ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության առաջին հուշարձանը` Երևանում

Մինչև 1965 թվականը Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան հասածներն ու նրանց ժառանգները 1915–ի  Մեծ եղեռնի մասին խոսում էին լուռ. նախ մոռանալու համար, նրանց գոնե այդպես էր թվում,  հետո, որովհետև չէր կարելի։

Պաշտոնական Մոսկվան հնարավոր բոլոր ձևերով թելադրում էր հավասարության, եղբայրության ու սոցիալիզմի իր կանոնները։ 1915–ինն էլ, Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով մեկ հայրենիքի, մեկ պետության, եղբայրության ու հավասարության լոզունգների շողքի տակ տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը՝  հայրենիքից։

1965–ին Խորհրդային Հայաստանում ապրողները հասկանում էին, որ 50 տարի է անցել XX դարի առաջին ցեղասպանությունից։ Դրա մասին խոսել էր պետք՝ գործով։

Մինչև կկառուցվեր Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող հուշահամալիրը, Երևանում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը՝ 1965–ին՝ թաքուն ու աննկատ։

Առաջին հուշաքարը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված

Գաջեգործների ու Նուբարաշենի փողոցների խաչմերուկում մի հուշարձան կա։ Վրան գրված՝ «Հիշատակ Մեծ Եղեռնի հիսուն ամյակին, թաղի բնակիչներից, 1915-1965»։ Հիմա այս գրությունը կարդալը հեշտ ու շատ բնական է թվում։ Իսկ սրանից 55 տարի առաջ Խորհրդային Հայաստանում 1915–ի Մեծ եղեռնի մասին շշուկով էին խոսում, էլ ուր մնաց՝ քարե փաստերով։

Բայց, պարզվում է` այս թաղերի հայրենադարձ բնակիչները չափից դուրս համարձակ են գտնվում։ Ու ըստ էության, նրանք են, որ անտեսելով խորհրդային իշխանությունից ակնկալվող վտանգը, 1965–ի ապրիլին ծաղիկները խոնհարելու տեղ են կառուցում։

Հարություն Վարդանյանի հետ հենց հուշարձանի մոտ ենք։ 1965–ին երեխա էր։ Հիշում է այնքան, ինչքան երեխայի հիշողությունն է թույլ տալիս։

«Չէին թողնում, որ սարքեին։ Մարդիկ իրենց ուժերով փող հավաքեցին, սարքեցին։ Դնելուց անգամ, գալիս էին քանդելու։ Հիշում եմ՝ պապիս հետ գալիս մինչև լույս կանգնում էինք՝ հրացանը ձեռքին։ Հենց մեկը գալիս էր, որ պիտի քանդեին՝ ամբողջ թաղը մի մարդու պես հավաքվում էր»,– հիշում է Հարություն Վարդանյանը։

1960-ականների սկզբին արդեն սկսեցին խոսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր կառուցելու մասին։ Այդպիսի հուշահամալիրի կառուցման մասին սկսեցին խոսել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի նշանակումից հետո։

Բայց մինչ կկառուցվեր Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամեծ հուշահամալիրը, 1965–ին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու քանդակագործ Արա Հարությունյանն անցնում են գործի ու ստեղծում առաջին հուշարձանը Երևանում։

Ճարտարապետ–քանդակագործ նույն զույգը, նույն տարում, նույն թեմայով մի հուշաքար էլ է ստեղծում, որ հետագայում Էջմիածնում` Մայր աթոռում է տեղադրվում։

Իսրայելյան–Հարությունյան ճարտարապետ–քանդակագործ զույգը

Աղբյուր-հուշարձանն ունի ուրույն սլացիկ հորինվածք. արծվի թևին պատկերված է հավերժության նշանը՝ հայ ազգի կենսական ոգու անմահության խորհրդանիշը։ Հուշարձանը հորինվածքով ներդաշնակում է հուշակոթողն ու աղբյուր-ցայտադբյուրի ուղղանկյուն բազալտե ծավալը։ Հուշարձանի գեղարվեստորեն շեշտված տարրերը խորհրդանշում են կյանքի վերածնունդը։

«Այս կողմերում  բոլորն արհեստավոր են, իրենք էլ սարքել են, հենց թաղում։ Քարը բերել են Գաջի գործարանի հանքից, գաղտնի սարքել են, մի օրվա մեջ էլ դրել են»,– հիշում է Հարությունը։

Հուշարձանի տեղադրումից հետո մեկ ամսից ավելի թաղի բնակիչները ստիպված են լինում իրար փոխարինելով հերթապահել հուշարձանի մոտ։

Այսօր թաղի մեծից փոքր  հուշարձանը պահում են իրենցինի պես՝ շատերը գուցե, լավ չեն էլ պատկերացնում, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհված առաջին ծաղիկները հենց այստեղ են դրվել։

Back to top button