ԿարևորՀասարակություն

Խորհրդավոր լույսի ու լռության 105-ամյա ցավը

Երեկ գիշեր մեր բոլորի բնակարաններում լույսերը մի պահ հանգեցին, մթնեցին գլխավոր փողոցները։ Իսկ մոմերի ու լապտերիկների լույսը բնակավայրերի վրա էր իջնում պատուհաններից։ Եվ այսպես մի քանի րոպե։ Ու այդ ընթացքում այստեղ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի   տարածքում, լռություն էր` խորհրդավոր լռություն։ Ու միայն դեպի երկինք խոյացող խորհրդավոր լույսն էր հիշեցնում, որ  մի ողջ ժողովուրդ ոգեկոչում է  20-րդ դարասկզբին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Ու նույն այս վայրում խորհրդավոր լռությունը ցրվեց «Արի իմ սոխակի» մեղեդիներով։

«Խորհրդավոր լույս». հենց այս նշանաբանով էլ մեկնարկը տրվեց   ապրիլի 24- ի հիշատակի միջոցառումներին։ 

Անցած հինգ տասնամյակներում առաջին անգամ դեպի հուշահամալիր տանող ճանապարհն այս օրը դատարկ է։ Կորոնավիրուսը փոխում է աշխարհը, փոխում է մարդուն, փոխում է ավանդույթները։

Բազմահազարանոց երթի փոխարեն Ծիծեռնակաբերդի բարձունքում միայն բարձրաստիճան պաշտոնյաներն են ու հոգեւոր դասը։ Բայց առանձին-առանձին։

Վարչապետ Փաշինյանը հենց բարձունքից օրվա ուղերձն է հղում, հորդորում մեր հայրենակիցներին  մնալ տանը։ Իսկ երթը տեղափոխվել է  վիրտուալ տիրույթ։ Վարչապետն առաջարկում է 1915  կարճ համարին ուղարկել անուն ազգանուն, եւ այսօր երեկոյից մինչև լուսաբաց   ուղարկողների անունները կարտապատկերվեն Ծիծեռնակաբերդի   հուշահամալիրի սյուների վրա: Ո՞րը պետք է լինի ապրիլի 24-ից մեր հետևությունը. իր ուղերձում նման հարցադրում է անում Նիկոլ Փաշինյանը։

Անմար կրակի մոտ  արդեն  նախագահ Արմեն Սարգսյանն է ծաղիկներ խոնարհում։ Իսկ օրվա ուղերձում էլ ասում է․

«Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:  Ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի,  հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար»:

Նախագահը նկատում է, որ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով, սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:

«Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի»,- ասվում է ուղերձում։

Հետո արդեն Ցեղասպանության հուշահամալիր է բարձրանում Հայոց եկեղեցու հոգեւոր դասը։ Աթողք է առ Աստված բարձրացնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։

Արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդում կսկսվի 11 ժամանոց համերգային ծրագիրը` շուրջ 160 մասնակիցների կատարումներով։ Ելույթ են ունենալու սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով և նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպերային երգիչներ։

Իսկ Մեծ եղեռնի հուշահամալիրի սյուների վրա արտապատկերվող անուն ազգանունները լինելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը ելնող բազմահազար հայերի, թեկուզ եւ վիրտուալ, բայց ավանդական երթի ապացույցը։

Back to top button