ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդ 2020. խոսքից ավելի հնչեղ լույսը

Ապրիլի 24-ի երեկոյան Ծիծեռնակաբերդի լուսային ձեւավորումը շատերին է հուզել ու տպավորել: Մտահղացման հեղինակն ու իրականացնողը C-squared թիմն է:

Մտահղացումն իրականացվեց բոլոր զգացողությունների միախառնմամբ՝ ապրիլքսանչորսյան տխրություն ու միջավայրի խորհրդավորություն: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է թիմի հիմնադիր Կառլեն Մադոյանը: Նրա խոսքով՝ մտահղացման հաջող իրականացման գլխավոր գրավականը  աշխարհի բոլոր հայերի նկատմամբ պատասխանատվության գիտակցումն է:

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նախագծի վրա աշխատելը մեծ հպարտություն էր, եւ այն կյանքի կոչեցինք մեծ խոնարհումով՝ ասում է գաղափարի հեղինակ եւ իրականացնող C-squared /սիսքուերդ/ կազմակերպության հիմնադիր Կառլեն Մադոյանը: Թիմի անդամները հիմնականում բնագիտական կրթություն ունեն, մեծ մասը մասնագիտությամբ ֆիզիկոսներ են: Թիմի անունն էլ՝ «Ցե քառակուսի», լույսի արագության էյնշտեյնյան հայտնի բանաձեւից է բխում:   

Կարեն Վարդանյանը, որի մասին հիշատակեց թիմի հիմնադիրը, լուսային ձևավորման գաղափարի հեղինակն է: Դեռեւս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին են ցանկացել իրագործել գաղափարը: Այն ժամանակ էլ խոսվել է լուսային սարքերի մշտական տեղադրման մասին:

Տարիներ առաջ չի հաջողվել իրագործել գաղափարը ու թիմակիցների համար երազանք է դարձել, ու վերջապես ստացվեց այն: Կառլեն Մադոյանը շեշտեց, որ իր  երախտագիտությունն է հայտնում ամբողջ թիմին և այն բոլոր մարդկանց, ովքեր ներգրավված էին այս նախագծում: Սա ոչ թե մեկ կազմակերպության, այլ՝ ընդգրկուն գործընկերային նվիրումի ու քրտնաջան աշխատանքի արդյունք է՝ ասաց։ Անձրեւը, մթությունը, լուսային էֆեկտներն ու հուշահամալիրը թիմի բոլոր անդամների մեջ խորը զգացմունքներ էին առաջացրել՝ անկեղծանում է Կարլեն Մադոյանը:

Մի քանի տասնյակ նվիրյալներ են օր ու գիշեր աշխատել՝ տեղադրել լուսային սարքերը։ Առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում մանրամասնեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։

«Գերպատասխանատու գործ էր, որովհետեւ այս պարագայում գործ ունեինք ոչ թե ինչ-որ մի կազմակերպության հետ, այլ՝ համայն հայության: Այնպես որ՝   պարտավորվածությունը շատ-շատ մեծ էր եւ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Չափազանց պարտավորեցնող բան էր, որը, փառք Աստծո, ստացվեց: Տեխնիկական խնդիրներ չառաջացան ու ստացվեց այնպես, ինչպես ուզում էինք»:

Թեպետ եղանակային պայմաններն ամեն կերպ խանգարել են տղաների աշխատանքին, սակայն, դա միայն սկզբնական տպավորությունն է եղել: Հետո հասկացել են, որ՝ ո՛չ, եղանակային պայմանները լրացնում եւ էլ ավելի են իմաստավորում իրենց աշխատանքի արդյունքը:

«Եղանակը աշխատելիս շատ վատ էր ու թեև աշխատելիս եղանակային պայմանները խանգարեցին, սակայն լույսերը միացնելուն պես՝ ավելի տպավորիչ պատկեր ստեղծվեց։ Հետո էլ հետաքրքիր դրվագի ականատես եղանք. Իր կողմից եղանակը շատ խորհրդավոր հավելում արեց՝ անձրեւի ժամանակ կարծես լույսի կաթիլներ իջնեին: Բացի այդ, բնությունը եւս մի անակնկալ մատուցեց՝ երբ անձրևը վերջացավ, ինչքան թիթեռ կար, հավաքվեցին լույսի վրա եւ սկսեցին պտտվել լույսերի մեջ եւ շատ տպավորիչ ու իրապես խորհրդավոր տեսարան էր, շատ-շատ ազդեցիկ»:

C-squared-ը զբաղվում է ոչ ստանդարտ տեխնիկական, լուսային նախագծերի, անիմացիաների պատրաստմամբ: Կառլեն Մադոյանի խոսքով՝ փորձում են տեխնիկական լուծումներով մարդկային երևակայությունը դարձնել իրական։ Համեստորեն կարծիք հայտնեց, որ իրենց հաջողվեց իրականացնել ոչ ստանդարտ նախագիծ:

Նախաձեռնությանն այսօրվա  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել եւ այն գնահատել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը միաժամանակ նշել է, որ կորոնավիրուսը որպես հնարավորություն դիտարկել ասելով՝ նկատի ուներ նաեւ այսպիսի նախաձեռնությունները: 

Վարչապետը նաեւ շեշտեց, որ այս նախաձեռնության տարրերը կօգտագործվեն հաջորդ տարիներին, երբ կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներն այլեւս չեն խանգարի կրկին հարյուր հազարավոր հայերի Ծիծեռնակաբերդ բարձրանալուն:

Back to top button