ԿարևորՀասարակություն

Թուրքական հասարակության մոտ 60 տոկոսը ինքնության ճգնաժամ ունի․ միջազգային հետազոտողների եզրակացությունը

Թուրք սուլթաններից որեւէ մեկը թուրքական ծագում չունի, քանի որ հարեմներում այլ ազգի կանայք էին հիմնականում։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վեր է հանում այն բարդ խնդիրը, որին այսօր բախվել է այդ երկիրը։ Որքան էլ  քաղաքական մակարդակով փորձ է արվում անտեսել  ինքնության հարցերը, յուրաքանչյուր ոք ուզում է եւ ձգտում է հասկանալ, թե ինչ արմատներ ունի։

Թուրքիան այսօր՝ ինքնության լուրջ ճգնաժամի մեջ։

Լալիս է երկինքը, ձայնում են եկեղեցու զանգերը, հնչում է բոլոր հայերին ծանոթ երգը, ամենքիս մտքում աղոթք է։ Այսպես լինում է ամեն տարի։ Յուրաքանչյուր հայ լուռ է այսօր։ Մտքերն  ակտիվ են։ Խռովվում է, ինքն իրեն հարցեր տալիս, հետո պատասխանում` ինքն իրեն, վիճում` իր հետ։ Այսպես այնքան, մինչեւ ներքին ուժը, լույսը կամ իմաստությունը, հուշում է՝ հանդարտվիր, շարունակիր ընթացքդ՝ հաստատակամ, պատկերը շուտով կպարզվի․․․

Ամենքս այսպես ենք ապրում այս օրը․․․Համբերատար սպասելով, հույսով ու աղոթքով:

Ինչպես է ապրում զրկողը, սպանողն ու հարվածողը։ Տարիներն անցնում են ու անընդհատ ծավալվելու, նվաճելու ճիգերով մոլեգնած ապրող երկրում մեծ բացը ավելի ու ավելի խորանում է։ Այդ երկիրն այսօր ինքնության պահպանման մեծ ճգնաժամի առջեւ է։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը պատմում է , որ ինքնության խնդրի բարդույթը երբեմն Թուրքիայի քաղաքացիներին դրդում է ծայրահեղության։

«Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ թուրքական հասարակությունն ունի այդ խնդիրը։ Ընդ որում տասնամյակներ շարունակ այդ հասարակությունը գտնվում է սկզբում փնտրտուքների, հետո նաեւ ինքնության ճգնաժամի մեջ, եւ դրա պատճառներից մեկը կարող ենք համարել ցեղասպանությունը, քանի որ հայերին կնության են առել ու նրանցից ծնված սերունդների մոտ սկսվել է ինքության ճգնաժամ։ Այսինքն նրանք դաստիարակվել են  որպես հակահայ թուրքեր, ազգայնամոլ թուրքեր, հետո հասկացել են, որ կիսով չափ հայ են, կամ գեներում կա իրենց համար ատելի ազգի արյունը»,- ասում է թուրքագետը։

Հայեր,  հույներ, բուլղարներ, սլավոնական ժողովուրդներ․․․  ձուլման քաղաքականություն վարած երկրի մեծ մասը խառնածիններ են, ինչը բարդույթներ է առաջացնում ու սկսվում է պայքար՝ ինքնության ճգնաժամ:

«Հավաքական բարդույթներից մեկը ինքնության ճգնաժամն է։ Մարդը կարող է նայել հայելու մեջ ու տեսնել, որ մոնղոլոիդ մարդաբանական տիպի որեւէ հատկանիշ չունի։ Եթե գենետիկ հետազոտություն արվի, կպարզվի, որ մեծ մասը թյուրքեր չեն։ Գերմանացի հետազոտողների ուսումնասիրությունը պարզել է, որ Թուրքական հասարակության մոտ 60 տոկոսը ինքնության ճգնաժամ ունի»,- նշում է Մելքոնյանը։

Թուրքիայի նախագահը հասկանալով ճգնաժամից բխող հետեւանքները, արմատավորում է միտքը, թե Թուրքիայի քաղաքացիները երկու ինքնություն ունեն՝ վերին ինքնություն եւ ներքին ինքնություն եւ, որ պետության համար կարեւոր խնդիրները վերին ինքնության կարեւոր խնդիրներ են, արմատները կարեւոր չեն։

Սակայն անկախ նրանից, թե ով ես ու ինչ դիրք ես գրավում, ուզում ես պարզել արմատներդ, գնալ խորքերն ու գտնել ինքդ քեզ, ու սրա դեմ անզոր է խորամանկ կերպով մտածված որեւէ քաղաքականություն։

Back to top button