ԿարևորՀասարակություն

«Մեծ եղեռնը վերապրածները». ոճրագործության մասին են աղաղակում թղթին հանձնված հուշերը

Օրերս ընթերցողի սեղանին դրվեց Մեծ եղեռնը վերապրածների ևս մեկ հուշապատում՝ Ինգա Ավագյանի «Իմ Կյանքը» վերնագրով գիրքը, որում Գևորգ Հմայակյանի հուշեր են։ Մեծ եղեռնը վերապրածների հուշապատումների գիրքը թվով վեցերորդն է պատմական գիտությունների թեկնածու Ինգա Ավագյանի մատենաշարում։ Հայոց Ցեղասպանությունը վերապրածների աչքերում էլ չենք կարող տեսնել սարսափն անցյալը հիշելիս, բայց այդ պատմությունները մշտապես կաղաղակեն թղթին հանձնված նրանց հուշերից։ Ինգա Ավագյանի «Մեծ եղեռնը վերապրածները» շարքը կշարունակվի, քանի դեռ աղաղակում են նոր սերնդի ականջին հասնելու իրենց հերթին սպասող վկայությունները։

Ցեղասպանության դժոխքից փրկվածների ձայները հետզհետե նոսրանալով՝ լռեցին 21-րդ դարասկզբին։ Սակայն այդ հրեշավոր ոճիրի մասին աղմկում են  աշխարհի դիվաններում պահված փաստաթղթերը, թղթին հանձնված վկայությունները։ Օրերս ընթերցողի սեղանին հայտվեց Մեծ եղեռնը վերապրածների ևս մեկ հուշապատում. Ինգա Ավագյանի «Իմ Կյանքը» վերնագրով գրքում Գևորգ Հմայակյանի հուշերն են։ Մեծ եղեռնը վերապրածների հուշապատումների գիրքը թվով վեցերորդն է պատմական գիտությունների թեկնածու Ինգա Ավագյանի մատենաշարում։ 

Ամեն ինչ սկսվեց 1996 թվականին, երբ երիտասարդ աղջիկը ստացավ Սոսե մայրիկի նամակն ու պարզեց, որ ազգականներ են։ «Գելիգուզանի ճակատամարտից հետո կորցրել է իր որդուն, սակայն դիակը չի տեսել և պարբերաբար նամակներ է գրել  բարեկամներին հարցումով՝ « Որդուս տեսե՞լ էք այդտեղ»»,- պատմում է Ինգա Ավագյանը:

Սոսե մայրիկն այդպես էլ չգտավ որդուն, բայց Ինգան պեղեց ու գտավ նոր վկայություններ, ցեղասպանական գործողությունների մասին պատմող նոր հիշողություններ ու ձեռնամուխ եղավ Մեծ եղեռնը վերապրածների հուշապատումները մատենաշարի վերածելուն։

Առաջին հատորում՝ «Ծննդավայրից դեպի Տեր Զոր» վերնագրով, Քաջունի Ղարագոզյանի հուշերն են։ Անավարտ հուշերն ամբողջացնելու համար արխիվներից գտավ ու ուսումնասիրեց Ամերիկայից ուղարկված նամակները։

«Ընտանիքը հասնում է մինչև Ակն, Սիամանթոյի ծննդավայրը, այնտեղ մայրը մահանում է, քանի որ ծառի տակ թափված չորացած թութ էր կերել ու աղիքային սուր վարակում ստացել։ Որբերը մնում են չամուսնացած հորաքրոջ հույսով։ Ճանապարհին Քաջունին տեսնում է, թե ինչպես է մայրը նորածին երեխային՝ իր Արշալույս քույրիկին նետում Եփրատի ջրերի մեջ։ Երեխային խեղդում է, որովհետև կերակրելն անհնար էր։ Երկու տարեկան եղբայրը՝ Հակոբը նույնպես մահանում է մանկատանը, երկու քույրերին առևանգում են, ինքը մի կերպ մազապուրծ է լինում։ Հետո ինչքան էլ ինքն ու մեծ քույրը՝ Ադրինեն, փորձում են միջնեկ քրոջը դուրս բերել թուրքերի տնից, չեն հաջողում։ Ի դեպ՝ մայրը Օզանյանների տոհմից էր»։

