ԿարևորՀասարակություն

Հայաստանում քրեականացվում է ցեղասպանության հրահրումը

ԱԺ- ում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որը լուրջ պատիժներ է սահմանում եւ  քրեականացնում ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Նախագիծը շրջանառության մեջ են դրել երեկ խորհրդարանական քաղաքական մեծամասնության պատգամավորները։

Նախագծի էությունը խորհրդարանականներին ներկայացնելու է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նա է գլխավոր զեկուցողը: Դեռ մեկ օր չի անցել, ինչ փաստաթուղթը դրվել է շրջանառության մեջ, բայց հակասական կարծիքներ են հնչում այդ նախաձեռնության առնչությամբ: Նախագիծն այս փուլում միանշանակ չի ընդունվել հանրության մի մասի կողմից: 

Ի՞նչ կապ ունի հայը ցեղասպանության հրահրման հետ և ինչո՞ւ է ժամանակակից Հայաստանում քրեականացվում ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:

Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերի մի հատված այս փուլում չի հասկանում, չի ընդունում կամ պարզապես դատապարտում է ԱԺ քաղաքական մեծամասնության այս նախաձեռնությունը: Կարծիքներին կարելի է հանդիպել հենց նախաձեռնողներից մեկի՝ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի «Ֆեյսբուքի» էջում: Գրառումների հիմնական միտքն այն է, որ նման օրենքը այսպես ասենք «հարիր» է Թուրքիային կամ Ադրբեջանին, բայց ոչ Հայաստանին։

Սոցիալական ցանցի օգտատերերը կարծում են, որ Հայաստանում ցեղասպանության կոչեր պարզապես չեն կարող լինել, քանի որ բնակչությունը մոնոէթնիկ է:  Դժգոհողները հիմնականում մեղադրում են քաղաքական մեծամասնությանը անիմաստ գործով զբաղվելու մեջ:   

Նախագծի հեղինակներն իրենց հերթին նշում են, որ առաջին հերթին առաջնորդվել են միջազգային օրենքներով և պարտավորություններով: 1993 թվականին Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Կոնվենցիան:

Այդ փաստաթղթի 3-րդ հոդվածը պատժելի արարքների թվին է դասում ոչ միայն ցեղասպանությունը, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, ցեղասպանություն կատարելու փորձը, հանցակցությունը, այլեւ՝ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: Հենց այստեղից է բխում երեկ խորհրդարանում շրջանառության մեջ դրված նախագիծը: Դրա ընդունումով կլրացվի այն բացը, որն այսօր կա քրեական օրենսգրքում` ասում են հեղինակները:

Նախագիծը որևէ այլ, քողարկված ազդեցություն չի կարող ունենալ ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Հայաստանի որդեգրած դիրքերի վրա: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյան.

«Եվ «Իմ քայլը» նախընտրական դաշինքի, և ՀՀ կառավարության ծրագրում ուղղակիորեն նշված է, որպես արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումն է:  Սա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խնդիրը վերաբերում է ոչ միայն մեզ՝ կառավարությանը կամ որևէ այլ պետական մարմնի, այլ հարցը վերաբերում է ՀՀ ցանկացած քաղաքացուն և աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի: Մեր արտաքին քաղաքական գերակայություններից է նաև ցեղասպանության հանցագործությունների կանխարգելումն ամբողջ աշխարհում: Մշտապես բոլոր դիվանագիտական հարթակներում մենք վառ ենք պահել այս գաղափարը և բոլոր գործընկերները մշտապես ընդգծել են հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը և ընդգծել են խորհրդարանների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:  Մենք հստակորեն պետք է նշենք՝ մենք հիշում ենք հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի, մենք շարունակաբար դատապարտում և դատապարտելու ենք հայոց ցեղասպանության եղելությունը որպես միջազգային ոճրագործություն և մենք պահանջել ենք, պահանջում ենք և շարունակելու ենք պահանջել դրա միջազգային իրավական անբարենպաստ հետևանքների վերացումը»,- ասաց Վարդանյանը:

Սրան զուգահեռ՝ Հայաստանի իշխանությունը կարծում է, որ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, քրեականացնելով ցեղասպանության հրապարակային և ուղղակի հրահրումը, ՀՀ-ն կշարունակի ցեղասպանությունների կանխարգելման գործընթացին ուղղված քայլերը՝ միաժամանակ ապահովելով Կոնվենցիայի շարունակական իրացվելիությունը:

Շրջանառության մեջ դրված նախագծով, ի դեպ, լուրջ պատիժներ են նախատեսվում՝ կախված ցեղասպանության հրահրման  ձևից և մասնակցությունից: Նման արարքի համար սահմանված է 8 տարուց մինչեւ ցման ազատազրկում:

Back to top button