոհ լինեին։  Ես այդպիսի կամքով, լավատես մարդ երևի չեմ ճանաչում, շատ լավ էր տրամադրված, մի փուլը շատ դժվար անցավ, հետո լավ զգաց իրեն ու անմիջապես եկավ փորձերին, համերգներին, միասին տոնեցինք «Ակունքի» 45-ամյակը։ Ինքը շատ ոգևորված էր, մենք էլ իր հետ»։

Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» խմբից էր սկսել  ու հետագայում էլ ամեն ինչ արեց «Վանը» վերականգնելու համար։ 

«Անդրանիկը չլիներ, «Վանն» էլ այսօր չէր լինի, չէր լինի ազգային մշակույթի պահպանման ու տարածման այս կարևորագույն երևույթը, որն առաջիններից էր»,-ասում է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն․

«Նա ոչ միայն վերականգնեց, այլև որակական փոփոխություններ բերեց։ Նրա շնորհիվ խմբում ներգրավվեցին երիտասարդ ուժեր։ Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ ևս մի Հայրիկ մենք կորցրեցինք, որովհետև Անդրանիկի կյանքում մեր ազգային մշակույթը,  ինքնությունը պահելուց բացի ուրիշ նպատակ չկար։ Այդպես էր ապրում նաև Հայրիկը։ Մենք ուխտ ենք արել  շարունակել այդ գործը»։

«Ծնված օրից եմ ճանաչել Անդրանիկին, Էրգրից եկած մարդկանց միջավայրում էր մեծացել։ Հետը զրուցելիս, չէիր ասի, թե 50-ականների ծնունդ է, շատ հեռուն էին տանում նրա զրույցները։ Թվում էր՝ Էրգրի ծնունդ է, այնպես էր պատմում, կարծես այնտեղից էր եկել  ու անգամ  զենքը ձեռքին կռվել էր Էրգրի համար»,-պատմում է «Ակունքի» հնաբնակներից Սարգիս Բաղդասարյանը։

«Արմատներով սասունցիներ են, Սասունի բոլոր գավառներում հարազատներ են ունեցել։ Եկել են Արևմտյան Հայաստանից ու նրա Խաչո պապը սահմանին մոտ է ապրել, որպեսզի ցանկացած պահի հենց սահմանը բացվի, ինքը Էրգիր գնա։ Անդրանիկն իր մեջ ամբարել էր պապերի կարոտը։ Նա ամեն ինչ կարողանում էր տանել իր ուսերի վրա։ Եթե մեզ հետ էր, մենք ոչ մի խնդիր չունեինք։ Այդպես էր նրան ընկալում նաև Հայրիկ Մուրադյանը, ասում էր՝  եթե Անդրանիկը ձեզ հետ է, դուք հոգս չունենք»։

«Ուրիշ տեսակ էր, Էրգրի մարդու տեսակ էր, իսկ այդ տեսակը ապրեցնող տեսակ է»,-ասում է Սարգիս Բաղդասարյանը։

Մահվան օրը ֆեյսբուբյան օգտատեր Վահրամ Աբգարյանը Անդրանիկ Հովհաննիսյանի հավանաբար վերջին տեսանյութերից էր տեղադրել ու գրել․ «Այսպիսին էր  Անդո հոպարի տեսակը՝ հիվանդության դեմ պայքարեց երգով ու ազգային ոգով։ Հիմա հոպարի տեսակը պահողները մենք ենք՝ բոլորս»։

Back to top button