 «Հուշեր անցյալից» վերնագրով հաջորդ գրքում ֆիդայու զավակ՝ Հայրապետ Տոնոյանի հիշողություններն են։ Այս ընտանիքի տանջանքները խորհրդային տարիներին էլ են շարունակվում։

«Ֆիդայական ընդհարման ժամանակ թուրքերը սպանում են հորը։ Երեխան հորը չի տեսել։ Ընտանեկան ողբերգությունն այն է, որ երեք անգամ նրանք տեղից-տեղ են գաղթում։ 1915-ին գալիս են Ալեքսանդրապոլ, հետո՝ 1918 թվականին, երբ թուրքն առաջ է շարժվում, 20 թվականին՝ Մուստաֆա Քեմալի ժամանակ։ Շաքիի գերեզմանոցում թաղում են մորը, որովհետև ինչ-որ խոտաբույսեր էր կերել ու թունավորվել։ Մոր վերջին ցանկությունը մի խնձոր է եղել, որդիները մինչև լուսաբաց խնձորի ծառ են փնտրել ու այդպես էլ մոր համար չեն կարողացել մի խնձոր գտնել։  Դա էլ բավական չէ, 1937 թվականին նորից ընտանիքը հարված է կրում, որպես ազգի դավաճան դատապարտվում են աքսորի։ Հայրապետ Տոնոյանի որդին՝ Հայկը, պատմում էր, որ աքսորից վերադառնալիս միայն բութը և ցուցամատն էին մնացել աջ ձեռքի վրա, հավանաբար որոշումների տակ ստորագրելու համար»։

 Հաջորդ՝ «Բիթլիսյան ողբերգություն» գրքում  Ինգա Ավագյանը ներկայացրել է Միհրան Ղազարյանի հուշերը։

«Նաև շատ հետաքրքիր բան է գրում Վիլյամ Սարոյանի հորաքրոջ մասին, ասում է՝ «այբենարանը ձեռքիս գնում էի տիկին Փմփոյի մոտ տառերը սովորելու»։ Ամբողջ հուշապատումը ողողված է ծանր տեսարաններով, թե ինչպես էին թուրքերը կոտորում հայերին։ Այստեղ մի հետաքրքիր քարտեզ է զետեղված, որտեղ վերականգնված է «Արաբո կամուրջ» կոչված համակենտրոնացման ճամբարի դիրքը։ Հավաքում էին հայերին այդ համակենտրոնացման ճամբարներում և հետո Բիթլիսի լեռներից ներքև նետում։ Այնքան էին նետում, որ վերջին նետվածները ողջ էին մնում, քանի որ ընկնում էին դիերի փափուկ կույտի վրա։ Այդ սոսկալի պայմաններն են նկարագրված, և թե ինչպես է երեխան դուրս պրծնում այդ ճամբարից, իսկ մայրը, քույրն ու եղբայրը զոհվում են։ 1915-16 թթ-ին երեխան մնում է աղայի մոտ և ամենաուշագրավ դրվագը Անդրանիկի և կազակական զորքերի հարձակումն է, Բիթլիսի գրավումը։ Ասում է․«Աղան աղ ու հացով ուղարկեց ինձ, որ հայերին բերեմ, ու մի հատ էլ դրոշ էր տվել, որի վրա գրված էր, որ ես հայ եմ։ Մի տարի մնացել էի թուրքերի մեջ և թուրքերենով էի գոռում «Ես հա՛յ եմ, ես հա՛յ եմ»։ Կամավորները ձին կանգնեցրին և ասեցին․ «Այ շան տղա, որ հայ էս, ինչո՞ւ ես թուրքերեն գոռում»։ Նա արագ ցույց է տալիս թուրքերի պարագլուխների գտնվելու վայրը և կայծակնային գրոհով Անդրանիկը վերցնում է Բիթլիսը։ 

