ԿարևորՄիջազգային

Եղեռնի մասին Ուկրաինայի ԱԳՆ տեղակալի կարծիքը չի արտացոլում մի ողջ ժողովրդի մոտեցում․ բացառիկ հարցազրույց Դարյա Վոլոդինայի հետ

Օրերս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան լայն հասարակության սեփականությունն էր դարձրել երկրի փոխարտգործնախարարի շրջաբերականը օրենսդիրներին, որում հորդրում էր նրանց զերծ մնալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումից ու «ցեղասպանություն»  եզրույթն օգտագործելուց՝ Թուրքիային չնեղացնելու համար։

Դարյա Վոլոդինան բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» ` մեկնաբանելով իր քայլը և անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացմանն ուղղված իր և գործընկերների քայլերին։

«Իմ կարծիքով` դա բացառապես մեկ առանձին չինովնիկի մոտեցում  է, և անշուշտ չի կարող բնութագրել բոլոր ուկրաինացիների վերաբերմունքը։ Այդ պատճառով էլ ես վրդովվեցի․ չի կարող մի չինովնիկ իր կարծիքը պարտադրել ամբողջ  երկրին, առավել ևս ինչպես տեսնում ենք` Ուկրաինան հարգանքով է վերաբերվում Հայաստանին», — «Ռադիոլուրին» տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ուկրաինայի փոխարտգործնախարարի նամակը բնութագրում է Կիև-Երևան ներկա հարաբերությունները, ասում է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, իշխող «Սլուգա նարոդու»  կուսակցությունը ներկայացնող Դարյա Վոլոդինան։

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոնդարի ստորագրությամբ օրերս պաշտոնական գրություն էր ուղարկվել Գերագույն ռադա, որով դիվանագետը հորդորում էր  խորհրդարանի պատգամավորներին ապրիլի 24-ի նախաշեմին զերծ մնալ հայ համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառումներին մասնակցելուց, և ամենակարևորը՝  հրապարակային հայտարարություններում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չորակել:

Այս նամակին մեծ հնչեղություն ապահոված  «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ Դարյա Վոլոդինան՝ պաշտոնական փաստաթղթի պատճենը հրապարակել էր  իր ֆեյսբուքյան էջում։ «Ռադիոլուրի»  հետ  զրույցում էլ վստահեցրեց, որ այսօր բարեկամության խմբի անդամների  ու  իրենց միանալ ցանկացող այլ պատգամավորների անունից նամակ են հղելու երկրի արտաքին գործերի նախարարություն՝  հորդորելով հետ կանչել Բոնդարի գրությունը։ Նաև ասաց, որ խորհրդարանում այսօր Հայաստանի հետ բարեկամության խումբը կհիշատակի Հայոց ցեղասպանության զոհերին։

«Գիտենք, որ կարանտինի պայմաններում բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են, բայց  վստահ եմ՝ բարեկամության խմբի անդամները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհետրի հիշատակը»։

Անդրադառնանք փոխարտգործնախարար Բոնդարի  ուղերձի բովանդակությանը: Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետի  նամակում արտացոլվում են իրողություններ, որոնք  փորձագիտական շրջանակներում բարձրաձայնվում են պարբերաբար։  Բոնդարը նշում է․ «Մեր երկրի մոտեցումն այս հարցում անփոփոխ է` Ուկրաինան չի ճանաչում «հայոց ցեղասպանությունը» և  շարունակում․ «միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանը, որը ավանդաբար հետևում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղենիշին, հետևողականորեն դեմ է քվեարկում Ուկրաինայի համար կենսական կարևորություն ունեցող որոշումներին և բանաձևերին, բացի այդ՝ Հայաստանը 1932-33 թվականներին Ուկրաինայում տեղի ունեցած Գոլոդոմորը չի ճանաչել որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»։

Ուկրաինայի փոխարտգործնախարարն իր նամակում միաժամանակ Կիևի և Անկարայի հարաբերությունները ավելի քան բարձր է գնահատում` հատուկ ընդգծելով, որ ցեղասպանության հարցը «չափազանց զգայուն խնդիր է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար:

