ԿարևորՀասարակություն

Անակնկալներ՝ կոմունալ վճարումների ժամանակ

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ կորոնավիրուսի սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով  տրամադրվող աջակցության ծրագրերն ամբողջությամբ գործում են։  Այս   ծրագրերից ամենամեծ շահառու  ունի  8-րդ  ծրագիրը՝ ավելի քան 87 հազար։  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության՝ «Ռադիոլուրին» տրամադրած տեղեկատվության համաձայն, աոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է ավելի քան 10 մլրդ դրամ։ Մինչ այժմ, սոցիալական աջակցության ծրագրերից  օգտվել է գրեթե 108 հազար (107,486 ) քաղաքացի, տրամադրվել է ավելի քան 6․5 մլրդ դրամ։ Այս շաբաթ անակնկալի են եկել հատկապես կոմունալ վճարումներ կատարած քաղաքացիները։

Անակնկալները  լինում են նաև կոմունալ վճարումների ժամանակ։ «Ռադիոլուրի» զրուցակիցն այս շաբաթ իսկապես անակնկալ էր սպասում։ Այս անգամ սպառած գազի դիմաց վճարում չուներ անելու, իսկ հոսանքի համար վճարել է 1800 դրամ:

«Ծրագիրը բացեցի, որ վճարում անեմ, տեսա, որ թվերը փոխված են։ Հաշվարկ են արել։ Իմ սպառած գազի  գումարն ամբողջությամբ է փոխանցված, հոսանքը մնացել էր 1800 դրամ»։

Անակնկալը  ոչ ավելի, ոչ  պակաս՝ կառավարությունից  էր՝ կորոնավիրուսի   սոցիալական հետևանքները մեղմելու  նպատակով։  Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը, որոնք փետրվարին օգտագործել են 10-30  հազար դրամի գազ և 5000-10000 դրամի  էլեկտրաէներգիա։

«Ռադիոլուրի» մյուս  զրուցակցի՝ Թեհմինեի ընտանիքն  ընդգրկված է  ընտանեկան նպաստի համակարգում։ Երիտասարդ ընտանիքը բազամթիվ խնդիրներ ունի։ Դրանք ավելացել են կորոնավիրուսից հետո, երբ ամուսինները փակվել են տանը, չեն կարողանում աշխատանքի գնալ։ Աջակցության որևէ  ծրագրում այս ընտանիքը ներառված չէ։  Նպաստառու  ընտանիքն  այս ամիս ոչ միայն գումարն է շուտ ստացել այլեւ՝ նախատեսվածից ավելի։  

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների վերացման 13-րդ ծրագրի շահառու է այս ընտանիքը։ Ծրագրում ներառված է 85 հազար ընտանիք։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան. «Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի  չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը  ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլի նպաստի հետ, իսկ 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար, իսկ շահառու բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կանխիկ է տրամադրվում»։

Միայն կոմունալ վճարների մասով  երեք  ծրագիր է  գործում  երեքն էլ  նույնն տրամաբությունն ունեն՝ աջակցություն են քաղաքացիների սպառած գազի ու էլեկտրաէներգիայի դիմաց։ Տարբեր են միայն շահառուների խմբերն ու փոխհատուցման չափը։ Երեք ծրագրերն ունեն նաև մեկ ընդհանրություն․ նրանցից և ոչ մեկի շահառու դառնալու համար  պետք չէ ոչ դիմում գրել, ոչ էլ որևէ գրասենյակ այցելել։ Արդեն  վճարած բոլոր քաղաքացիների համար  գումարը որպես կանխավճար է գործելու։ 

Բացի այս ծրագրերից  իրականացվում են նաև սոցիալական, այսպես ասենք, թիրախային աջակցության ծրագրեր, որոնց շահառուների  ցանկը պարբերաբար թարմացվում է։ Չորրորդ ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա,  առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝  երկու ծնողները կամ ծնողներից մեկն  ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր երեխայի համար գումարը 100 հազար դրամ է կազմում։ Վեցերորդ ծրագրի շահառու են  ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք   աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն այս տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում: Նրանց աջակցություն տրամադրվում է 68 հազար դրամի չափով։ Յոթերորդ ծրագրի շահառու են հղի կանայք։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության  պետ Անի Ամիրշադյանը «Ռադիոլուրին» փոխանցում է․ «Շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը,  որը   2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող։ Նաև՝ չունի ամուսին, չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն, ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է։ Վարձու աշխատող չէ` քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձ»։

Սոցիալական աջակցության ծրագրերից ամենամեծ շահառու ունի 8-րդ  ծրագիրը՝ մոտ 87 հազար (86 552)։   Շահառուները կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտների՝ զբոսաշրջային, հյուրատնային կազմակերպությունների,  վարսավիրանոցների,  հագուստի սրահների գրանցված աշխատակիցներն են, երթուղայինների գրանցված վարորդները։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության՝ Ռադիոլուրի տրամադրած տեղեկատվության համաձայն, 9-րդ  ծրագիր ունի մոտ 73 հազար (72 403) շահառու։ Չգրանցված  աշխատանք ու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներն են, ինչպես նաև՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը։

Շահառուների ամենաքիչ թիվ ունի սոցիալական աջակցության  չորրորդ ծրագիրը, ավելի քան 2 հազար։ Միայն այս սոցիալական աջակցության ծրագրերի համար նախատեսված է  ավելի քան  10 մլրդ դրամ  (9,456,058,121)։  Մինչ այժմ, սոցիալական աջակցության ծրագրերից  օգտվել է ավելի քան 108 հազար  (107,486 ) քաղաքացի,    տրամադրվել է ավելի քան 6․5 մլրդ դրամ  (6,384,675,022):   

Սոցիալական աջակցության բոլոր ծրագրերի համար  օնլայն հասցեն նույնն է՝ dimum.ssa.am:  

Եթե երեք ամիս գումարը շահառուն չի ստանում, այն վերադարձվում է պետական բյուջե։   

Back to top button