ԿարևորՀասարակություն

Հայտնի են «Ավրորա» 2020-ի հավակնորդները

Այս տարի «Ավրորա» մարդասիրական մրցանակը մեծարում է չորս բացառիկ հերոսների Աֆղանստանում աղջիկներին կրթություն տրամադրելու, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղահանվածներին օգնության ձեռք մեկնելու, Միջերկրական ծովում փախստականներին փրկելու եւ Սոմալիում խաղաղություն բերելու ձգտման ազնիվ նվիրումի համար:

2020թ․ «Ավրորայի» հերոսներն են Սաքինա Յակուբին, Անժելիկ Նամայկան, Կլաուս Ֆոգելը եւ Սոֆի Բոն, Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը։ Թե ով կլինի նրանցից հաջորդ մրցանակակիրը, կիմանանք արդեն աշնանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 

Back to top button