Իշխող կուսակցությունը ներկայացնող  պատգամավոր Դարյա Վոլոդինան «Ֆեյսբուք»-ում խստորեն քննադատել է նամակում տեղ գտած  մոտեցումները, գրել է, որ ինքը դեռ անցյալ տարի ԱԳՆ ներկայացուցիչների հետ շփումից հետո հասկացել է, որ այդ նրանք  խորը  անտարբերություն ունեն Ուկրաինայի և երկրի առանձին քաղաքացիների ճակատագրի նկատմամբ։

«Նման «երջանկության նամակներ», իմ ունեցած տեղեկություններով, ԱԳՆ-ն պետական օղակներ  հղել է դեռևս նախագահ Պորոշենկոյի ժամանակ։ Հասկանում եմ, որ նախարարի տեղակալը որոշել է շարունակել այդ ավանդույթը։ Մոռանալով, որ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել՝ մենք շարունակում ենք տարբեր երկների պիտակավորել որպես Կրեմլի գործակալներ․  լեզուս չի պտտվում դիվանագետ անվանել մի անձի, որը կարող էր նման բովանդակությամբ նամակ հղել»,- շարունակել  է Վոլոդինան՝ հիշեցնելով․ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Իտալիան, Գերմանիան, Պորտուգալիան, Կանադան, Չեխիան, Շվեյցարիան։  Նրա խոսքով՝  մեծ հարգանք տածելով Ուկրաինայի  ռազմավարական գործընկերների նկատմամբ, այնուամենայնիվ նման նամակներից   պետք է ձեռնպահ մնալ, այն էլ՝  ԱԳՆ անունից։ 

Վասիլի Բոնդարը, ինչպես տեղեկանում ենք նրա պաշտոնական կենսագրությունից,  դիվանագիտական կարիերայի ընթացքում երկար տարիներ աշխատել է Թուրքիայում․ նախ՝ Անկարայում իր երկրի դեսպանատանը, այնուհետև Ստամբուլում՝ զբաղեցնելով Ուկրանայի հյուպատոսի պաշտոնը։ Բայց պաշտոնական նամակն, իհարկե  չի կարող արտացոլել բացառապես Բոնդարի անձնական մոտեցումը։

Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ մշտապես եղել են ջերմ՝ առանց ակնհայտ հակասությունների։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարեվերջին պաշտոնական այց կատարեց  Ադրբեջան․ լրատվամիջոցները հայտնում էին, որ, ի սկզբանե, այցը հարավկովկասյան էր, բայց Վրաստանում այդ պահին տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով, որոշում կայացվեց սահմանափակվել միայն Ադրբեջանով։ Զելենսկին Բաքվում հայտարարեց, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Երկու ամիս առաջ էլ՝  փետրվարին, պաշտոնական այցով Կիևում էր  Թուրքիայի նախագահը։  Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող ռազմական աջակցություն խոստացավ  Կիևին՝ ևս մեկ անգամ հայտարարեց,  որ «չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը»։  Փետրվարյան այցի ժամանակ լրատվամիջոցերը ընդգծում էին հատուկ ուշադրությունը, որով Կիևում ընդունում էին Թուրքիայի առաջնորդին։

«Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից», — անցյալ տարվա ամռանը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ նախագահ Վլադիմիր Զելենսկուն հղած իր ուղերձում ընդգծել էր ՀՀ վարրապետը։  Հայ–ուկրաինական  հարաբերությունների զարգացման մասին նշելիս` Փաշինյանը կարևորել էր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։  Բացի այդ, Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունը, ըստ նրա,  լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում։

Հայ-ուկրաինական բարեկամական կապերը խորացնում է նաև անցյալ-տարվա աշնանը ստեղծված Ուկրաինա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը, որի փոխնախագահ Դարյա Վոլոդինան մեզ փոխանցում է․ ակտիվ աշխատում են, քննարկում երկու երկներում անցկացվող բարեփոխումները։ Կարծում է՝  մշակութային, տնտեսական կապերի էլ ավելի խորացումը կարող է բերել նաև բարեկամական հարաբերությունների խորացման։

«Անցյալ տարի մենք ընդունել են բարեկամության խորհրդարանական խմբին Հայաստանից, իսկ այս տարի մենք ենք ծրագրում այցելել Հայաստան։ Հուսով ենք, որ կարանտինի ավարտից  անմիջապես հետո կունենանք այդ հրաշալի երկիր այցելելու հնարավորություն, անցկացնելու հանդիպումներ, բանակցություններ, իրականացնելու  փորձի փոխանակում»,- ասում է Վոլոդինան։

Back to top button