ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս դառնալ աջակցության 3-րդ ծրագրի շահառու

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները  չեզոքացնող աջակցության 3-րդ ծրագրի շրջանակում հաստատվել է 461 հայտ՝  ավելի քան 5  մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Տվյալները ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Նաիրա Մարգարյանը։ 

Այս միջոցառումն ուղղված է փոքր ու միջին այն ձեռնարկություններին, որոնք  գործում են մշակող արդյունաբերության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների, զբոսաշրջային և սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում:

Պայմաններին համապատասխանող կազմակերպություններին արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ են տրամադրվում՝ ՀՀ դրամով, 36 ամիս ժամկետով, որից առաջին 6 ամսվա ընթացքում վարկային մարում չի նախատեսվում, իսկ առաջին 24 ամիսներին  պարտավորությունն անվճար է։

Հյուրանոցային բիզնեսով զբաղվողները համակարգչի էկրանին կապույտ  ու սպիտակ գույների համամասնության նշանակությունը լավ գիտեն։ Որքան էլ սպիտակը մաքրության խորհրդանիշ է, նրանք կապույտի   կողմնակից են։ «Բեսթ Հոթելի» հիմնադիր սեփականատեր Արամ Մաթևոսյանն է մասնագիտական գաղտնիքը բացահայտում․

 «Համակարգչի էկրանը լրիվ կապույտ էր, հիմա ամբողջությամբ դարձել է սպիտակ։ Կապույտը ցույց է տալիս ամրագրումները, ամսվա վերջին ամբողջությամբ սպիտակել է, ինչը նշանակում է բոլոր ամրագրումները չեղարկվել են»։

Արամ Մաթևոսյանն ասում է՝ Ռուսաստանից, Գերմանիայից ու այլ  երկրներից   հյուրերի էին սպասում, որոնք, սակայն, առաջիկայում  Հայաստան չեն գա։  Հյուրանոցը թեև չի աշխատում, բայց մեկ հյուր, այդուհանդերձ, ունեն։  Սոչիից  Թուրքիա էր գնացել  ընկուզենու  տնկիներ ներկրելու և  Հայաստանում դրանք մաքսազերծելու նպատակով։ Երբ կորոնավիրուսը տարածվեց,  հազիվ  Հայաստան հասավ, հիշեց,  որ անցյալ տարի կնոջ հետ հենց այս հյուրանոցում է հանգստացել։  Դիմեց ու չմերժվեց։  «Հայ ենք,  նեղության մեջ գտնվողին ձեռք  չմեկնել չենք կարող»,-  «Ռադիոլուր»–ին  ասում է հյուրանոցի սեփականատերը։ Միակ հյուրը մինչև այսօր դեռ Հայաստանում է։ 

 «Մինչ հիմա իմ հյուրանոցում է։ Մոտեցավ, արդեն փակել էի, բայց ասացի, որ եկել ես, մնա ։ Չգիտենք, թե ինչքան կմնա։ Ինքն է նեղվում, որ մեզ նեղություն է տալիս, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ ինքը չնեղվի»։

Կոմունալ վճարումներն անելու, չորս աշխատողներին աշխատավարձ վճարելու և հարկային պարտավորությունները կատարելու  համար զրուցակիցս դիմել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ ծրագրով վարկ ստանալու համար։  Հայտը  հաստատվել է, սպասում է գումարին։

«Սկզբից քիչ էին տալիս, վրդովվեցի, գումարն  ավելացրին։ Երևի այսօր կամ վաղը կփոխանցեն»։

Գումարը կստանա Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայից։ Կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների  և պահեստային տնտեսությունների, ներգնա տուրիզմի կազմակերպման, մշակող արդյունաբերության, առողջապահության, նախադպրոցական կրթության, մասնավոր մանկապարտեզները  կարող են դիմել ու  աջակցության երրորդ ծրագրով արտոնյալ վարկային միջոցներ ստանալ։

Անհարժեշտ պայման է, որ  2019թ․ շրջանառությունը   24 մլն դրամից պակաս ու  500 մլն դրամից ավելի չլինի։  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Նաիրա Մարգարյանն ասում է, որ ծրագրում պարբերաբար փոփոխություններ են կատարվում ՝ հաշվի առնելով ՓՄՁ –ից ստացվող դիմումները:

«Նախկինում մենք պնդում էինք, որ  ծրագրին դիմող յուրաքանչյուր ՓՄՁ-ի՝ նախորդ  տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը։ Մենք տեսանք, որ մի շարք կազմակերպություններ, հատկապես տուրիստական, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում, և որոշեցինք փոփոխություն կատարել նաև այստեղ։ 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է ավելին չլինի,  քան  ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»։

Աջակցության երրորդ  ծրագրից  օգտվելու համար  ակտիվ են  հատկապես մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջության ոլորտների տնտեսվարողները։  Արդեն 461 հայտ է ստացվել՝  շուրջ  5․2 մլրդ դրամ արժեքով։ Այս պահին 1200 դիմում էլ  ուսումնասիրվում է։

Ըստ փոխնախարարի՝ մեկ շաբաթ առաջ ավելի շատ հայտեր էին մերժվում։ Հիմնական պատճառը ոլորտների  անհամապատասխանությունն էր։  Նախկինում մերժված, սակայն ոլորտների ընդլայնման արդյունքում  ծրագրում ընդգրկված  կազմակերպությունները  նոր դիմումներ լրացնելու կարիք չունեն։

«Եթե նախկինում ՓՄՁ–ները դիմել են ու չեն համապատասխանել, փոփոխությունից հետո  մենք ենք զանգահարում շահառուներին։ Իրենք ցանկացած դեպքում կարող են զանգահարել 81-05 հեռախոսահամարով, բայց կրկին դիմում լրացնելու կարիք տվյալ դեպքում չկա»։ 

Աջակցության այս ծրագրի միջոցները փոխանցվում են պետական բյուջեից, ուստի գումարները բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների համար  բեռ չեն։ 

Աջակցությունից օգտվելու համար  անհրաժեշտ է  ներդրումների աջակցման կենտրոնի  կայքէջում՝ isc.am-ում «Դիմում» կոճակը սեղմելով   առցանց դիմում լրացնել։ Հայտերն ընդունվում են օնլայն, շահառուներին ընտրում է Ներդրումների աջակցման կենտրոնը։ Հայտատուի վարկային պատմությանը ծանոթանալը պարտադիր է։ Դիմումին կցվում  է լիազորագիր, որը լրացնելով շահառուն Ներդրումների աջակցման կենտրոնին հնարավորություն է տալիս իր փոխարեն ստանալ վարկային պատմության մասին տեղեկատվությունը։ Լիազորագիրը պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենա։ 

Back to top button