1916-ին երեխան հայտնվում է Ալեքսանդրապոլի որբանոցում, հետո բիթլիսեցի մի կին է որդեգրում ու պահում նրան»։

Ինգա Ավագյանի չորրորդ՝ «Հիշողություններ մեր ընտանիքի պատմության մի քանի պահերից» գրքում Ջաջուռում ծնված Աղասի Մակարյանի հուշերն են, թե ինչպես է ընտանիքը 1918 թ  գաղթում Կարս, հետո՝ նորից Ջաջուռ։

«Մակարյանը նաև ներկայացնում է Կարսում տիրող իրավիճակը, թե ինչպես էին հայերին հավաքել լցրել տները և հաց չտալով սովի մատնել։ Թուրքական իշխանությունները որպեսզի փամփուշտ չծախսեն հայերի վրա, փակել էին հայ ժողովրդին զորանոցներում և սովի մատնելով հաշվեհարդար էին տեսնում։ Հաջորդ դրվագը՝ փախստականները դուրս են գալիս Կարսից և կիրճերում թուրքական զորքերը կոտորում են ազգաբնակչությանը։ Գաղթականները փորձում են թաքնվել Ամերկոմի որբանոցի շենքերում, պահակները մահակներով խփելով ներս չեն թողնում, եթե այդքան ժողովուրդը ներս լցվեր երեխաները խեղդամահ կլինեին»։  Ցավոք՝ հրետակոծությունից ոչ գաղթականներն են փրկվում, ոչ էլ որբերը։

Հեղինակի հինգերորդ գիրքը՝ «Մեր գնդի ճակատագիրը», թե՛ Արևմտյան, և թե՛ Արևելյան Հայաստանում 1915-24 թթ-ին եղեռնը վերապրած երզնկացի պատանու՝ Հովհաննես Թչունյան-Հովհաննիսյանի հուշերի մասին են։ Օրերս լույս տեսած «Իմ կյանքը» վերնագրով վեցերորդ հատորը Գևորգ Հմայակյանի հուշապատումն է։

«Եթե մյուս բոլոր հուշապատումները նվիրված են Շիրակում և Գյումրիում հանգրվանած ընտանիքներին, ապա այս ընտանիքը Նիկոմեդիայի գավառից է, յուրահատուկ պատմություն ունի։ Գևորգ Հմայակյանը նշանավոր հնագետ Սիմոն Հմայակյանի հայրն է, 1915-ին է ծնվել, 40 օրական է եղել, երբ ընտանիքը բռնել է գաղթի ճամփան։ Ասում է․« Երկու օր մեծ մայրս էր ինձ տանում, չորս օր՝ հորեղբայրս»։ Գրքի առանձնահատկությունն այն է, որ Գևորգ Հմայակյանը նաև ստեղծագործող մարդ էր։ Նա մի շարք պատմվածքներ է գրել։ Նա «Թզբեխը» վիպակում պատմում է, թե ինչպես թուրքերը սպանում էին հայ կանանց և կտրված ստինքներից թզբեխներ էին պատրաստում, և ինչպես է Անդրանիկ անունով հերոսը հաշվեհարդար տեսնում Հասանի հետ, որը նման թզբեխ էր պատրաստել»։ 

Մեծ եղեռնը վերապրածների աչքերում էլ չենք կարող տեսնել սարսափը անցյալը հիշելիս, բայց այդ պատմությունները մշտապես կաղաղակեն թղթին հանձնված նրանց հուշերից։ Ինգա Ավագյանի «Մեծ եղեռնը վերապրածները» շարքը կշարունակվի քանի դեռ աղաղակում են նոր սերունդի ականջին հասնելու իրենց հերթին սպասող վկայությունները։  

Back to top button