ԿարևորՀասարակություն

Ճակատագրական սխալներ և ներքին դավաճանություն չեն եղել․ Լևոն Մնացականյան

Այսօր ապրիլյան քննիչ հանձնաժողով է  հրավիրվել Արցախի Հանրապետություն ոստիկանապետ գեներալ, լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով 2016թ–ին  Պաշտպանության  բանակի հրամանատարն էր։ Շուրջ 4 ժամ տևած փակ քննարկումից հետո Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տվել է հանձնաժողովի անդամներին  հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Հատված Ռադիոլուրի 18․00-ի թողարկումից

«Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել  ենք  այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ»,–ասել է Մնացականյանը։

Հարցին, թե ինչ բացթողումներ  ու ճակատագրական  սխալներ են եղել, որոնք ազդել են  պատերազմի ընթացքի վրա, Մնացականյանը պատասխանել է․ «Ի՞նչ ճակատագրական սխալներ,  մենք մեր խնդիրը կատարել ենք, ներքին դավաճանություն չի եղել։ Իսկ  ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է։  Իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, միշտ են դրանք լինում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Հարցին, թե ի վերջո քանի հեկտար ենք կորցրել Ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ նշվում  է  400-ից 800 հեկտարի մասին, Մնացականյանն արձագանքել է. «Մեր հաշվարկով՝ մինչև 400 հեկտար»։

ՊԲ  հրամանատարը հայտարարել է, որ ապրիլի 2-5-ը 100-ից ավելի զոհ չեն ունեցել․ «Եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են»:

Հարցին, թե արդյո՞ք ինքն էլ բացթողում  ունեցել է, Մնացականյանը դրական պատասխան է տվել և նշել, որ նոր հրամանատարը (խմբ.` նկատի ունի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին) հաշվի է առել այն։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը   հանձնաժողովի այսօրվա նիստը   արդյունավետ է գնահատել, նշել է, որ  իրենց աշխատանքի վերջնափուլում տեղի ունեցող հանդիպումները կարևոր են։

«Հանձնաժողովի աշխատանքները միտված են մեր անվտանգության ուժեղացմանը, և դա միասնական մոտեցում է»,-նշել է նա։

Հիշեցնեք, որ  ապրիլի 23-ին նույն հանձնաժողովի նիստին  մասնակցել էր  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանձնաժողովը հրավիրել է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, սակայն նա չի ներկայացել։

Back to top button